Հուզական այրման համախտանիշ

Հուզական այրումն առկա է, երբ մարդը գտնվում է և՛ բարոյապես, և՛ ֆիզիկապես, և՛ մտավոր հյուծված վիճակում: Նման վիճակում գտնվող անձը չի կարողանում վաղ արթնանալ և անցնել մտավոր աշխատանքի: Աստիճանաբար թուլանում է կենտրոնացումը և պարտականությունների ժամանակին կատարումը: Խախտվում է կյանքի բնականոն ռիթմը, ստեղծվում են բացասական փոխհարաբերություններ շրջապատի հետ:

Նման խնդրի հետ առնչվող մարդիկ անմիջապես չեն հասկանում իրենց հետ կատարվելիքը, քանի որ հուզական այրումը նախնական փուլում նման է հուսահատության: Այն իր հետ բերում է դյուրագրգռվածություն և նեղացկոտություն: Ամենաչնչին անհաջողությունը հանգեցնում է հանձնվելուն, և անձը չի պատկերացնում իր հետագա անելիքները և տրվում է անորոշության:

Եթե խոսենք այս համախտանիշի ծագման պատմության մասին, ապա պետք է նշել, որ դրա մասին գրել և կարևորել են դեռ 1974թ.: Ամերիկացի հոգեբան Հերբերտ Ֆրեյդենբերգն առաջինն էր, ով նշել է հուզական այրման ազդեցությունն ու կարևորությունը մարդու անձնային դրսևորումների վրա: Որպես կանոն՝ այս համախտանիշի զոհն են դառնում այն անձինք, ովքեր ամեն օր գործունեություն են ծավալում մարդկային գործոնի հետ.

  • Աշխատում են հիվանդանոցում կամ փրկարարական համակարգում
  • Դասավանդում են դպրոցում կամ համալսարանում
  • Աշխատում են ծառայությունների մատուցման համակարգում:

Վերը նշված հոգեբանի՝ Ֆրեյդենբերգի հետևորդ Ջորջ Գրինբերգը հոգեկան լարվածության զարգացման հինգ մակարդակ է առանձնացրել՝ կապված մասնագիտական գործունեության հետ, և դրանք համարել հուզական այրման փուլեր:

1. Անձը գոհ է իր աշխատանքից, սակայն մշտական սթրեսային վիճակներն աստիճանաբար սպառում են էներգիան:

2. Արտահայտվում են համախտանիշի առաջին դրսևորումները՝ անքնություն, աշխատունակության նվազում և մասնակի հետաքրքրության կորուստ՝ ուղղված սեփական աշխատանքին:

3. Այս փուլում անձն այնքան է դժվարանում կենտրոնանալ աշխատանքի վրա, որ այն շատ դանդաղ է կատարում: Բացթողումների լրացումը վերածվում է սևեռուն մտքի, և այն կատարվում է կամ շատ ուշ երեկոյան, կամ հանգստյան օրերին:

4. Գերհոգնածությունն անդրադառնում է ֆիզիկական առողջության վրա՝ թուլանում է իմունիտետը, մրսածությունը կրում է քրոնիկ բնույթ: Այս փուլում գտնվող մարդիկ գրեթե միշտ դժգոհում են իրենցից և շրջապատից, վիճում են հարազատների հետ:

5. Հուզական անկայունությունը, ուժերի սպառումը, քրոնիկ հիվանդությունների սրացումը հուշում են հուզական այրման վերջին փուլի մասին:

Եթե նմանատիպ դրսևորումները մասնագիտական օգնության չենթարկվեն, ապա անձն աստիճանաբար կհայտնվի խորը դեպրեսիայի մեջ:

Փորձենք հասկանալ այն պատճառները, որոնք հանգեցնում են հուզական այրման համախտանիշի դրսևորմանը: Ինչպես արդեն նշեցինք, հուզական այրում կարող է տեղի ունենալ աշխատավայրում սթրեսի անընդհատ առկայությունից: Սակայն մասնագիտական ճգնաժամի պատճառները միայն մարդկային բարդ փոխհարաբերությունների մեջ չեն: Գերհոգնածությունն ու կուտակված դժգոհությունը կարող են արտահայտվել, երբ առկա է՝

  • Միատեսակ կրկնվող գործողություն
  • Գործունեության լարված ռիթմ
  • Աշխատանքի ոչ բավարար գնահատում, թե՛ նյութական, թե՛ բարոյական
  • Հաճախակի անտեղի քննադատություն
  • Չգնահատվածության և անպետքության զգացում:

Հուզական այրում նաև նկատվում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն որոշակի բնավորության շեշտվածություններ, ինչպիսիք են՝

  • Մաքսիմալիստները, որոնք ձգտում են ամեն բան կատարել անթերի
  • Ծայրահեղ պատասխանատու են և հակված զոհաբերել սեփական հետաքրքրությունները
  • Երազկոտ են, որը հանգեցնում է իրական հնարավորությունների և ունակությունների ոչ ադեկվատ գնահատման
  • Հակված են իդեալիզմի:

Իրականում հուզական այրման կարող է ենթարկվել յուրաքանչյուր մարդ, ով չի ստանում աջակցում և չունի ընդունված լինելու զգացողություն, և, այնուհանդերձ, իրեն ծանրաբեռնում է աշխատանքով և այն կատարում է հոգեբանական ծանր ինքնաքայքայման վիճակում:

Հաջորդ հոդվածում կխոսեմ հուզական այրման դրսևորումների և այն հաղթահարելու ճանապարհների մասին:

Շարունակելի…

Տեսանյութեր

Լրահոս