Բաժիններ՝

Եվրամիությունը կոչ է արել չեղարկել Քրդստանի անկախության հանրաքվեն

Եվրամիությունը կոչ է անում Իրաքյան Քրդստանի իշխանություններին՝ չանցկացնել տարածաշրջանի անկախության հանրաքվե եւ այն համարում է հակարդյունավետ: Այդ մասին ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ:

«Եվրոպական միությունը հիշեցնում է Իրաքի միասնությանը, ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանն իր մշտական աջակցության մասին: Միակողմանի այնպիսի գործողություններ, ինչպիսին առաջարկված հանրաքվեն է, հակարդյունավետ են, դրանցից հարկ է խուսափել»,-հայտարարել է Մոգերինին: Նրա խոսքով՝ ԵՄ-ն ընդունում է Քրդստանի եւ Բաղդադի իշխանությունների միջեւ չլուծված հարցերի առկայությունը եւ այն կարծիքին է, որ դրանք պետք է լուծվեն «խաղաղ ու կառուցողական երկխոսության ճանապարհով, որը կտաներ փոխադարձ համաձայնեցված լուծման՝ հիմնված Իրաքի Սահմանադրության դրույթների կատարման վրա»: «ԵՄ-ն ողջունում է երկխոսությանն աջակցելու ՄԱԿ-ի նախաձեռնությունը եւ այդ գործընթացում իր աջակցությունն է առաջարկում, եթե դա պահանջվի»,- ասված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի հայտարարության մեջ:

Ավելի վաղ քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանում հանրաքվեի հետաձգման մասին որոշման ընդունումը միջազգային երաշխիքներ է պահանջում, որ Բաղդադը պատրաստ է բանակցություններ վարել տարածաշրջանի անկախության շուրջ, որպիսիք նա դեռեւս չի ստացել: «Միջազգային հանրակցության կողմից առաջարկված այլընտրական տարբերակները կոչ են անում մեզ երկխոսություն վարել նախքան հանրաքվեն, բայց դրանք չեն երաշխավորում անկախության շուրջ բանակցություններ սկսելու Բաղդադի պատաստակամությունը,- ասել է Բարզանին:- Ուստի Քրդստանը ուրախ կլինի դրանց ձեռնամուխ լինել հանրաքվեից հետո»:

Ինքնավար Իրաքյան Քրդստանի իշխանությունները Իրաքից անջատվելու շուրջ հանրաքվեն նշանակել են սեպտեմբերի 25-ին՝ անտեսելով կենտրոնական իշխանությունների կարծիքը: Բաղդադում քվեարկությունը համարում են անօրինական, դրան դեմ է քվեարկել խորհրդարանը: Անցած շաբաթ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ կայացած հանդիպմանը հանդես են եկել այլընտրական առաջարկությամբ՝ հորդորելով հետաձգել անկախության հանրաքվեն: Քրդական հանրաքվեն քննադատության է ենթարկվել տարածաշրջանի բազմաթիվ երկրների կողմից, ներառյալ Իրաքը, Իրանը եւ Թուրքիան: Հանրաքվեի անցակցմանը դեմ է արտահայտվել նաեւ Արաբական պետությունների լիգան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս