Հուզական այրման դրսևորումներն ու դրանք հաղթահարելու ճանապարհները
Սկիզբը՝ այստեղ
Հուզական այրումը միանգամից չի առաջանում, այն ունենում է իր տևական թաքնված շրջանը: Սկզբնական փուլում անձը զգում է, որ պարտականությունների հանդեպ իր ոգևորվածությունը մարում է: Նա ցանկանում է դրանք ժամանակի մեջ իրականացնել, սակայն հակառակ պատկերն է ստացվում: Այս ամենն ուղեկցվում է ուշադրության կենտրոնացման անկարողունակությամբ այն երևույթի հանդեպ, որն արդեն անհետաքրքիր է դարձել:
Հուզական այրման դրսևորումները, պայմանականորեն, կարելի է բաժանել երեք խմբի.
- Ֆիզիկական արտահայտում՝
- Գերհոգնածություն
- Մկանային թուլություն և հյուծվածություն
- Հաճախակի գլխացավ
- Դիմադրողականության թուլացում
- Անքնություն
- Բարձր քրտնարտադրություն
- Գլխապտույտ և տեսողության վատացում
- Դող մկաններում և հոդերում
Համախտանիշը հաճախ ուղեկցվում է ախորժակի խախտմամբ կամ հակառակը՝ դրա ակտիվ դրսևորմամբ, ինչը հանգեցնում է քաշի կտրուկ ավելացման:
- Սոցիալ-վարքային դրսևորումներ՝
- Մեկուսացման ցանկություն, մարդկանց հետ շփման նվազում
- Պարտականություններից և պատասխանատվությունից խուսափում
- Սեփական անհաջողություններում շրջապատի մեղադրում
- Կատաղության և նախանձի առաջացում
- Կյանքի հանդեպ դժգոհություն, որ ստիպված են աշխատել շուրջօրյա
- Վատ կանխատեսումներ կատարելու սովորություն
- Հոգեհուզական դրսևորումներ՝
- Անտարբերություն շրջապատի իրադարձությունների նկատմամբ
- Սեփական ուժերի հանդեպ թերահավատություն
- Անձնական իդեալների ոչնչացում
- Մասնագիտական մոտիվացիայի կորուստ
- Հարազատ մարդկանց նկատմամբ բռնկուն վարքի դրսևորում
- Մշտական վատ տրամադրություն
Հուզական այրման համախտանիշն իր բնութագրությամբ նման է դեպրեսիային: Անձը խորը ապրումներ է ունենում թվացյալ մենակության զգացողության և դատապարտվածության պատճառով: Նման իրավիճակում կենտրոնանալն ու ինչ-որ բան նախաձեռնելն անհնարին է: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ, հուզական այրումը հաղթահարելն առավել հնարավոր է, քան դեպրեսիան:
Ինչպե՞ս հաղթահարել հուզական այրումը
Հուզական այրման համախտանիշը որոշակի ֆիզիկական և հոգեբանական համակարգերի դրսևորում է, որին հազվադեպ են կարևորություն տալիս՝ մտածելով, որ որոշ ժամանակ անց այն կկարգավորվի: Սակայն դա սխալ է: Եթե անձի մոտ ախտորոշվել է հուզական այրում, ապա, առաջին հերթին, անհրաժեշտ է աշխատանքի միջանկյալ հատվածներում սեփական անձին հանգստանալու հնարավորություն տալ:
Պարտադիր չէ ոչինչ չանել: Այդ հանգիստը պետք է դրական հույզեր և բավարարվածության զգացողություն հաղորդի մարդուն: Օրինակ, եթե կինը տան գործերի չափից շատ լինելու պատճառով գերհոգնում է, ապա գործը կարող է ընդմիջել իր անձին ոգեշնչող ինչ-որ այլ գործողությամբ, ֆիլմ նայելով, սիրելի սուրճը ըմպելով կամ մի փոքր գրքի հատված ընթերցելով:
Ցանկալի է նաև սեփական հույզերի մասին խոսել, արտահայտվել ընկերոջ կամ հոգեբանի հետ զրուցելիս, ինչը հնարավորություն կտա սեփական խնդիրը կողքից դիտել և հասկանալ դրա առաջացման պատճառները: Խրախուսվում է նաև սեփական հուզական այրման մոտավոր պատճառները գրի առնելը՝ դիմացը թողնելով դատարկ տարածք խնդրի լուծման համար: Նման մանրամասն ուսումնասիրումը և խնդրի լուծման քննարկումը հնարավորություն է տալիս վերադասավորել հնարավորությունները, աջակիցներ գտնել և կանխել ապագա սայթաքումները:
Ինչպես արդեն նշեցինք՝ հուզական այրումն արտահայտվում է հիմնականում ֆիզիկական և հոգեբանական համակարգերում՝ հանգեցնելով վերջիններիս հյուծվածության: Հետևաբար, նման հիվանդության կանխարգելումն ուղեկցվում է հստակ գործողություններով, որոնք նպաստում են առողջության ամրացմանը:
Հուզական այրման ֆիզիկական կանխարգելում
- Վիտամիններով հարուստ դիետիկ սննդի օգտագործում
- Ֆիզիկական վարժություններ կամ առավոտյան զբոսանք
- Ութժամյա լիարժեք պարտադիր քուն
- Օրվա ռեժիմի ստեղծում և պահպանում
Հուզական այրման հոգեբանական կանխարգելում
- Շաբաթվա մեջ պարտադիր ունենալ մեկ հանգստյան օր
- Վերլուծության միջոցով՝ զրույց կամ հոգեբանական խորհրդատվություն, ազատվել, մաքրել գիտակցությունը բացասական մտքերից
- Հնարավորությունների վերադասավորում՝ կարևոր գործերի առանձնացում և այլ աշխատանքների իրականացում՝ըստ ժամանակային հնարավորության
- Ինքնակարգավորման գործընթացների իրականացում՝ աուտոթրեյնինգ և մեդիտացիա
Ըստ հոգեբանների, համախտանիշի դեմ պայքարն այն ավելի իրական է դարձնում: Այդ պատճառով, երբ անձը գիտի, թե ինչ է ինքն իրականում ուզում, այլ ոչ թե փորձում է համապատասխանել շրջապատի կարծիքին, նա դառնում է անձեռնմխելի հուզական այրման դրսևորման համար: