Ինչն է խանգարում գիտնական դառնալուն. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին:

Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, եւ Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում:

Պատերազմի դժոխքը նրան չխանգարեց դառնալ նշանավոր գիտնական (կարդացեք նրա գրքերը՝ մեծ բավականություն կստանաք), հղկված մտավորական, չխանգարեց անգամ պահպանել կլավեսին նվագելու հմտությունները: Թե այսօր ինչու պիտի ապագա գիտնականների մոտ բակալավրիատից հետո զինվորական ծառայության ժամանակ գիտելիքները հօդս ցնդեն, այնքան էլ հասկանալի չէ:

Մանավանդ որ առաջարկվող ծառայության ռեժիմը հնարավորություն կտա չկտրվել գրքերից՝ իհարկե, նրանց համար, ովքեր իսկապես կապված են գիտության հետ, ոչ թե ձեւեր են թափում, թե մտահոգված են հայոց գիտության ճակատագրով: Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած եւս մի երիտասարդի, այս անգամ՝ մեր հայրենակցի վարքագիծը:

Ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությանը: Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպե՛ս էր նա այդ թեմայով խոսում՝ «ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, եւ ես հիմա սովորում եմ Տնտեսագիտականում»:

Ոչ թե «ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք է եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է եւ ներելի: Ոչ, «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ եւ արժանապատիվ է թվում, այլեւ ավելի պետական՝ «փափախի», «պատրոնդաշի» եւ «մաուզերիստների տրնգիի» համեմատ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս