Ի՞նչ են եղել ՀԱԷԿ-ը շահագործումից հանելու հատուկ ֆոնդը և հավաքված գումարները
Մոտ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայկական ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու օրենսդրական նախագծին։
Դեռ 2007 թվականին ընդունված ռազմավարության համաձայն՝ ԱԷԿ-ը շահագործումից հանվելու էր հաջորդական ապամոնտաժման միջոցով, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում:
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ 10 տարի առաջ ընդունված ծրագրով, որը ֆինանսավորում էր հիմնականում Եվրոպական միությունը, 2 բաղադրիչ կար, առաջինը ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շահագործումից դուրսհանումն էր։
«Ժամանակին դա չէր իրականացվում, հիմա, փառք Աստծո, կառավարությունը սկսել է ձեռնամուխ լինել այդ ծրագրին։ Դա շատ ճիշտ է, պետք է անել, ուղղակի անհասկանալի է, թե ինչո՞ւ այսքան ուշ»,- ասաց Ա.Մարջանյանը։
Նա ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա. ՀԱԷԿ-ը շահագործումից դուրս հանելու համար եվրոպացիները պարտադրել էին Հայաստանին հատուկ ֆոնդ ստեղծել, որը պետք է տարեցտարի համալրվեր մեր հանրապետությունում գոյացած միջոցներից, որ հետո այդ գումարներն օգտագործվեին շահագործումից դուրս հանելու աշխատանքների համար. «Հետաքրքիր է, որ 2007 թ.-ից մինչև հիմա ոչ մեկը չի ասել, թե այդ ֆոնդը գործո՞ւմ է, չի՞ գործում, ինչքա՞ն գումար է հավաքվել, ինչքա՞ն է ծախսվել։ Այդ հարցն այդպես էլ անհասկանալի մնաց»։
Հիշեցնենք, որ ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310.37 մլն ԱՄՆ դոլար, որն իրականացվելու է 3 փուլով.
առաջին փուլ՝ շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տևողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն եվրո,
երկրորդ փուլ՝ հետշահագործման փուլի տևողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70 մլն եվրո:
Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն եվրո: