Նրանք դժգոհում են իրենց ճակատագրից, բնապահպանական վիճակից, մետրոյից, նախագահից, Ֆեյսբուքից, ամեն ինչից

Մարդիկ կան, որոնց վրայից դժբախտության հոտ է գալիս:

Նրանք բավականին հմայիչ են, լավ կրթություն ունեն և հաճախ շատ կարգին մարդիկ են, բայց նրանցից ուզում ես փախչել:

Առանց պատճառների մեջ խորանալու և հոդաբաշխ բացատրությունների՝ պարզապես քեզ հեռու ես պահում նրանցից: Աշխատում է բնազդը: Այդ մարդկանց թվում կան այնպիսիները, ովքեր աճելու միտում ունեն, ինքնակրթվում են, սպորտով և յոգայով են զբաղվում: Երբեմն նրանք փորձում են ձևացնել, թե ամեն ինչ հրաշալի է, բայց չեն կարողանում փոխել ընդհանուր տպավորությունը, քանի որ շատ հեռվից արդեն զգացվում է, որ նրանք դժբախտ են: Իսկ ինչպես հայտնի է, մարդիկ իրենց բույրը չեն զգում. կողքից ավելի լավ է երևում:

Համարձակվում եմ ենթադրել, որ դա կանգային վիճակում գտնvող, չօգտագործվող գիտելիքների պատճառով է: Եթե դու հասկացել ես, իսկապես ամեն բան խորքային մակարդակում հասկացել ես, բայց ոչինչ չես անում (մտահանգումները, քննարկումները, տրամաբանական եզրահանգումները հաշիվ չեն), գիտելիքի էներգիան սկսում է լճանալ՝ հարուցելով ներքին դիսբալանս և շարունակական անբավարարվածության զգացում: Իսկ երբ գործին միջամտում է նաև զգացողությունների և սովորությունների ձևավորման մեր ունակությունը, որոնք կրկնվում են գոնե մեկ ամսվա ընթացքում, ուրեմն դժբախտության բույրը դառնում է քո բնական միջավայրը:

Կարդացեք նաև

Այդ իսկ պատճառով էլ իզուր չեն ասում, որ գիտակցված ինքնազարգացման հարցերում հետդարձի ճանապարհ չկա: Ներգործության ուժը կախված է այն ինֆորմացիայի ներդրման խորությունից, որը մենք գործածում ենք: Մակերեսային մակարդակում այդ երևույթները գործնականում նկատելի չեն և հարաբերականորեն անվտանգ են: Սակայն որքան մարդը խելացի է, և որքան շատ է նա ունակ ոչ միայն իմանալ, այլև հասկանալ, այդքան խորն է ներթափանցում ինֆորմացիան, և գործընթացն այլևս անդառնալի է:

Այս վարակից բուժվել պետք է համակարգային կերպով, քանի որ, բացի ուղիղ պատճառներից, գործում է նաև բավականին ուժեղ սովորության գործոնը: Անհրաժեշտ են նպատակաուղղված գործողություններ, որոնք փոխում են վարքագծի ընդունված կանոնները:

1. Դժբախտությունը վատ հոտ ունի, և շրջապատի մարդիկ դա զգում են:

Զրոյական կետն այն սկզբնակետն է, առանց որի մնացած ամեն ինչ իմաստ չունի: Նախ և առաջ` կարևոր է հասկանալ, թե որքան զզվելի բան է դժբախտ մարդ լինելը: Ճիշտ այնպես, ինչպես դուք ձգտում եք շփվել գոհ և հանգիստ մարդկանց հետ, նրանք ևս ձգտում են դեպի իրենց նմանները:

Դժբախտությունը դժբախտություն է բերում՝ որպես ապացույց այն բանի, որ քո դժբախտությունն ամենասարսափելին չէ. Կան ուրիշներն էլ: Միայն այդ փակ շրջանից պոկվել, ազատվել և այլևս դժբախտ չլինել ուժգին կերպով ցանկացող մարդն է ի վիճակի գործողությամբ ցույց տալ, որ պատրաստ է անցնել այդ մաքրագործման ուղին:

2. Բողոքներ…

Դժբախտությամբ վարակված մարդկանց հետ շփվելիս դուք անդադար կարող եք բողոքներ լսել աշխարհի, իրենք իրենց, իրականության անարդարության և այլ հանգամանքների դեմ:

Նրանք դժգոհում են իրենց ճակատագրից, բնապահպանական վիճակից, մետրոյից, նախագահից, Ֆեյսբուքից, ամեն, ամեն ինչից: Ավելի բարդ մարդիկ կարող են քեզ հանգամանորեն բացատրել և անգամ փաստերով ապացուցել, թե ինչու է ինքը դժբախտ, և որքան անարդար է աշխարհն իր նկատմամբ:

Նրանք հաճախ են վատ զգում տարբեր պատճառներով և անպայմանորեն շրջապատին տեղեկացնում են այդ մասին: Նրանց արդարացնելու համար պետք է նկատել, որ հաճախ չեն զգում իրենց գործողությունների անտանելիությունը: Քո աշխարհում կա միայն այն, ինչին ուղղված է քո ուշադրությունը: Նրանց ուշադրությունը բևեռված է իրենց սեփական ցավի ապացույցների որոնման վրա, և նրանք այդ ապացույցները կանոնավոր կերպով գտնում են:

Ի՞նչ անել այս դեպքում:

Կտրուկ դադարել բողոքել և դժգոհություն արտահայտել: Ընդհանրապես: Միանգամից և ամբողջությամբ: Անգամ, երբ արդարացի է ձեր դժգոհությունը: Անգամ երբ կարելի է և պետք է: Սկզբում, իհարկե, հոգեկան վիճակը կընդդիմանա ձեզ, քանի որ դուք նրան արտաքսում եք իր սովոր միջավայրից: Առաջին երկու շաբաթների ընթացքում ձեզ կթվա, թե բողոքելու առիթները շատացել են:

Այսպես է իրականությունն ազդում գիտակցված փոփոխությունների փորձի վրա. Այն վերակազմակերպվում է: Բայց շարունակելու դեպքում ամեն ինչ կհանդարտվի: Մեկ ամսից բեկումնային պահը կանցնի:

Նույնն է, երբ գնում ես մարզադահլիճ, սկզբում մկաններդ ցավում են, ապա սովորում ես: Մարմինը ցավի միջոցով վերափոխվում է, և դա, ընդհակառակը, լավ նշան է: Նշանակում է՝ աշխատում է: Բողոքների, ինչպես նաև մկանների հետ աշխատանքը մի ամսվա բան չէ. Այն ամբողջ կյանքի համար է:

Դա փոփոխությունների անվերջ ճանապարհ է, սակայն կես տարուց դուք բոլորովին այլ մարդ կլինեք:

3. «Դու ինձ պարտք ես»,- չգիտես ինչու որոշում է դժբախտը՝ առաջին անգամ ձեզ տեսնելով:

Մարդիկ կան, որոնց հետ շփվելով՝ զգում ես, որ պարտք ես իրենց: Իրականում նրանք չար միտում չունեն: Պարզապես այնպես է ստացվել, որ բոլորն իրենց պարտք են: Սկզբում՝ ծնողները, ապա՝ ամուսինները, երեխաները, ղեկավարությունը, կրկին՝ նախագահը: Մի՞թե դա բնական չէ:

Ծնողները «պետք է» սիրեն և հասկանան այնպես, ինչպես ամուսինը, երեխաները «պետք է» սիրեն և լսեն, ղեկավարությաւնը «պետք է» վճարի և հարգի, նախագահը՝ ապահովի երջանիկ և հարուստ կյանք: Ավելի «արդար» բան կա՞: Այդ պատճառով էլ, բոլոր դեպքերում, դուք նույնպես ինչ-որ բան պարտք եք, քանի որ այդպես է ձևը: Բոլորը պարտք են:

Եվ խոսակցության առաջին 15 րոպեների ընթացքում դուք դա զգում եք: Այսպես, օրինակ, կարող է մտածել չամուսնացած աղջիկը՝ նոր տղայի հետ ծանոթանալով և այդպես էլ չհասկանալով, թե ինչու հերթական անգամ ոչինչ չի ստացվում: Խնդիրն այն է, որ դժբախտ մարդը մտածում է, որ ինքը դադարում է դժբախտ լինելուց, երբ իրեն ուրիշ մարդիկ ինչ-որ բան են տալիս, մասնավորապես, երբ տալիս են սեր, փող, շփում և անվտանգություն:

Այս ամենը գալիս է նրանից, որ իրենք իրենց չեն կարողանում երջանկացնել: Այդ պատճառով էլ նա անընդհատ փնտրտուքի մեջ է, թե ուր գնալ, ումից դրական լիցքեր ստանալ, փոխանակ վերջապես ինքն իր հետ ծանոթանա: Ձեզ ոչ ոք ոչինչ պարտք չէ, ոչ ոք պարտավոր չէ ձեզ սիրել, հարգել, հասկանալ, փող տալ: Ի՞նչ կարող ես տալ դու այդ մարդուն, քո մտերիմներին, գործընկերներին, ընկերներին կամ հենց նույն նախագահին, որ փոխադարձություն ես պահանջում: Եվ հիշեք, առանց սիրո ինչ էլ անեք, մեղք է:

Սերը միակողմանի երթևեկության ճանապարհ է: Այն միայն այն է, ինչ քեզնից է դուրս գալիս: Ձեր աշխարհում գոյություն ունի միայն այն, ինչ դուք եք տալիս: Եթե ձեր շուրջը դժբախտության առիթներ են, դուք աշխարհին դժբախտություն եք հղում: Դա ուղղելու միակ տարբերակն ուրիշների մեջ պատճառը չփնտրելն է, այլ ձեր ազդանշանը փոխելը: Թույլ մի տվեք դժբախտությանը կպչել ձեզ ու պոկ չգալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Տեսանյութեր

Լրահոս