ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը շատ կոնկրետ պատասխանատուների ճիշտ մեսիջ է ուղարկել

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակը ներկայացրել է Հայաստանում ապրիլի 2-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական զեկույցը։

Այն պարունակում է հանձնարարականներ՝ անցկացնել զանգվածային բարեփոխումներ ընտրությունների բնագավառում՝ առկա թերացումները ու օրենսդրական երկիմաստ դրույթները վերացնելու համար, այդ թվում՝ քարոզչության, քարոզարշավի ֆինանսավորման կանոնների, բողոքարկման իրավունքի ու բողոքները ներկայացնելու վերջնաժամկետների մասին։ Երևանում ԺՀՄԻԳ հանդիպումների ժամանակ կոչ է արվել քաղաքական իսթեբլիշմենթին՝ քաղաքական կամք դրսևորել ընտրողների վրա բոլոր տեսակի ճնշումների դեմ ու հրապարակավ խոչընդոտել ընտրակաշառքին։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ ընտրական ծրագրերի համակարգող, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում վստահություն հայտնեց, որ ընտրակաշառքի հիմնական մեղավորը հանդիսանում է իշխանությունը, քանի որ կազմակերպիչն իշխանությունն է և պատասխանատվությունն էլ իրենց վրա է:

«Իհարկե, իշխանությունն իր պրոպագանդայի ընթացքում փորձում է ցույց տալ, թե հասարակությունն է մեղավոր, այսինքն` հասարակությունն է 10 հազար դրամները վերցրել, բայց դրա կազմակերպիչն իշխանությունն է և իշխանական իսթեբլիշմենթն է պատասխանատվություն կրում դրա համար, և իրենք պետք է դա բարեփոխեն: Շատ կոնկրետ պատասխանատուների ճիշտ մեսիջ են ուղարկել, որպեսզի վերջիններս փոխեն դա, և իշխանությանը, լինելով և՛ պատասխանատուն, և՛ մեղավորը, կոչ է արվում փոխել սեփական վարքագիծը և քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ»,- ասաց նա:

Ըստ քաղաքագետի` եթե իշխանության վերևի մակարդակում հրաման լինի, որ ընտրակաշառքը պատժվի և՛ Ոստիկանության, և՛ մնացած պատասխանատու մարմինների կողմից, համոզված կարելի է ասել, որ Հայաստանում շատ կարճ ժամանակում այդ խնդիրը կլուծվի.

«Իրավապահ մարմինները կարող են, օրինակ, շատ ազատ բացահայտել նման շատ դեպքեր և լուծել այդ խնդիրը»:

Տեսանյութեր

Լրահոս