Արտաքին առևտրի թաքնված նրբերանգները

Կառավարության գլխավոր խոստումներից մեկը, ինչպես շատերդ կհիշեք, արտաքին առևտրի ցուցանիշների բարելավումն էր։ Մասնավորապես, կառավարությունը խոստացել էր արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին և ապահովել ներմուծման ծավալից ավելի մեծ արտահանման ծավալ։

Հասկանալի է, որ այդ արդյունքին հնարավոր չէ հասնել 1 տարվա ընթացքում։ Սակայն 1 տարին բավարար է՝ միտումը հասկանալու համար։ Այսինքն՝ այս տարվա հունվար-հուլիսի տվյալները պետք է ցույց տան՝ շարժվում ենք նախատեսված ուղիո՞վ, թե՞ ամեն դեպքում խնդիրներ կան։

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն ամփոփել էր արտաքին առևտրի տվյալները՝ հունվար-հուլիսի համար։ Մի քանի օր առաջ էլ կառավարությունը հրապարակեց իր գործունեության արդյունքների մասին հաշվետվությունը, որտեղ արտահանման թվերը նույնպես ներկայացված են։

Լրատվական կայքերի մի զգալի մասն այդ հաշվետվությունից վերցված արտաքին առևտրի տվյալները ներկայացրին այսպիսի վերնագրով՝ հունվար-հուլիսին արտահանումն աճել է 21.6%-ով։ Տպավորիչ, երկնիշ ցուցանիշ է։ Սակայն այն փաստը, որ նույն ժամանակահատվածում ներմուծումն ավելի բարձր տեմպով է աճել՝ 28.5%-ով, մի տեսակ երկրորդ պլան մղվեց։

Վարչապետ Կարեն Կարապետյանը, ի դեպ, իր ֆեյսբուքյան էջում կիսվելով արտահանման աճի մասին լուրով՝ ավելի օբյեկտիվ էր գտնվել՝ չմոռանալով նշել, որ կա նաև ներմուծման ծավալների աճ։ «Ունենք արտահանման, ինչպես նաև ներմուծման ծավալների աճ։ Տեմպերը գոհացուցիչ են, սակայն՝ դեռևս ոչ բավարար»,- գրել էր Կ. Կարապետյանը։ Այն, որ տեմպերը բավարար չեն՝ դժվար է չհամաձայնել։ Սակայն, որ այդ տեմպերը գոհացուցիչ են…

Եկեք տրամաբանենք։ Ներմուծման առաջանցիկ աճը խոսում է այն մասին, որ մեծանում է արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը։ Այսինքն՝ արտահանումը գնալով ավելի է ետ ընկնում ներմուծումից, ու այդ տեմպով անհնար է հասնել մի մակարդակի, որ արտահանումը ներմուծումից շատ լինի։ Որպեսզի պատկերն ավելի հասկանալի լինի, աչքի անցկացրեք գծապատկերը։ Այնտեղ ներկայացված են 2010-2017թթ. հունվար-հուլիս ժամանակահատվածների արտաքին առևտրի տվյալները։ Ինչպես տեսնում եք, 2010-ականների սկզբին արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը տատանվում էր 1.5 մլրդ դոլարի սահմաններում։ 2015 և 2016թթ. բացասական հաշվեկշիռը նվազեց՝ հասնելով, համապատասխանաբար, 936.1 մլն և 728.8 մլն դոլարի։

Ճիշտ է, ճեղքվածքի փոքրացումը պայմանավորված էր ոչ այնքան արտահանման աճով, որքան ներմուծման ծավալների կտրուկ նվազմամբ, սակայն փաստն այն է, որ ներմուծման և արտահանման տարբերությունը նվազում էր։ Ավելին, երբ այդ տարիներին քննադատություններ էին հնչում, որ ներմուծման նվազումը վատ է և վկայում է բնակչության գնողունակության անկման մասին՝ կառավարությունը պատասխանում էր, որ ներմուծման նվազումը պայմանավորված է հիմնականում գների անկմամբ, և, որ դրա արդյունքում արտաքին առևտրի հաշվեկշիռը բարելավվել է։

Իսկ ի՞նչ ունենք 2017 թվականին։ Արտահանումն աճել է՝ կազմելով 1 մլրդ 185.1 մլն դոլար, սակայն ներմուծումն ավելի շատ է աճել՝ կազմելով 2 մլրդ 161.7 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրի բացասական հաշվեշիռը կրկին աճել է՝ հասնելով 976.6 մլն դոլարի։

Կարճ ասած, արտահանումը ներմուծումից ավելի շատ դարձնելու տեսանկյունից՝ այս տեմպը, մեղմ ասած, գոհացուցիչ չէ։

Սակայն Կառավարությունն այս դեպքում էլ պատասխան ունի։ «Ներմուծման աճը մեծապես պայմանավորվել է միջանկյալ օգտագործման (արտադրական նպատակներով) և կապիտալ արտադրանքի ներմուծման աճերով»,- նշվում է կառավարության հաշվետվության մեջ։ Ասել է թե՝ պետք չէ նեղսրտել. ոչ թե ուտելու կամ հագնելու ապրանքներ ենք ավելի շատ ներմուծել, այլ հումք ու սարքավորումներ, որոնցով ապրանքներ կարտադրենք ու կարտահանենք։ Այսինքն՝ այսօրվա ներմուծումը հիմք է ստեղծում վաղվա արտահանման համար։

Հիմա նայենք ներմուծման կառուցվածքը՝ ըստ առանձին արտադրատեսակների։ Մաքսային ծառայության տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում բացարձակ թվով ամենից շատ աճել է դեղամիջոցների ներմուծման ծավալը. 2017թ. հունվար-հունիսին Հայաստան է ներմուծվել 108.1 մլն դոլարի դեղորայք, որը 60 մլն դոլարով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բնական գազի ներմուծման ծավալներն աճել են ավելի քան 28 մլն դոլարով։ Իհարկե, այստեղ կարելի է ասել, որ դա պայմանավորված է գազ սպառող արդյունաբերական ընկերությունների կողմից պահանջարկի աճով, սակայն այդպես չէ. աճը պայմանավորված է ցուրտ ձմեռով, որովհետև բնակչության կողմից գազի սպառումն ավելի շատ է ավելացել։

Շաքարի ներմուծումն ավելացել է շուրջ 13 մլն դոլարով։ Իհարկե, այստեղ էլ կարելի է ասել, որ խոսքը շաքարի հումքի մասին է, որով տեղում շաքար է արտադրվում, սակայն դա կարելի է ընդունել խիստ վերապահումներով։ Կան, իհարկե, ապրանքներ, որոնք իսկապես միջանկյալ են և հետագայում վերամշակվելով՝ արտահանվում են։ Օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում զգալիորեն ավելացել են ոսկու և ադամանդի ինչպես՝ ներմուծման, այնպես էլ՝ արտահանման ծավալները։ Սակայն ներմուծման կառուցվածքից աչքի չի զարնում զուտ արդյունաբերական արտադրանքի ու սարքավորումների զգալի աճը։

Ինչ վերաբերում է արտահանմանը, ապա 21.6% աճից բացի՝ պետք է ուշադրություն դարձնել նաև, թե ինչով է պայմանավորված այդ աճը։ Իսկ ուշադրություն դարձնելու դեպքում երևում է, որ ամենից շատ՝ 88 մլն դոլարով, ավելացել է պղնձի հանքաքարի արտահանումը։ 2016 թ. առաջին կիսամյակում արտահանվել է 185 հազար տոննա՝ 160.2 մլն դոլար արժեքով, իսկ այս տարի՝ 222 հազար տոննա՝ 248.3 մլն դոլար արժեքով։

Արտահանման մյուս չեմպիոնը կոնյակն է՝ ծավալներն աճել են 24.5 մլն դոլարով։ Հետո գալիս է ծխախոտի արտահանումը (աճը՝ 22.8 մլն դոլար), ոսկին (աճը՝ 22.6 մլն դոլար) և երկաթահամահալվածքը (աճը՝ 20.8 մլն դոլար)։

Արտահանման աճը, այսպիսով, պայմանավորված է հիմնականում այս և ևս մի քանի ապրանքատեսակներով։ Այսինքն՝ արտահանման կառուցվածքում ոչ միայն բարելավում չկա, այլև դիվերսիֆիկացիան ավելի է թուլացել (հանքարդյունաբերության կշիռը մեծացել է)։

Ի դեպ, արտահանման տվյալների մեջ աչքի է զարնում հատկապես լոլիկի տխուր վիճակագրությունը։ Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 18.4 հազար տոննա լոլիկ՝ 9.2 մլն դոլար արժեքով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում արտահանվել էր 30.2 հազար տոննա՝ 19.7 մլն դոլար։ Լոլիկի արտահանումը, այսպիսով, կրճատվել է 10.5 մլն դոլարով կամ 53%-ով։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ լոլիկի արտահանման ծավալների նախորդ տարվա թռիչքային աճն արհեստական բնույթ ուներ։

Թերևս, այսքանը։ Իհարկե, այնպես չէ, որ արտաքին առևտրի ոլորտում վիճակը վատ է։ Սակայն այնպես էլ չէ, որ ամեն ինչ հիանալի է, տեմպերն էլ՝ գոհացուցիչ։ Պարզապես լավը ներկայացնելուն զուգահեռ՝ պետք է ներկայացվեն նաև ոչ ցանկալի նրբերանգները։

Տեսանյութեր

Լրահոս