«Կոչ եմ անում անդամակցել Հայաստանի ժուռնալիստների միությանը և միասին պայքարել ոլորտի խնդիրները բարեփոխելու ուղղությամբ». Սաթիկ Սեյրանյան
Ներկայացնում ենք Սաթիկ Սեյրանյանի ելույթը Հայաստանի ժուռնալիստների միության 12-րդ համագումարում
Արագ փոփոխվող աշխարհում ժամանակակից քաղաքական, տնտեսական, հասարակական, մշակութային և, որ չափազանց կարևոր և առաջնահերթ է՝ Տեղեկատվական տեխնոլոգիական հեղափոխության մարտահրավերների պայմաններում, աշխարհի բոլոր երկրներում մամուլը կանգնել է լուրջ անելիքների առջև։ Առկա մամուլի տեսակները և այդ մարտահրավերներով պայմանավորված՝ նոր առաջացող մամուլի բազմազանությունը, մեդիա-դրսևորումները և գործիքակազմը բոլորովին նոր իրավիճակ և աշխատանքների կազմակերպման, մասնագիտական էթիկայի, առհասարակ՝ խաղի նոր կանոններ, խնդիրների և արժեքային համակարգի վերագնահատում են պահանջում։
Մեդիա հանրությունն այդ փոփոխությունների ոչ միայն առաջին կրողն ու գործածողն է, այլև հասարակության մեջ այդ խնդիրների բարձրաձայնողը, տեղեկացնողը, գաղափարների տարածողը, ցավոտ հարցերի ահազանգը հնչեցնողը։
Խորհրդային կարգերի փլուզումից հետո տարբեր երկրներում ստեղծագործական նախկին միություններից շատերը վերագնահատելով իրականությունը՝ ներսից՝ բովանդակային, ինստիտուցիոնալ առումով վերափոխվեցին՝ զուգահեռ ընդլայնելով դերակատարման և գործառույթների շրջանակը։
Ինքս երկար տարիներ աշխատելով տպագիր մամուլում, ռադիոկայանում, հեռուստաընկերությունում, առցանց մամուլում՝ թե՛ որպես լրագրող, թե՛ գլխավոր խմբագիր և հեռուստահաղորդման հեղինակ-վարող, լավագույնս պատկերացնելով և ինքս ինձ վրա կրելով այդ բոլոր խնդիրները և ազդեցությունները՝ շատ լավ պատկերացնում եմ Հայաստանի ժուռնալիստների միության հնարավոր դերակատարումն այս նոր մարտահրավերների պայմաններում։
Որտեղ եմ տեսնում Հայաստանի ժուռնալիստների միության և, մասնավորապես, ընտրվելուս դեպքում՝ ՄԵՐ ՄԻԱՍԻՆ անելիքը։
Գործող լրագրողներս, մեր երկրում նոր իշխանություն և կառավարություն ձևավորվելիս, շատ հաճախ ասում ենք՝ նախընտրական կամ այլ որևէ ծրագրի անհրաժեշտություն չկա, բավական է կատարել ՀՀ Սահմանադրության պահանջները, և բազմաթիվ խնդիրներ շատ արագ կլուծվեն, իրավիճակը կբարելավվի։ Որևէ նույնիսկ սկսնակ լրագրող այսօր կարող է թվարկել մեր ոլորտում առկա խնդիրներն ու առաջնային հարցերը։
Ինչո՞ւ եմ սա ասում. Հայաստանի ժուռնալիստների միության կանոնադրության մեջ շատ լավ շարադրված են միության նպատակները, անելիքներն ու գործառույթները։ Այն իր կանոնադրական գործառույթներով և հնարավորություններով, և հետագայում էլ զարգացնելով միջազգային պրոֆեսիոնալ մեդիա և ժողովրդավարական հարթակների հետ համագործակցությունը, կարող է նպաստել Հայաստանում ազատ և անկողմնակալ, պրոֆեսիոնալ լրագրության զարգացմանը։ Ժուռնալիստների միությունը ոչ միայն պետք է բարձրաձայնի և պաշտպանի մեդիա հանրության ներկայացուցիչների իրավունքներն ու շահերը, այլև պետք է գործնականորեն նպաստի օրենսդրական դաշտի, իրավական կարգավորումների բարելավմանը։
Լրագողները մշտապես աշխատում են ռիսկային պայմաններում՝ բախվելով բազմաթիվ դժվարությունների հետ՝ դառնալով սպառնալիքների թիրախ և հաճախ ենթարկվելով քաղաքական և տնտեսական ճնշումների: Եվ դա միայն հայաստանյան երևույթ չէ։
Հայաստանի ժուռնալիստների միությունը ոչ միայն պետք է սատար կանգնի և պայքարի նման երևույթների դեմ, այլև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գա՝ հասնելով այնպիսի փոփոխությունների, որոնք կփոխեն խոսքի ազատության միջավայրը՝ բարելավելով լրագրողների անվտանգ աշխատանքը։
Այս իմաստով, կարծում եմ, լրագրողների, լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործընթացների, սպառնալիքների դեպքում Հայաստանի ժուռնալիստների միությունը պետք է կարողանա աջակցել լրատվամիջոցներին՝ անհրաժեշտության դեպքում իրավաբանական խորհրդատվություն մատուցելով։
Ժուռնալիստների միությունը մասնագիտական կառուց է, հետևաբար՝ պետք է նպաստի լրագրողական հանրույթին հուզող խնդիրների կարգավորմանը, պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը՝ մասնագիտական ներքին և արտաքին խնդիրների քննարկումների, մասնագիտական հմտությունների ձեռքբերման, միջազգային փորձի փոխանակման լուրջ հարթակի. կոնֆերանսների, աշխատանքային-էքսպերտային քննարկումների, որտեղ կքննարկվեն նեղ մասնագիտական, լրագրողական էթիկայի հարցերից մինչև մեդիայի հետ առնչվող տնտեսական, քաղաքական, իրավական հարցեր։
Հայաստանի ժուռնալիստների միությունը պետք է աջակցի լրագրողների (անկախ տարիքային և սերնդային սահմանափակումից) մասնագիտական, այդ թվում՝ նոր տեխնոլոգիական հմտությունների, վարպետության բարձրացմանը՝ թրեյնինգների, հայաստանյան և միջազգային էքսպերտների ներգրավմամբ վերապատրաստման դասընթացների տեսքով։
Պետք է վերագնահատել և վերաձևավորել Հայաստանի ժուռնալիստների միության լրագրողական էթիկայի կանոնները՝ դրանք համապատասխանեցնելով ժամանակակից մեդիայի պահանջներին։ Հայաստանի ժուռնալիստների միությունն իր մասնագիտական հեղինակությամբ պետք է կարողանա լրագրողական էթիկայի հետ կապված խնդիրներում ԱՐԲԻՏՐԻ դերակատարում ունենալ։
Այսօր չափազանց կարևոր են լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանը, նրանց իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերը:
Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան Եվրամիության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում պատրաստվում էր Հայաստանում և մեր տարածաշրջանի այլ երկրներում նպաստել մասնագիտական՝ լրագրողական արհմիությունների ստեղծմանը։ Լրագրողի համար որևէ երկրում դժվար է միայնակ պայքարել իր իրավունքների համար, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է արհմիության ստեղծումը։ Զարգացած, ժողովրդավարական երկրներում արհմիությունները պայքարում են իրենց անդամների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ապահովելու, նրանց հեղինակային իրավունքները պաշտպանելու, սոցիալական որաշ հարցերի կարգավորման ուղղությամբ:
Ցավոք, Հայաստանի ժուռնալիստների միությունը չունի մասնագիտական և հասարակական, քաղաքական հանրության շրջանում այն հեղինակությունը, որը պետք է ունենար՝ որպես ՉՈՐՐՈՐԴ իշխանություն և այդ իշխանության մասնագիտական շահերի, սկզբունքների, իրավունքների ձևավորմանն ու դրանց կյանքի կոչմանը նպաստող հարթակ։ Գործող պրոֆեսիոնալ լրագրողների մեծ մասը տարիներ շարունակ անիմաստ է համարել միությանն անդամակցելը։ Ավելին, անիմաստ են համարել այս կառույցի գոյությունն առհասարակ։ Եթե նախկինում շատերը, անգամ՝ տաքսի ծառայությունների վարորդները, կարողանում էին հեշտությամբ գտնել Ժուռնալիստների միության շենքը, այսօր հազվադեպ մարդիկ գիտեն, որ այդպիսի շենք գոյություն ունի, այն ճանաչվում է՝ որպես հումորային հայտնի ակումբի շենք։ Ցավալի է, բայց փաստ։
Բայց։ Ես բոլորովին չեմ ցանկանում միության առկա խնդիրներում մեղադրել նախկին ղեկավարությանը։ Ամենևի՛ն։ Տիկին Աստղիկ Գևորգյանը և միության տարբեր տարիների վարչությունները փորձել են դժվարին պայմաններում անել հնարավորը, ինչի կապակցությամբ, չնայած մեր մասնագիտական կամ այլ տարաձայնություններին, ես Շնորհակալություն եմ հայտնում նրան։ Մենք՝ լրագրողներս, պետք է աջակցենք, հզորացնենք՝ լրագրողական մեր հանրույթի շահերը ներկայացնող և սպասարկող հեղինակավոր կառույց դարձնելով այս միությունը։ Միայն հզոր, հեղինակավոր և լիազորություններով օժտված լուրջ կառույցը կարող է դերակատարում ունենալ և որևէ բան անել, առավել ևս՝ որևէ իրավիճակի վրա ազդեցություն ունենալ։
Մամուլի բոլոր միջոցներում աշխատող իմ գործընկերներին, անհատ լրագրողներին կոչ եմ անում անդամակցել միությանը և միասին պայքարել ոլորտի խնդիրները ոչ միայն՝ բարձրաձայնելու, այլև՝ բարեփոխելու ուղղությամբ։ Ձեր բոլորի աջակցությամբ, բոլորիս հեղինակությամբ և պրոֆեսիոնալ բծախնդրությամբ փորձենք դիմակայել ոչ միայն մամուլի, խոսքի ազատության առջև ծառացած արտաքին մարտահրավերներին, այլ, որ չափազանց կարևոր է, մեր ներքին՝ լրագրության պրոֆեսիոնալ, բարեխիղճ և գրագետ սկզբունքների և գործունեության առջև ծառացած խնդիրները կարգավորենք։
Իմ բոլոր գործընկերներին կրկին շնորհակալություն եմ հայտնում պրոֆեսիոնալ աջակցության համար։