«Ճիշտ, պինդ, իսկական հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ». Դավիթ Հարությունյան

Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն առնչվող օրենքի նախագծի վերաբերյալ առկա է հանրային մեծ հետաքրքրություն: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ճանապարհը, որը բռնել ենք, խիստ կարևոր ենք համարում, աշխարհի 120 երկիր արդեն անցել է այդ ճանապարհը, բայց այնուամենայնիվ հաշվի առնելով, որ շատ հաճախ լինում են այդ օրենքի դրույթների տարօրինակ մեկնաբանություններ, որոնք բացարձակապես որևէ աղերս չունեն այդ օրենքի հետ, մենք պատրաստվում ենք երկուշաբթի օրը ժամը 4-ին Մատենադարանում կազմակերպել հանրային քննարկում»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ շահագրգիռ մարդիկ կարող են ներկա լինել քննարկմանը կամ մեկնաբանությունները թողնել e-draft.am կայքում:

Դավիթ Հարությունյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վիճակագրությունն ինքնին անհանգստացնող է, բայց կան նաև բազում թաքնված դեպքեր, որոնք ևս մտահոգիչ են: «Այդ դեպքերը բացահայտվում են տարբեր հետազոտություններով, սոցիոլոգիական հետազոտություններով, բայց անգամ պաշտոնական վիճակագրությունը մտահոգիչ է»,- ասաց արդարադատության նախարարը՝ կարծիք հայտնելով, որ շուտով կառավարությունն օրենքը կուղարկի Ազգային ժողով:

Հարցին՝ արդյոք օրենքը չի՞ հակասելու ավանդույթներին, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ազգային ավանդույթ եք ենթադրում կնոջը կամ երեխային ծեծելը, ես չեմ կարող համաձայնել, որ դա մեր ազգային ավանդույթն է: Դա շեղում է մեր ազգային ավանդույթներից, որովհետև ճիշտ, պինդ, իսկական հայկական ընտանիքի հիմքը բռնությունը չէ»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս