«Մենք չենք ուզում լսում կազմակերպել, թե կարագն ինչու է թանկացել, որովհետև նորվեգացոնց հետ հարց չունենք». Էդմոն Մարուքյան

«Երթը հանրային միջոցառումներից մեկն է և մեկնարկն ընդդեմ այդ թանկացումների: Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում. մենք ասում ենք` այս թանկացումները բոլորիս է վերաբերում, կապ չունի՝ ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի՝ ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ: Դա որևէ էական նշանակություն չունի: Մենք բոլորին կոչ ենք անում միասին դուրս գալ պայքարելու: Առանձին պայքարը, եթե առանձին վարորդները, առանձին ուղևորները պայքարեն, դա արդյունք չի տալու»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով գազի թանկացման դեմ այսօր վարորդների բողոքի ակցիային:

Ըստ նրա` երթի մասին «Ելքի» ծանուցումը քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել, և բոլորով պետք է միասին դուրս գալ փողոց. «Միայն այդ դեպքում իշխանությունները կգնան զիջումների, և Հարկային օրենսգիրքը կփոխվի»:

Է.Մարուքյանի խոսքով` 1000 խմ սեղմած գազի ակցիզային հարկը 25 հազար դարձնելը նշանակում էր, որ այն ազդեցություն ունենալու է, և այսօր դա երևում է:

Պատգամավորը նշեց, որ հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետև մի կողմից՝ կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից՝ կա հարկային փոփոխությունը, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը: Է.Մարուքյանի կարծիքով` կա՛մ տնտեսվարողները պետք է ուղեվարձը թանկացնեն, որը կրկին բողոքի ալիք կբարձրացնի, կա՛մ գան այս շենք և փոխեն Հարկային օրենսգիրքը:

Անդրադառնալով թանկացումների խնդրի շուրջ ԱԺ-ում հունվարի 23-ին կայանալիք լսումներին` Է.Մարուքյանը նշեց, որ այն իրենց երթից հետո է, և պարզ չէ, թե փորձագետներն ինչ նոր բան պետք է ասեն.

«Մենք չենք ուզում լսում կազմակերպել, թե կարագն ինչու է թանկացել, որովհետև նորվեգացոնց հետ հարց չունենք: Լուծումն առաջարկել ենք` Հարկային օրենսգիրքը պետք է փոխել, նվազագույնը՝ ետ գալ այն նույն իրավակարգավորումներին, որ կար մինչև հունվարի 1-ը»:

Է.Մարուքյանը նաև նկատեց, որ երթուղիները շատ վատ վիճակում են, զուր չէ, որ իրենք ասում են՝ «հուսահատության գազել»:

Եթե երթի արդյունքում իշխանությունը զիջումների չգնա, ապա, Է.Մարուքյանի խոսքով, կլինի երկրորդ, երրորդ ավելի մեծ զանգվածային միջոցառումները, կարող է ակցիա կամ ցույց լինել, չի բացառվում նաև նստացույցը:

«Մենք հիմա ամբողջ ուժերը կոնսոլիդացնում ենք երթի վրա և մեր քաղաքացիներին կրկին կոչ ենք անում գալ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակ հունվարի 19-ին, ժամը 17-ին»,- հավելեց պատգամավորը:

Տեսանյութեր

Լրահոս