Բաժիններ՝

«Մեր մշակութային ժառանգությունը պետք է անհապաղ հանել այս ծաղրական դաշտից». Համլետ Պետրոսյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարված վերջին իրադարձությունների մասին

Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարեց մեր մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու նպատակներին, դրա իմաստին, ինչպես նաև վերլուծեց ՅՈՒՆԵՍԿՕ-ում կատարված վերջին իրադարձությունները:

Բանախոսն ընդգծեց՝ ինքը երկար տարիներ Երևանի Պետական համալսարանում դասավանդում է մշակութային ժառանգություն դասընթացը, որի հիմնական խնդիրներից մեկը մշակութային ժառանգությունը ներկա մշակութային գործընթացի գործիք դարձնելն է:

Վերջին ժամանակների հայ-ադրբեջանական ակտիվ պայքարը, ըստ բանախոսի, ցուցում է այն մասին, թե որքան դեֆեկտավոր է մեր հասարակության և հատկապես՝ իշխանությունների վերաբերմունքը դեպի մշակութային ժառանգությունը. «Ես տեսնում եմ երկու հիմնական միտում՝ Մշակույթի նախարարությունը, կարծես մարտադաշտի է վերածել մեր մշակութային ժառանգությունը՝ մենք հաղթում ենք ադրբեջանցիներին, մենք պարտվում ենք ադրբեջանցիներին: Ամեն անգամ, երբ մեր մշակութային ժառանգության որևէ դրսևորում գրանցվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության որևէ ցանկում, նախարարությունը դա ներկայացնում է՝ որպես մարտադաշտում տարած սեփական հաղթանակ: Ցավոք, նույն կերպ վարվում են նաև ադրբեջանցիները»:

Դադարե՛ք մեր մշակութային ժառանգությունը դարձնել մրցելու գործիք, հորդորում է Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը և հավելում. «Մեր մշակութային ժառանգությունը նետ ու աղեղ չի, դա Սմերչ չի, որ մենք վերցնենք ու դրանով որևէ մեկին սպանենք: Մշակութային ժառանգությունը մեր գոյության հիմքն է՝ նախևառաջ մեզ համար: Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասկացնել, իսկ Ադրբեջանի մշակույթի գործիչներին էլ հատուկ դիմումով տեղեկացնի, որ դադարեն մեզ քսի տալ իրար վրա:

Աշխարհի հզորները խաղացնում են մեզ մեր իսկ մշակույթով, իսկ սա շատ վատ հեռանկար է, մենք հասնում ենք շատ վատ սահմանագծի: Մեզ՝ հայերիս՝ քաղաքակիրթ պատմություն և ժառանգություն ունեցող ժողովրդիս, սազական չէ կրկեսի դերասան դառնալ և սազական չէ այս ճանապարհը, որ այսօր մենք ինքներս ենք մեզ համար նախաձեռնել: Մեր մշակութային ժառանգությունը պետք է անհապաղ հանել այս ծաղրական դաշտից: Դրա համար բազմաթիվ ճանապարհներ և ձևեր կան:

Ես որևէ մեկին չեմ մեղադրում: Շատ անգամ ես էլ հասկանում եմ, որ մեր մշակութային գործիչները չեն հասկանում, որ մարիոնետ են դարձել ինչ-որ մեկի ձեռքին, որ իրենց կամքից անկախ՝ խաղացնում է նրանց, և այս իմաստով, ես ինքս ինձ չեմ առանձնացնում մնացածից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս