«Խոսրովի արգելոցում հրդեհի պատճառը չէր կարող եղանակային պայմանները լինել». Արծվիկ Մինասյան
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը բացառում է եղանակային պայմանների գործոնը Խոսրովի արգելոցում հրդեհի բռնկման հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը նշեց, որ արգելոցում հրդեհի փաստով հարուցված քրեական գործերի արդյունքում կբացահայտվի, թե միայն եղանակայի՞ն պայմաններն էին պատճառը, թե՞ նաև եղել են մարդածին կամ տեխնածին գործոններ:
«Միաժամանակյա 3 օջախ է եղել, սա, բնականաբար, եղանակային պայմաններով պայմանավորելն անհնար է: Սա կարող էր լինել միայն կայծակի դեպքում: Այսինքն` եղել են այլ գործոններ` մարդածին կամ տեխնածին»,- ասաց Ա.Մինասյանը:
Նա նշեց, որ Խոսրովում 24 օր տևեց հրդեհաշիջման ամբողջ աշխատանքը. «Զարմանալի էր, թվում էր, թե ամբողջությամբ մարվել է, բայց միանգամից նորից բռնկվում էր: Երկրաբաններին ենք խնդրել, որ ուսումնասիրեն, պարզվել է` կայծքարերի նման քարեր կային, որ կեսօրից հետո պայթում ու բոց էին առաջացնում:
Դեպք ունենք, որ հրդեհ է բռնկվել Զանգեզուրում հակառակորդի կրակահերթի հետևանքով»:
Նախարարի խոսքով` համակարգային փոփոխություններ են իրականացվելու` դեպքերը կանխելու ուղղությամբ: Նա կարևորեց նաև հանրության ակտիվ ներգրավումը, բայց ցավով արձանագրեց, որ դեպքից հետո բոլորը կարծես մոռացան Խոսրովի մասին:
Այժմ, ըստ Ա.Մինասյանի, ԲՆ-ն աշխատանքներ է տանում հետհրդեհային իրավիճակը բարելավելու ուղղությամբ:
Նա նշեց, որ դժվար վերականգնելի են գիհուտները, կաղնուտների մասով շատ մեծ վնաս չկա, քանի որ այդ տարածքում գետնատարած է եղել հրդեհը, իսկ խոտածածկ տարածքը 1100 հա-ի չափով է այրվել, որ գարնանային և աշնանային անձրևների ժամանակ վերականգնվում է: Ա.Մինասյանը նշեց, որ վայրի խոշոր կենդանիների որևէ կորուստ չի արձանագրվել, անկում կա մորեխների և սողունների շատ քիչ քանակության մասով, արջերն արդեն վերադառնում են իրենց բնակության վայրեր:
Նախարարը փաստեց, որ արգելոցում որևէ միջամտություն արգելված է, առաջարկություն կա՝ գիտական աշխատանքների միջոցով նպաստել գիհուտների վերականգնմանը:
Ա.Մինասյանը հայտնեց, որ Խոսրովի արգելոցի տարածքները նախատեսվում է ընդլայնել, որպեսզի ստեղծվեն բուֆերային գոտիներ. «Այսօր տարբեր հատվածներից ունենք խոցելի տեղեր: Գիլանի հատվածում, որտեղ բնակիչներ են ապրում, կարգավիճակը պետք է փոխվի, որ ուժեղացվի պաշտպանությունը»:
Ա.Մինասյանի կարծիքով` կլիմայի փոփոխությունները մեր տարածաշրջանի վրա չեն կարող չազդել, ամբողջ աշխարհում մեծ լարվածություն է առաջացել, և այս տարի չեղավ տարածաշրջան, որ հրդեհը մեծ վտանգ չհասցնի:
Ըստ նրա` պետք է վերանայել մեր մոտեցումները, արդեն վավերացվել է Փարիզի համաձայնագիրը, որը լրացնում է Կիոտոյի համաձայնագրին: Նա նշեց, որ անհրաժեշտ է Ազգային ադապտացիոն ծրագրի հաստատում, ինչը ենթադրում է ունենալ հարմարվողականության մեխանիզմներ կլիմայի փոփոխության շրջանակներում, դրա մեղմման գործողություններ` կանաչապատ տարածքների ընդլայնում, ածխածնի ավելի շատ նվազեցում, ջրային ռեսուրսների ամբարում և այլն.
«Ծրագիրը կմշակվի առաջիկա 2 տարում, և դրամաշնորհային լուրջ միջոցներ կներգրավվեն»: