
Լոնդոնում շրջափակել են ԱՄՆ դեսպանատան շենքը կասկածելի առարկայի պատճառով

Լոնդոնի ոստիկանությունը շրջափակել է ԱՄՆ դեսպանատան շենքը՝ կասկածելի առարկայի հայտնաբերման պատճառով։ Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի իրավապահ մարմինների հայտարարության մեջ։
«Մեզ հայտնի են առցանց տիրույթում շահարկումները Նայն Էլմսի շրջանում ԱՄՆ դեսպանատան մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին: Որպես նախազգուշական միջոց՝ այդ գոտում ոստիկանությունը շղթա է կազմել, սպաներն ուսումնասիրում են կասկածելի առարկան», – ասված է X սոցիալական հարթակում Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ տարածքում լսված ուժգին դղրդյունը եղել է իրավապահների կողմից իրականացված վերահսկվող պայթյուն:
«Հետաքննությունը դեռ շարունակվում է, և շրջափակումն առայժմ կպահպանվի», – պարզաբանել են ոստիկանությունում: