«Գուցե ՄԽ համանախագահ երկրների միջև կա որոշակի ստորջրյա մրցակցություն». Էդուարդ Շարմազանով

Հարցազրույց Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, սեպտեմբերի 3-ին Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2017» զորավարժություններին Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել, թեև նախապես հայտարարվել էր մասնակցության մասին։ Ի՞նչն է պատճառը։

– Հրաժարվում են մի բանից, որին մասնակցությունը պաշտոնապես հաստատել էին։ ՀՀ պաշտպանության նախարարության առաջին տեղակալը շատ հստակ նշել է, որ Հայաստանը պաշտոնապես վերջնական չի հաստատել, որ պետք է մասնակցի։ Ուստի, հրաժարվելու մասին խոսելը, կարծում եմ, փոքր-ինչ չափազանցված է։

Ինչ վերաբերում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ես կարծում եմ, որ այստեղ մենք չպետք է որևէ սենսացիա տեսնենք։ Այո, Հայաստանը շատ արդյունավետ աշխատում է ՆԱՏՕ-ի մեր գործընկերների հետ, և՛ նախկինում, և՛, կարծում եմ, ապագայում մենք կունենանք տարբեր ձևաչափերով համագործակցություն։ Բայց ինչ վերաբերում է մամուլում այս մեծ աժիոտաժին, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը գնում էր ՆԱՏՕ և հանկարծ կտրուկ հրաժարվեց։ Նման բան չկա, Հայաստանը ոչ թե ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի, այլ ՀԱՊԿ-ի անվտանգության համակարգի մաս է, ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է և շարունակելու է մնալ։ Մեր անվտանգության համակարգում առանցքայինը ՀԱՊԿ-ն է։ Չպետք է այնպիսի կարծիք լինի, որ Հայաստանը գնում էր ՆԱՏՕ և հանկարծ հրաժարվեց ՆԱՏՕ-ից։ Նման բան չկա։ Սա ընդամենը որոշում է, և այդպես է նպատակահարմար գտնվել։

– Բայց ՆԱՏՕ-ի նախորդ զորավարժություններին Հայաստանը մասնակցեց, իսկ հետո Կոլերովը հայտարարություն արեց, թե՝ եթե այդպես է, գնացեք, թող Թուրքիայի և Ադրբեջանի հետ հաշտեցումը ձեզ համար ՆԱՏՕ-ն ապահովի։

– Նախորդին մասնակցել ենք, և դա մեր շահերից էր բխում։ Արձանագրենք, որ նախորդին Ադրբեջանն ու Թուրքիան չեն մասնակցել, իսկ այս նորին մասնակցում են, նախկինը չի եղել որևէ երրորդ երկրի դեմ, կամ ռազմական բաղադրիչ է ունեցել, այլ եղել է ռազմաբժշկական ստորաբաժանումների զորավարժություններ, այսինքն՝ հումանիտար բնույթ է ունեցել։

– ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ, եթե արևմտյան երկրները հետևեին ԵԱՀԿ հռչակագրերին, Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ։ Ի՞նչ ի նկատի ունի Լավրովը, ո՞ր առումով չեն հետևել հռչակագրերին։

– Չեմ կարող ասել՝ ինչ նկատի ունի Լավրովը, գուցե համանախագահ երկրների միջև կա որոշակի, չասեմ՝ տարբեր մոտեցումներ, բայց ստորջրյա մրցակցություն։ Մեր կարծիքը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ հստակ է, մենք գտնում ենք, որ թիվ 1 մեղավորը և թիվ 1 պատասխանատուն, որ խնդիրը չի լուծվում, Ադրբեջանն է՝ իր դեստրուկտիվ մոտեցումներով։ Քանի դեռ Ադրբեջանը չի գիտակցում, որ Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը հանրաքվեով, քանի դեռ չի գիտակցում, որ պետք է վերացնել պատճառները, և ոչ թե՝ հետևանքները, բնականաբար, մենք առաջընթաց չենք ունենա։

Բայց այսօր մենք եկել ենք մի հանգրվանի, որ առաջին քայլը չկատարելով՝ ուզում ենք 17-րդն անել։ Իսկ առաջին քայլն այն է, որ եվրոպական երկրները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ որպես ՄԽ համանախագահներ, միջազգային հանրությունը պրեսինգի ենթարկեն Ադրբեջանին, որպեսզի կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները։ Եվ երբ ԵԱՀԿ-ի վրա կրակում են, ավելորդ դիվանագիտություն չանեն։ Կարծում եմ՝ իրենք շատ լավ գիտեն, թե որ կողմից է եղել կրակոցը՝ Չինարիի՞ կողմից, թե՞ ադրբեջանական։ Կարծում եմ՝ մենք խնդիր ունենք, այս անհասցե գնահատականները նաև լկտիացնում են Ադրբեջանին։ Այստեղ մենք մեր կարծիքը հստակ ասել ենք։

– Միացյալ Նահանգների հետ Ռուսաստանի հարաբերությունների մասին Լավրովն ասաց, թե միայնակ տանգո պարել հնարավոր չէ, իսկ ԱՄՆ-ը շարունակում է բրեյքդանս պարել։ Ձեր կարծիքով՝ ԱՄՆ–ՌԴ լարվածությունը ԵԱՀԿ ՄԽ-ում նրանց գործունեության վրա կզգացվի՞, կամ կարո՞ղ է՝ արդեն զգացվում է։

– Սկզբունքների առումով չի զգացվել, որովհետև 3 համանախագահներն էլ խոսում են 3 սկզբունքների, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտության մասին։ Գոնե հրապարակային մակարդակով սկզբունքներից հետքայլ որևէ կողմը չի արել, որևէ նոր պաշտոնական փաստաթուղթ չկա, որևէ հանդիպում չկա, և ինձ հայտնի չէ որևէ նոր պաշտոնական հայտարարություն, որտեղ ռուսական, ամերիկյան կամ ֆրանսիական կողմերը կունենան տարբեր կարծիքներ։

Մինչ այս բոլոր համանախագահների կամ համանախագահ երկրների նախագահների հայտարարությունները հստակ ամբողջական  և միասնական դիրքորոշում են ենթադրում։ Մյուս կողմից էլ, բնականաբար, յուրաքանչյուր կողմն այս տարածաշրջանում ունի իր շահերը, և կոնկրետ Ֆրանսիան, ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կարող են ունենալ իրենց մասնավոր, փոքրիկ մոտեցումներն այս կամ այն խնդրի շուրջ։ Բայց մենք չպետք է Ղարաբաղյան հարցը ռուս-ամերիկյան հարաբերություններում լոկալ դիտարկենք։

Այսօր դրանցում շատ ավելի մեծ տեղ է զբաղեցնում Մերձավոր Արևելքի խնդիրը, շատ մեծ են քրդական կնճիռը, սիրիական կնճիռը։ Տեսնոմ ենք, որ «Իսլամական պետությունն» աստիճանաբար գնում է դեպի անկում, և, փաստորեն, իշխանությունից Ասադին հեռացնելն այլևս առաջնային չէ։ Այսօր շատ ավելի կարևոր է, թե ինչ զարգացումներ կլինեն Մերձավոր Արևելքում, սեպտեմբերի 25-ի հանրաքվեն կկայանա՞, թե՞ ոչ, Իրաքում Քուրդիստան պետություն կլինի՞, թե՞ ոչ, ԱՄՆ-ը դրան կո՞ղմ է, թե՞ ոչ, Ռուսաստանը դեռևս պաշտոնապես չի խոսում, Իրանը որոշակի մտահոգություններ ունի, կա թուրքմենական գործոն, որը փորձում է Թուրքիան խաղացնել, և այլն։

Տեսանյութեր

Լրահոս