Արևելյան գործընկերության 5-րդ գագաթաժողովի նիստը՝ ուղիղ

Բրյուսելում մեկնարկում է Արևելյան գործընկերության (ԱլԳ) 5-րդ գագաթաժողովը։ Նոյեմբերի 24-ին տեղի ունեցող գագաթաժողովի շրջանակում Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների ղեկավարները կնախանշեն ապագա համագործակցությունը:

ԱլԳ գագաթաժողովին մասնակցելու համար Բելգիա է մեկնել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախատեսվում է, որ գագաթաժողովի ընթացքում պետք է ստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը, որի շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել էր 2017 թվականի մարտին:

ԵՄ արևելյան գործընկերության անդամ երկրներն են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան և Ադրբեջանը:

Գագաթաժողովին ԵՄ-ն ներկայացնելու են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը:

Մասնակից երկրները եվրոպական ամենասպասված քաղաքական միջոցառմանը ներկայանալու են ամենաբարձր մակարդակով: Ուշագրավ է, որ գագաթնաժողովից բացակայելու են Ֆրանսիայի և Բելառուսի նախագահները:

ԵՄ-ն Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ գագաթաժողովին մասնակցելու հրավեր էր ուղարկել:

«Գագաթաժողովը հնարավորություն է շարունակել «Արևելյան գործընկերություն» ծրագրի զարգացումը, քննարկել հետագա քայլերը, որոնք ԵՄ-ն և արևելյան գործընկերները կարող են համաձայնեցված իրականացնել մինչև 2020 թվականը»,-պնդում են Եվրոպական խորհրդում:

Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ տնտեսության ամրապնդմանը, կառավարմանը, հասարակությունների մերձեցմանը, տրանսպորտային ենթակառուցվածքներին, մատակարարումների անվտանգությանը, վիզային ազատականացմանը, կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև երկրների միջև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Արևելյան գործընկերության գագաթաժողովի աշխատանքներին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

Տեսանյութեր

Լրահոս