Արամ Սարգսյանը կրկին հիշեցրեց Սերժ Սարգսյանի նախկին հայտարարությունները
Որևէ երկրի հետ տնտեսական համագործակցության հիմքը տվյալ երկրի գրավչությունն է, իսկ գրավչությունը տվյալ երկրում արվող ներդրումներն են, որ ամենաէական ցուցանիշն է: Այս մասին այսօր ԱԺ-ում ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու մասին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը` ներկայացնելով օտարերկրյա ուղիղ ներդրումների վիճակագրությունը` նախքան ԵԱՏՄ անդամ դառնալը` 2013 թ.` 597 մլն դոլար, 1 տարի անց` 347 մլն, 2015-ին` 245 մլն, 2016-ին` 168 մլն դոլար:
«Ինչո՞ւ են նվազում ներդրումները Հայաստանում, այսինքն` ինչո՞ւ է ՀՀ-ն` ԵԱՏՄ մուտք գործելուց հետո, կորցրել իր գրավչությունը»,- հարցադրում արեց Ա.Սարգսյանն ու պատասխանեց, որ ներդրողների համար կարևոր ցուցիչ են արդար ընտրությունները, արդար դատական համակարգը, օրենսդրական դաշտը, որ իշխանությունների պնդմամբ՝ կատարելագործվում են, և այդ դեպքում մնում է մի գործոն` ԵԱՏՄ անդամությունը:
Ըստ նրա` ՌԴ-ի վրա միջազգային պատժամիջոցներն ուղիղ ազդեցություն ունեն, և 1-2 տարի անց Հայաստանն այդ միությունից դուրս է գալու, կամ այն չի լինելու, և ՀՀԿ-ն կրկին ասելու է` մենք քայլ առաջ արեցինք:
Անդրադառնալով ԵԱՏՄ-ի քաղաքական հետևանքներին` Ա.Սարգսյանը նշեց, որ Ղազախստանում Նազարբաևը ցմահ նախագահ է, Լուկաշենկոն ևս ցմահ նախագահ է, Ռուսաստանում էլ փաստացի այդպես է. «Այսօր ես տենդենց եմ տեսնում, որ մեր երկրում էլ կդառնա այդպիսին»:
Ա.Սարգսյանը հիշեցրեց Սերժ Սարգսյանի նախկին հայտարարությունները, որ ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ, ո՛չ որևէ պետական այլ պաշտոնի չի գնալու, բայց ԵԱՏՄ-ն փոխեց նրա մտադրությունները, և այսօր ասում է` դեռ չգիտի:
«Ես էլ կարող էի հրեաների սիրած ավանդույթով նստել գետի ափին, սպասել ու տեսնել, թե ջուրն ինչ է բերելու, և այդ ջուրը շուտ է բերելու, և մենք փոշանելու ենք, որ ուշացանք»,- եզրափակեց Ա.Սարգսյանը: