«Բյուջեի և տնտեսության զարգացման կապը հետզհետե խզվում է». Մեսրոպ Առաքելյան

Հարցազրույց տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ

– Պարոն Առաքելյան, 2018թ. բյուջեն արդյոք կարելի՞ է անվանել կայունացնող և հետագա զարգացման համար հիմքեր ստեղծող, ինչպես կառավարությունն է ասում։

– Հաջորդ տարվա բյուջեն, ինչպես այս տարվա կամ նախորդ տարիների բյուջեները, բովանդակային առումով որևէ տարբերություն չունեն, քանի որ հիմնականում ծախսային հոդվածներում ականատես ենք լինում սպառմանն ուղղված ծախսերին, այսինքն՝ սոցիալական ոլորտ, կենսաթոշակներին ուղղված ծախսեր, պետական համակարգին ուղղված ծախսեր, պետական համակարգի աշխատավարձեր, պաշտպանություն և անվտանգություն։ Պատկերավոր ասած՝ բյուջետային ծախսերն ուղղվում են ընդամենը սպառմանը, և որևէ նոր արդյունք չի ստեղծվում, ինչը բերում է նրան, որ տարեցտարի մենք ունենում ենք բյուջեի դեֆիցիտի աճ, քանի որ բյուջետային ծախսերի արդյունքում տնտեսական աճ չենք ունենում, որը հնարավորություն կտա հարկային եկամուտների լրացուցիչ աճ ունենալ։

– Այսինքն՝  չենք կարող այն բնորոշել՝ որպես կայունացնող և հետագա զարգացման հիմքեր ստեղծող։

Կարդացեք նաև

– Ոչ, չենք կարող, քանի որ յուրաքանչյուր տարվա բյուջեն, այդ թվում՝ հաջորդ տարվա փաստաթուղթը, ընդամենը տարվա կտրվածքով կոնկրետ տարվան վերաբերող ծախսերի իրականացում է իր մեջ ենթադրում, այսինքն՝ մենք չենք տեսնում ծախսեր, որոնք հետագա տարիների համար զարգացման հիմք կհանդիսանան։ Այսինքն՝ մենք բյուջեում չունենք ծախսեր, որոնք երկարաժամկետ ծրագրերի իրականացմանն են ուղղվում, ծրագրեր, որոնք կարող են արժենալ նույնիսկ 1 մլրդ, 2 կամ 3 մլրդ, սակայն որոնք կնպաստեն տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, ենթակառուցվածքների կամ արդյունաբերական ոլորտում զարգացմանը, և յուրաքանչյուր տարի բյուջեից որոշ հատկացումներ կարվեն։ Նման ծախսեր մենք չունենք, ծախսերն ընդամենն ընթացիկ սպասարկմանն են ուղղվում, և դրանով է պայմանավորված, որ բյուջեի և տնտեսության զարգացման կապը հետզհետե խզվում է։

– Բայց նաև կապիտալ ծախսերի աճ է նախատեսվում։

– Կապիտալ ծախսերի աճը, եթե զուտ մաթեմատիկական լեզվով խոսենք, փոքր գումարի մի փոքր աճը բավականին մեծ տոկոսային և նույնիսկ մի քանի անգամվա աճ կարող է ապահովել, այսինքն՝ մեր բյուջեում կապիտալ ծախսերն այնքան քիչ են, որ մի փոքր ավելցուկը թույլ է տալիս արձանագրել, որ մենք, օրինակ, ունենանք կապիտալ ծախսերի կրկնակի աճ։ Սակայն բյուջեի ընդամենը 1-2 %-ը կրկնապատկելով և դարձնելով 3-4 %, չի կարող ապահովվել այն արդյունքը, որն անհրաժեշտ է։

– Կառավարման համակարգում նախատեսվում է 5500 հաստիքների կրճատում, որը հիշեցնում է ավտոմեքենաների թվի կրճատումը, երբ ցանկից դուրս բերվեցին խափանված, չօգտագործվող կամ հնացած մեքենաները, և այժմ էլ կրճատում են այն հաստիքները, որոնք թափուր էին, կամ թոշակառուներ են։ Այսինքն՝ այսքան ժամանակ անարդյունավետ ծախսեր են արվել, իսկ հիմա այս քայլը ներկայացվում է՝ որպես բարեփոխո՞ւմ։

– Դուք նշեցիք անարդյունավետ ծախսը, այո, պետական համակարգում կրճատումները պետք է լինեն ոչ թե քանակային, որ կրճատել ենք 100-200 ավտոմեքենա, կամ 1000-2000 հաստիք, այլ կրճատումը պետք է լինի ուղղված արդյունավետության բարձրացմանը, այսինքն՝ ընդամենը որոշ ծախսային հոդվածներ կրճատել աշխատակիցների քանակով և դրա արդյունքում ասել, որ բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացվել է, ընդունելի չէ։

Պետական համակարգում ծախսերի կրճատումը պետք է ուղղվի արդյունավետության բարձրացմանը, և ես համոզված եմ, որ աշխատավարձի ծախսը պետական ոլորտի ծախսերի մեջ բավականին փոքր մաս է կազմում, և նույնիսկ մի քանի հազար աշխատակցի կրճատումով ոչ միայն զգալի խնայողություն չենք անի, այլ նաև արդյունավետությունը չի բարձրանա, քանի որ պետական ապարատին ուղղված ծախսերում բավականին մեծ թիվ են կազմում նույն ծառայողական մեքենաների ծախսերը, դրանց սպասարկման ծախսերը, գործուղումների ծախսերը, որոնց անարդյունավետությունը շատ ավելի շատ է, քան հաստիքների կրճատումը։

Առաջին հերթին պետք է պետական համակարգի որակական փոփոխություններ կատարվեն, քանի որ, որպես քաղաքացի՝ պետական համակարգի հետ շփվելով, մենք ականատես ենք լինում ավելորդ քաշքշուկի, անարդյունավետության, և այդ որակական փոփոխություններից հետո, համոզված եմ, ծախսերը կարող են էականորեն կրճատվել։

– Իսկ թոշակառուների կենսաթոշակները չբարձրացնելը և փոխարենը խոստում տալը, որ հետագայում կայուն տնտեսական աճի դեպքում կբարձրացվեն թոշակները, ընդունելի՞ է։

– Հաշվի առնելով, որ բյուջետային եկամուտների աճ չի նախատեսվում, և ուղղակի դրանով այս անգամ ավելի ազնիվ լինել ու ասել, որ թոշակ չենք բարձրացնում, դրանից այս կառավարությունն ավելի լավը չի դառնում։ Եվ ապագա տարիների զարգացման միտումների պահպանման դեպքում, չեմ կարծում, որ ապագայում ունենալու ենք թոշակների կամ աշխատավարձերի զգալի բարձրացում։

– Այսինքն՝ աղքատությունը կխորանա՞։

– Այո, աղքատությունը կխորանա։ Եվ աճի այն տեմպերի պարագայում, որ արդեն նկատում ենք, թոշակների և աշխատավարձերի այս մակարդակի վրա պահպանումը փաստացի բերում է գնողունակության նվազման և կյանքի թանկացման, ինչը, այո, կբերի աղքատության խորացման։

Տեսանյութեր

Լրահոս