«Վատ է, որ խաբեցին, փափուկ բարձ դրեցին գլխիս տակ». Վահրամաբերդի բազմազավակ բնակչուհի
168.am-ին է դիմել Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի թիվ 12 փողոցի, 4-րդ տնակի բնակչուհի Իրինա Ստեփանյանը:
Գյուղի տնակում բնակվող բնակչուհին բողոքում է իրեն տրամադրված սեփական տան կոմունալ անհարմարություններից, որը չունի ներքին հարդարում, ոչ զուգարան, ոչ բաղնիք:
«Տնակում եմ բնակվում: Միակողմանի, բազմազավակ մայր եմ, երեխեքս միակողմանի ծնողազուրկ են: 5 երեխա ունեմ` 3-ն՝ անչափահաս, 2-ը չափահաս են: Տուն ստանալու համար դիմել եմ պատկան մարմիններին: Էն ժամանակ արձագանք եղավ, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկանում է տուն նվիրել մեր ընտանիքին: Շատ ուրախացա: Ինձ զանգահարեցին այն հարցով, թե որ համայնքում եմ ուզում տուն ստանալ: Ես էլ ասացի, որ՝ Վահրամաբերդում, քանի որ ամուսինս այնտեղ էր մահացել: Այն ժամանակ մեծ տղաս Ղարաբաղում էր ծառայում, քառօրյա պատերազմին էլ մասնակից է եղել:
Տունը հատկացնելու համար միջնորդները եղել են այն ժամանակվա Գյումրու քաղաքապետարանի պաշտոնյաներից Գյումրու քաղաքապետարանի համատիրությունների մոնիտորինգի բաժնի ղեկավար Շիրակ Շահնազարյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այն ժամանակվա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ովքեր տեղյակ են եղել, թե ինչ վիճակում է գտնվում այն տունը, որը գնել և ինձ էին նվիրելու: Ես չէի պատկերացնում, որ էդ տանը 10 տարուց ավելի մարդ չի ապրել, բաղնիք, զուգարան չունի:
Իմ մտքով չանցավ, որ այն ահավոր վիճակում է գտնվում: Պատուհանները՝ ևս: Հովիկ Աբրահամյանին էլ զանգել, ասել են, թե՝ տիկնոջը տունը ցույց ենք տվել, ամեն ինչ նորմալ է, ինքը հավանել է տունը: Ներս մտա, տունը մո՜ւթ, հեռախոսի ֆանարով ցույց կուտամ տան վիճակը: Փաստորեն գիտեցել են, որ լույս, ջուր չի եղել, ու էդ ձևով տունն ինձ են տվել: Ճիշտ է, մի կողմից լավ է, բայց մյուս կողմից վատ է, որ խաբեցին, փափուկ բարձ դրեցին գլխիս տակ: Ինձ խոստացան, որ Սամվել Բալասանյանը 1000 դոլար կտա՝ տան ներքին հարդարման աշխատանքների իրականացման համար, երեխաներով դոմիկից կտեղափոխվենք տուն, կապրենք: Գարունը բացվավ, ոչ Շիրակ Շահնազարյանը երևաց, ոչ Սամվել Բալասանյանը:
Պատկերացրեք, 5 երեխա կմեծացնեմ, հազիվ սնվելու հարցը կլուծեմ: Հնարավոր չէ այսպես ապրել, գոնե օգնեն, տան ներքին հարդարման հարցը լուծվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս խոսքով, երբ երկրորդ օրն իրենց մոտ են այցելել, նոտարով, կադաստրով հաստատված թղթերը ձևակերպել են, դռան բանալին իրեն են հանձնել, և, երբ բացել է տան դուռը, արդեն նկատել է, որ տունը խնդիր ունի:
«Ասացին՝ գարունը բացվի, ամեն ինչ կանենք: Բայց հեչ բան չարեցին, մենակ գյուղապետը ջուրը քաշեց, տռուբեքով, կռանտով: Հմի հնարավոր չէ ապրել էդ տան մեջ: Աստիճանն էլ բլավ, ընկավ վար: Սամվել Բալասանյանի մոտ գնացի, ասեցի՝ պարոն Բալասանյան, դուք խոստացել էիք 1000 դոլարի սահմանում հարդարում անել, կխնդրեմ օգնեք էդ հարցով: Ինքն էլ դառավ ըսավ՝ ես էդ հարցով չեմ օգնե, ըսավ՝ ի՞նչ էնեմ՝ խոստացել եմ, տղուդ ինչքա՞ն է մնացել ծառայելու, 4 ամիսը լրանա, տղեդ ծառայությունից գուկա վերանորոգումը կենե, Մոսկվան էլ միանգամից չկառուցվավ: Նստածս տեղը շշմա, քարացա»:
Անահիտ Սիմոնյան