ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սկսել են պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքները
Հարյուրավոր ինքնաթիռներ են մասնակցում ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի՝ պատմության մեջ խոշորագույն համատեղ ռազմաօդային վարժանքներին, որոնք մեկնարկել են դեկտեմբերի 4-ին: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Զորավարժությունները դարձել են դաշնակիցների պատասխանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձարկմանը, որը մեկ շաբաթ առաջ իրականացրել է ԿԺԴՀ-ն:
Vigilant Ace անվանումը կրող վարժանքները կշարունակվեն հինգ օր: Դրան կմասնակցեն 200-ից ավելի ինքնաթիռներ, այդ թվում՝ ամերիկյան F-22 վեց կործանիչ, ինչպես նաեւ B-1B գերձայնային ռազմավարական ռմբակոծիչներ: Վարժանքներում գործի կդրվեն ԱՄՆ-ի 12 հազար զինծառայողներ:
Փենյանն ավելի վաղ այդ զորավարժությունները որակել է «ԿԺԴՀ-ի դեմ ուղղված բացահայտ համապարփակ սադրանք, որը ցանկացած պահի կարող է վերածվել միջուկային պատերազմի», եւ «գործողություն, որն արագացնում է նրանց (ԱՄՆ-ի եւ Հարավայիլն Կորեայի) ինքնաոչնչացումը», հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: