Բաժիններ՝

«Հանցագործություն է երեխայից իր մանկությունը խլելը նրան՝ չափից դուրս ինֆորմացիա հաղորդելու համար». Միխայիլ Կազինիկ

Երաժիշտ, փիլիսոփա և մանկավարժ Միխայիլ Կազինիկը պատմում է, թե ինչու է դպրոցը նման բորտուղեկցորդուհու, ինչու պիտի ֆիզիկայի ուսուցիչները խոսեն Բախի մասին, և ով է երեխաներից գողանում նրանց կյանքի լավագույն տարիները:

Իմ մանկության տարիներին ուսուցիչներն ավելի գիտակ էին, քան հիմա են: Կրթությունն էլ ավելի հիմնավոր էր: Եվ, միևնույն է, ես համարում եմ, որ շատ ժամանակ եմ իզուր վատնել: Ափսոս է մանկությունը, որում այնքան շատ է անպիտան ինֆորմացիան: Օրինակ, դպրոցում պատմությունից գերազանց գնահատականներ ստացածներին երբ հարցնում եմ, թե ինչ բան է պատմության մեջ մեկուսացումը, ոչ ոք չի հիշում, բացի պատմության ուսուցչից: Եվ ես մտածում եմ՝ եթե համատարած ոչ ոք չպիտի հիշի, թե դա ինչ է, ուրեմն դա այնքան էլ կարևոր բան չի, չէ՞: Եվ ուրեմն, ինչո՞ւ ենք մենք այդ դասը սերտել անիմաստ:

Կամ՝ ինքնաթիռներում ամեն անգամ բորտուղեկցորդուհին պատմում է անտանգության տեխնիկայի մասին, և, իհարկե, ոչ ոք ոչինչ չի հիշում: Չկան այդպիսի պատմություններ, երբ մարդը, ասենք, հետևել է անվտանգության տեխնիկայի կանոններին, հետո ինքնաթիռն ընկել է, իսկ ինքը` փրկվել: Ա՛յ, ինձ մեր դպրոցը հիշեցնում է այդ ուղեկցորդուհուն, որը միշտ պարտավոր է ամեն ինչ պատմել:

Ժամանակակից դպրոցն անցյալ դարերի դպրոց է, այն բացարձակապես իրավաչափ չէ: Առաջ ամեն ինչ հասկանալի էր. Բացի ուսուցիչներից, ինֆորմացիայի այլ աղբյուրներ չկային, իսկ այժմ` համացանցի դարում, նրանք այլևս այդքան էլ ակտուալ չեն: Ոչ մի, նույնիսկ ամենահիանալի աշխարհագրության ուսուցիչը չգիտի այն ամենի չնչին մասը, ինչ կա համացանցում: Ցանկացած նորմալ երեխա իր ցանկացածը վայրկյանների ընթացքում կգտնի համացանցում:

Կարդացեք նաև

Այսօրվա դպրոցը պետք է փոխել, քանի որ այժմ այն վայրի անկրթության օրրան է: Մենք երեխաներից խլում ենք նրանց կյանքի լավագույն 10 տարիները, իսկ փոխարենը՝ ստանում ենք անորակ երաժշտության երկրպագուների: Բայց չէ՞ որ այդ 10 տարիների ընթացքում նրանք ուսումնասիրել են մեծագույն գրականություն ու երաժշտություն, ապացուցել են թեորեմներ, սովորել տրամաբանական մտածողություն: Եվ այս ամենից հետո մենք ունենում ենք շրջանավարտ, ով չի կարող իրար կապել 5 հնչյուն, ում աջ և ձախ կիսագնդերի ուղեղներն իրար ոչ մի կերպ չեն համապատասխանում, և ում բառապաշարը հագեցած է այնպիսի բառերով, որոնք երբևէ ոչ մի ուսուցիչ չի սովորեցրել:

Դպրոցը չի համապատասխանում սոցիումի պահանջներին: Միակ փրկությունն այս պարագայում այլ, ապագայի դպրոցն է, ուր յուրաքանչյուր առարկա պետք է դասավանդվի այլ առարկաների համակցությամբ: Չկան իրարից անջատ առարկաներ, կա աշխարհի համայնապատկերային նկարագիրը: Եվ հենց դա էլ մեզ տալիս է ինչպես՝ նոբելյան դափնեկիրների, այնպես էլ՝ նորմալ մտածողությամբ նորմալ մարդկանց: Կատարյալ դպրոցը համայնապատկերային տեսության ստեղծումն է:

Իմ դպրոցում բոլոր դասերը համակարգային-ալիքային են: Նրանք միմյանց հետ կապված են միասնական հասկացությամբ, երևույթով, առարկայով, իրով: Մի դասը կարող է մեկ օր տևել, և վարում են այն բոլոր ուսուցիչները, ովքեր կապ ունեն այդ երևույթի հետ: Ինչո՞ւ եմ ասում՝ միանգամից մի քանի ուսուցիչներ են վարում դասը: Շատ նվաստացուցիչ է ժամը մեկ դասարանից դասարան վազել, շարունակ փոխել մթնոլորտն ու հարմարվել դրան: Սովորական դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ բացարձակ չի հարաբերվում ուրիշ ուսուցչի և նրա առարկայի հետ:

Օրինակ, ֆիզիկայի ուսուցիչն անգամ չի էլ մտածում, որ միգուցե հենց նոր երեխաների մոտ աշխարհագրության դաս էր, և չի հասկանում, թե ինչու ինքը չի կարողանում կարգապահություն հաստատել: Իսկ հետո գալիս է այն ուսուցիչը, ում երեխաները շատ են սիրում, և նա կարիք էլ չի ունենում կարգապահություն հաստատելու: Միգուցե և սա լավ է, բայց հնարավոր չէ դպրոց կառուցել ուսուցիչների անհատականության վրա: Բոլոր նոբելյան բացահայտումներն արվել են միջկարգապահական մակարդակում, առարկաների հանգույցում:

Պետք է սկսել առանձին կետերից: Իմ առաջարկածն ավելի բանական է, քան այն դպրոցը, որում խեղճ ուսուցիչն անընդհատ հարմարվում է տարբեր դասարանների: Իմ մեթոդիկան անցած ֆիզիկայի ուսուցիչը գալիս է դպրոց ու խոսում Բախի մասին, քիմիկոսը միացնում է Բորոդինի երաժշտությունը, որի միջոցով էլ պարզ է դառնում երաժշտության և քիմիական ռեակցիաների միջև կապը: Երաժշտությունը սնուցում է ուղեղը. Ես դա գիտեմ` դատելով նոբելյան դափնեկիրներից: Իմ դպրոցում յուրաքանչյուր ուսուցիչ սկսում է անսպասելիից, անսովորից: Դա հեռացման սկզբունքն է: Պետք չէ գրականության դասին մտնել դասարան ու սկսել հետևյալ կերպ` ռուս մեծ գրող Դոստոևսկին…

Ավելի լավ է ինչ-որ դեդեկտիվից կամ մի ուրիշ բանից սկսել: Դասի վերջում աշակերտներն իրենք պիտի հասկանան, որ Դոստոևսկին ռուս մեծ գրող է:

Հումորի զգացումը մանկավարժի համար շատ կարևոր որակ է

Ինձ մոտ աշխատելու ևս մի պայման է հումորի զգացում ունենալը: Հասկանալի է, որ ոչ բոլորն այն ունեն: Այդ դեպքում նրանք չեն կարող ուսուցիչ աշխատել: Աշակերտների լարվածությունը թուլացնելու համար ուսուցիչը երբեմն պետք է հումորային պատմություններ պատմի նրանց: Բացի դրանից, գիտելիքի չափման միավորը թեստերն ու տարատեսակ քննությունները չպետք է լինեն: Միգուցե երեխան այդ պահին չի հիշում Ջոմոլունգմայի բարձրության ճշգրիտ թիվը, բայց կարող է պատմել նրա ստորոտում սկիզբ առած կրոնի մասին, կամ այլ հետաքրքիր տվյալներ հաղորդի:

Ուսուցումը ոչ բանտ է, ոչ էլ բանակ: Դա Պլատոնի ակադեմիայի պայծառ անկյունն է, ուր մարդիկ ժպտալով տարբեր բաներ են սովորում: Երեխան ոչ համակարգիչ է, ոչ էլ Սովետական մեծ հանրագիտարան: Կարևորն այն է, որ երեխան երջանիկ լինի, իսկ ժամանակակից դպրոցում դրան հասնելն իրատեսական չէ:

Դեպի գիտելիքներ գլխավոր շարժիչը

Նորմալ արդյունաբերական հասարակությանը մաթեմատիկոսների միայն 1% է պետք: Մնացածները պետք է իմանան միայն փող հաշվել: Ուրեմն ինչո՞ւ բոլոր երեխաներին տանջել մաթեմատիկական դետալներով, որոնք հաջորդ օրն իսկ հիմնովին մոռացվելու են: Երկրին պետք են, ասենք, 3% ֆերմերներ, 1.5% քիմիկոսներ, ևս մի քանի տոկոս` բանվորներ: Բնակչության մնացած մասը թող լինեն ազատ մասնագիտության տեր մարդիկ, ինչպես Շվեդիայում:

Պետք է փոխվի ողջ կրթական համակարգը: Բոլոր առարկաներից շատ գիտելիքները ոչ մեկի պետք չեն: Ինչների՞դ է պետք ուսումնասիրել Դանիայի աշխարհագրությունը: Երբ մեկնեք այնտեղ, միևնույն է, ամեն ինչ կիմանաք, իսկ եթե չեք լինելու երբևէ Դանիայում, ինչո՞ւ ավելորդ ծանրաբեռնվել: Այլ հարց է, եթե դա անեք Անդերսենի հեքիաթների միջոցով: Իմ դասը նրա հեքիաթները միավորում է աշխարհագրության, պատմության, Կոպենհագենի գեղեցկության, Ջրահարսի սիրո պատմության հետ, մի խոսքով, այն ամենի, ինչ կապ ունի Դանիայի հետ:

Դեպի գիտելիք շարժիչ ուժը սերն է: Մնացած ոչինչ դեր չունի: Մարդը գիտի այն, ինչ սիրում է: Պետք չէ գլուխը մտցնել մաթեմատիկա կամ երկրաչափություն: Ժամանակակից դպրոցին չեն բավականացնում արվեստը, մշակույթը և հռետորաբանությունը: Մարդկային ողջ զարգացումից հիմնավոր ու մնայուն են միայն մշակույթն ու արվեստը: Մնացածը ոչինչ է, և թե ով է թագավորել Շեքսպիրի կամ Բախի ժամանակներում, հանգիստ պետք եղած ժամանակ կարելի է շատ արագ գտնել ու իմանալ: Մշակույթն ու արվեստը պետք են, որպեսզի մարդիկ իրար չսպանեն: Դպրոցը պետք է մանկության ուրախ հիշողություն լինի, մարդու կյանքի ամենալուսավոր ժամանակը: Միևնույն է, ամեն տարվա հետ մենք ավելի ենք մոտենում մահվանը: Այդ առումով կյանքն առանց այն էլ բավականին տխուր բան է: Ու երեխաներից խլել մի հատ էլ մանկությունը, որպեսզի նրանց հաղորդես մեծ քանակի ինֆորմացիա, որը նրանք երբեք չեն հիշելու ու պետք էլ չէ, հանցավոր գործելակերպ է: Պետք է ունենալ ոչ թե ֆիզիկոս կամ մաթեմատիկոս, այլ ՄԱՐԴ:

Պատրաստեց Մարիա Ղուկասյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս