ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը հայտնվել է կրճատման սև ցուցակում

Մի քանի ամիս առաջ ԱՄՆ-ում լուրեր տարածվեցին, որ դիվանագիտական կորպուսի որոշ հաստիքներ կրճատվելու են։ Խոսքը վերաբերում էր Իրանի միջուկային ծրագրի, կլիմայի փոփոխության հարցերով զբաղվող հատուկ դեսպանորդներին։

Երեկ հայտնի դարձավ, որ այդ սև ցուցակում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը, թեև ընդամենը 1 օր առաջ հայտարարվել էր, որ այդ պաշտոնը ստանձնել է Էնդրյու Շեֆերը, որը նախկինում ներգրավված է եղել Կիպրոսի խնդրի բանակցային գործընթացում: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը գրել է Սենատի Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քորքերին ուղղված իր նամակում: Դրանում նշվում է, որ «հատուկ» կոչումը կհեռացվի, հետագայում Մինսկի խմբի համանախագահների գործառույթները կկատարի Եվրոպական և Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Քերի Քավանոն մտահոգություն է հայտնել, որ երկուշաբթի ԱՄՆ նորընտիր ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի անունը հրապարակվելուց հետո հայտնի է դառնում այդ հաստիքի կրճատման մասին։ Նա նշել է, որ, եթե ​​այդ անձը չի հաստատվում ԱՄՆ Սենատի կողմից, ապա նա չի ունենում դեսպանի կոչում՝ ի տարբերություն ռուսական և ֆրանսիական համանախագահների: «Նման քայլը, ամենայն հավանականությամբ, կդիտարկվի՝ որպես ազդանշան` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման 25-ամյա գործընթացին ԱՄՆ-ի աջակցությունը նվազեցնելու, և հնարավոր խթան՝ Ռուսաստանի դերի մեծացման համար»,- ասել է դեսպանը:

Խնդրի շուրջ զրուցել ենք ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։

Կարդացեք նաև

– Պարոն Սարգսյան, հնարավո՞ր է՝ իսկապես կրճատեն Մինսկի խմբի համանախագահի հաստիքը և ինչ-որ այլ պաշտոնյա համատեղի այն։

– Շուրջ 3 ամիս առաջ նման խոսակցություններ կային ԱՄՆ Պետդեպարտամենտում, նման տեղեկատվության արտահոսք եղավ Սպիտակ տնից, որ այնտեղ լուրջ քննարկումներ են լինում, որպեսզի կրճատվեն որոշ հաստիքներ, մասնավորապես՝ որոշ հատուկ հանձնարարականներով դեսպաններ, և այլն։ Այժմ պարզ է դառնում, որ այդ տեղեկատվությունը ճիշտ էր, և ԱՄՆ-ում սկսվել է այդ գործընթացը, մասնավորապես՝ հատուկ հանձնարարականներով դեսպանների և այլ դեսպանների հաստիքները կա՛մ կրճատվում են, կա՛մ նրանք անցնում են թոշակի, կա՛մ պարզապես միացվում են այլ հաստիքների հետ։

– Ի՞նչ կարող է լինել կոնկրետ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի դեպքում։

– Մինսկի խմբի համանախագահի դեպքում ոչինչ չի կարող լինել այն առումով, որ Միացյալ Նահանգները շարունակելու է մնալ ՄԽ համանախագահ պետություն, ունենալու է ՄԽ-ում իր դեսպանին, կամ ներկայացուցչին։ Օրեր առաջ այդ պաշտոնը ստանձնել է Էնդրյու Շեֆերը, որին բավականին երկար նախապատրաստել են այդ պաշտոնի համար, ինչի մասին խոսել է նաև նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։ Ընդամենը հնարավոր է, որ նա լինի ոչ թե հատուկ հանձնարարականներով դեսպան, այլ, ենթադրենք, Եվրոպայի և Ասիայի հարցերով բյուրոյի կազմում ինչ-որ մի հաստիքի վրա գրանցված լինի և այնտեղից շարունակի իր աշխատանքը։ Այսինքն՝ ըստ էության, որևէ վտանգավոր բան չեմ տեսնում ՄԽ գործընթացի համար։ Այլ հարց է, որ հնարավոր է, որ, եթե նոր հաստիք լինի այդ բյուրոյի կազմում, որտեղ էր նաև ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Հեֆերնը, ապա մեծանալու է նրա աշխատանքի ծավալը։ Բայց, կրկնում եմ, որ դա չի նշանակում, որ դա բացասաբար է անդրադառնալու ԱՄՆ-ի՝ որպես ՄԽ համանխագահի դերակատարության վրա։

– Այսինքն՝ որևէ դիրքի թուլացում չի՞ լինի։

– Ոչ, բացարձակ չի լինի, որովհետև ընդհանրապես Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունն ու ներգրավվածությունն այս տարածաշրջանում սկզբունքային խնդիր է և, մասնավորապես, այս հակամարտությունը լուծելու առումով Միացյալ Նահանգները ստանձնել է լուրջ պարտավորություններ, և ես վստահ եմ, որ դիրքերի թուլացում Միացյալ Նահանգները չեն անի։

– Մյուս համանախագահների կողմից այս փոփոխությունն ինչպե՞ս կընկալվի։

– Իհարկե, շատ ադեկվատ կընկալվի, որովհետև նրանց համար, մեծ հաշվով, տարբերություն չկա՝ Միացյալ Նահանգների համանախագահը հաստիքով գրանցվա՞ծ է՝ որպես հատուկ հանձնարարականներով դեսպան կամ պարզապես դեսպան, թե՞ գրանցված է Պետդեպարտամենտի այս կամ այն կառուցվածքային ստորաբաժանման մեջ։ Որևէ տարբերություն չկա, համանախագահներն աշխատելու են նույն սկզբունքներով, աշխատելու են նույն ռիթմով և ակտիվությամբ, ինչպես աշխատել են վերջին 20 տարիների ընթացքում։

– Փաստորեն, նորանշանակ համանախագահ Շեֆերը չի փոխվի և կաշխատի այդ պաշտոնում։

– Ոչ, չի փոխվի։ Մի կարևոր բան պետք է հասկանալ՝ Ուորլիքն Օբամայի վարչակազմի ներկայացուցիչ էր, Շեֆերը՝ Թրամփի, իսկ Հոգլանդն ընդամենն անցումային փուլի ժամանակավոր համանախագահ էր, որ բավականին լավ տիրապետում էր խնդրին։ Նա շատ լավ գիտի Հայաստանը, որովհետև եղել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու, բայց չի հաստատվել այդ պաշտոնում հայտնի պատճառներով, մասնավորապես՝ Ցեղասպանության հարցում իր դիրքորոշման պատճառով։ Հոգլանդն աշխատեց՝ մինչև նոր համանախագահը գա, մտնի գործընթացների մեջ, ծանոթանա, ուսումնասիրի, կողմերի դիրքորոշումները հասկանա, որի համար ժամանակ էր հարկավոր։ Այսինքն՝ դրանով էր պայմանավորված, որ Շեֆերը միանգամից չնշանակվեց, այլ Հոգլանդը եղավ ժամանակավոր համանախագահ։

– Շեֆերի աշխատանքը ՄԽ-ում արդյունավետ կլինի՞՝ հաշվի առնելով նրա կիպրոսյան փորձը։

– Հնարավոր է՝ նա նոր էներգիա, նոր ակտիվություն, նոր նախաձեռնողականություն, նոր շունչ բերի ՄԽ աշխատանքներում, բայց դրանից ՄԽ-ի աշխատանքները ո՛չ տուժելու են, ո՛չ էլ ինչ-որ մեծ սպասելիքներ կարելի է ունենալ։ Համենայն դեպս, Միացյալ Նահանգները կրկին շեշտադրում է, որ ունի հետաքրքրություններ մեր տարածաշրջանում և չի պատրաստվում դրանցից որևէ կողմ շեղվել։

– ԵԱՀՄ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան աչքի ընկավ իր ադրբեջանամետությամբ։ Շեֆերի դեպքում նախկինում նկատվե՞լ է նման բան, նա ինչ-որ կողմնորոշում ունի՞։

– Ոչ, չի եղել նման բան։ Նա սկզբունքային դիրքորոշում է ունեցել շատ հարցերի շուրջ, շատ ակտիվ բանակցել է Կիպրոսի խնդրի շուրջ, լավ մասնագիտացված է հակամարտությունների լուծման տեսության մեջ, ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետ է եղել, իր վերջին պաշտոնավարումը Վիեննայի ԵԱՀԿ գրասենյակում էր։ Ըստ տարբեր աղբյուրների՝ լուրջ, արհեստավարժ դիվանագետ է, և որևէ առնչություն կամ կապ, որ մեզ կարող էր անհանգստացնել, Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ չի ունեցել, ըստ էության՝ այդ մասին տեղեկություն չկա։ Չնայած Բրայզայի վերաբերյալ էլ նման տեղեկություններ չկային, երբ նա նշանակվում էր համանախագահի պաշտոնում, նա հետագայում ամուսնացավ ազգությամբ թուրք Զեյնո Բարանի հետ։ Պետք է նաև հաշվի առնելով, որ Միացյալ Նահանգներում բարձրաստիճան պաշտոնյաները, օրինակ՝ կոնգրեսականները, դեսպանները և այլն, դիվանագիտական ծառայությունից դուրս գալուց հետո դառնում են լոբբիստներ։ Եվ այս առումով տրամաբանական է, որ ցանկացած դիվանագետ իր ծառայության ընթացքում ձեռք բերած կապերը հետագայում փորձում է ծառայեցնել գումար աշխատելու համար։ Դա ԱՄՆ-ում թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական պաշտոններում նորություն չէ։

Տեսանյութեր

Լրահոս