«Հայաստանում բունտի մեծ հավանականություն կա». ՀՀԿ-ական նախկին պատգամավոր. «Իրատես»
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանը «Իրատեսի» հետ զրույցում չբացառեց, որ հնարավոր է ոմանց ագահության պատճառով են որոշ ապրանքատեսակների գները բարձրանում:
-Պարոն Հարությունյան, այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մտահոգում են թանկացումները: Սերժ Սարգսյանը, անդրադառնալով այս խնդրին, հրահանգել էր պարզել՝ թանկացումներն օբյեկտի՞վ իրողություն են, թե՞ ոմանց ագահության արդյունք: Ձեր դիտարկմամբ, Հայաստանում ո՞ր պարագան է ավելի շատ հանդիպում:
-Կարծում եմ՝ ագահությունը: Թանկացումներն այդ աստիճանի չպետք է լինեն, գերշահույթ ստանալը մեր գործարարների կարծես սուրբ նպատակն է: Նույնիսկ միջազգային ստանդարտներին չեն համապատասխանում այս թանկացումները: Հետևապես այս ամենի հետևում մարդկանց ագահությունն է, ոչ թե միջազգային գների տատանումները:
-Իսկ ագահության դեմ ինչպե՞ս պայքարենք:
-Ագահության դեմ պետք է պետությունը պայքարի: Անհրաժեշտ է պետական միջամտություն: Չնայած ասում են՝ մեզ մոտ ազատ շուկայական հարաբերություններ են, և պետության միջամտությունը նվազագույնի է հասցված, այդուհանդերձ, երբ արհեստականորեն գները բարձրանում են, պետությունը շատ խիստ միջամտություն պետք է ցուցաբերի:
-Մեր իշխանությունը կգնա՞ միջամտելու ճանապարհով:
-Եթե չգնա, սոցիալական բունտ կառաջանա, ինչպես Իրանում և մնացած այլ երկրներում, որտեղ սոցիալական մեծ խլրտումներ են առաջանում: Հայաստանում ևս բունտի մեծ հավանականություն կա:
-Մինչև ապրիլ սոցիալական բունտը իշխանություններին հազիվ թե ձեռնտու լինի, դա կարող է վերադասավորումների նախապես գծած նրանց սցենարը վտանգել:
-Նշանակություն չունի՝ բունտն ապրիլին կլինի, սեպտեմբերին, թե հոկտեմբերին, միևնույն է, եթե գերշահույթ հետապնդելու համար են այդ թանկացումները, այսինքն, ագահության դրսևորում են, ուրեմն բունտ լինելու է:
-Հայաստանում պարբերաբար նման թանկացումներ լինում են, սակայն հասարակությունը ոչ միայն բունտ չի անում, նույնիսկ բողոքի ցույցերի էլ դուրս չի գալիս: Ինչո՞ւ, համակերպվե՞լ է, թե՞ բողոքն այնքան չի հասունացել, որ բունտի վերածվի:
-Դժվարանում եմ ասել, թե ինչու բողոքը բունտի չի հասնում: Թանկացումները շատ դեպքերում նաև միջազգային գներով են պայմանավորված, սակայն հաճախ էլ չհիմնավորված են: Այո, հնարավոր է սոցիալական բունտ չլինի, քանի որ ժողովուրդը համակերպվել է այդ իրողություններին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: