«Մենք չպետք է նայենք, թե ի՞նչ կարող ենք առաջարկել, վաճառել, պետք է նայենք, թե ի՞նչ կարող ենք միասին անել». Վահան Շաքարյան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հետ փետրվարի 24-ին ստորագրված հուշագրի դրույթների իրականացման արդյունքները՝ տեղեկացրեց, որ արդեն 5 երկրներում բացվել են ներկայացուցչություններ՝ ԱՄՆ, Բելգիա, Ֆրանսիա, Բոլիվիա, Իտալիա։ Ստորագրված հուշագրի համաձայն` պետական և մասնավոր հատվածի գործընկերության միջոցով թիրախային շուկաներում պետք է ստեղծվեին ներկայացուցչություններ, որոնք կնպաստեին երկրի տնտեսության և ՏՀՏ ոլորտի ներդրումային վարկանիշի բարձրացմանը, ՏՀՏ ոլորտի արդյունքների վերաբերյալ իրազեկվածության բարձր մակարդակի ապահովմանը։
«Այդ երկրներից մեծ ընկերություններ են եկել Հայաստան, հանդիպումներ են ունեցել տարբեր նախարարությունների հետ, ՏՀՏ ընկերությունների հետ, ստորագրվել են տարբեր հուշագրեր, և մոտ մեկ շաբաթվա ընթացքում կստորագրվի մեկ պայմանագիր, որպեսզի Հայաստանում գիտահետազատական լաբորատորիա բացվի»,- նկատեց նախարարը։
Նա նշեց, որ համագործակցությունը լինելու է IDS ընկերության հետ, որը մուլտիազգային ընկերություն է, բայց գտնվում է Իտալիայում։ Նախարարի խոսքով՝ մինչև աշուն կբացվեն ներկայացուցչություններ նաև Մեքսիկայում, Ռուսաստանում, Իրանում, Իսպանիայում։
«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումից հետո կատարված աշխատանքի շնորհիվ արդեն շարժ կա.
«Դա նշված երկրներում մեր ներկայացուցչությունների գոյություն ունենալն է, և արդեն որոշակի կոնկրետ աշխատանքներ են սկսվել։ Բոլիվիայի մասնավոր և պետական ներկայացուցիչները 10 օր տևողությամբ այց ունեցան Հայաստան, որի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան և՛ կազմակերպությունների, և՛ նախարարությունների հետ, ստորագրվել են հուշագրեր, և ամենակարևորը՝ մշակվել են այն ուղղությունները, որով Բոլիվիայի ներկայացուցչությունը պիտի սկսի ակտիվացնել իր աշխատանքները Հայաստանի հետ»։
Հարցին, թե ի՞նչ է վաճառել Հայաստանն այս ընթացքում, պարոն Շաքարյանը պատասխանեց. «Մենք վաճառում ենք ՏՏ և գիտություն։ Սա արագ չի լինում, մինչև որ համապատասխան աշխատանքներ են տարվում, փորձարկումներ են արվում, ծրագրեր են մշակվում»։
Նրա խոսքով՝ վաճառվում է software, hardware-ի դիզայն, նոր Start Up գաղափարներ, ՏՏ գյուղատնտեսության ոլորտում օգտագործելու համար. «Օրինակ՝ Բոլիվիայում կա 8 մլն կով, 12 մլն բնակչություն։ Նրանք ուզում են, որ մենք Հայաստանում մշակենք հատուկ GPS համակարգեր կովերի վզին կախելու համար, որովհետև այնտեղ երբ կովերն արածում են, ոչ մեկը չի կարողանում վերահսկել, թե իր կովը որտե՞ղ է։ Բոլիվիական կողմը սրա համար ունի որոշակի ֆինանսական բյուջե, մենք աշխատում ենք Հայաստանում այնպես, որ իրենց ֆինանսականին համապատասխանի, մենք էլ եկամուտ ունենանք։ Այդ համակարգերի մարտկոցները կաշխատեն արևային էներգիայով, իսկ փորձարկումն արվելու է այնտեղ, քանի որ եղանակային, աշխարհագրական խնդիրներ կան»։
Վահան Շաքարյանի խոսքով՝ խնդիր կա ՀՀ-ում գտնելու համապատասխան մասնագետների՝ լեզվի բավարար իմացությամբ, տնտեսագիտության, մարքետինգի, PR-ի ուղղությամբ, որոնք պատրաստ լինեն աշխատելու դրսում։
Նա նշեց, որ իրենք ունեն ձևավորած 60 հոգանոց խումբ, որոնց հետ արդեն 4 ամիս դասընթացներ են անցկացվում, բայց դեռ չկան այն թեկածուները, որոնք պատրաստ կլինեն դրսում աշխատելու, իսկ արդեն բացված ներկայացուցչություններում աշխատում են տեղի մասնագետները, որոնք համապատասխանում են ընկերության պահանջներին։
«Այն երկրներում, որտեղ կան համապատասխան մեր ազգի ներկայացուցիչներ, նրանց ենք ընտրել։ Բոլիվիայում և Իտալայում չկան հայեր, այնտեղ աշխատում են՝ բոլիվիացի և իտալացի, իսկ մյուս երկրներում՝ տեղացի հայ մասնագետներ ենք ընտրել։ Բայց մեր հիմնական նպատակն է՝ այստեղ պատրաստել մասնագետների, որոնք կաշխատեն դրսում և կներկայացնեն մեր երկրի տեխնոլոգիաներն ու գիտությունը։ Ամենամեծ խնդիրը լեզվի իմացությունն է, մյուսը՝ ճիշտ պատկերացումն արևմտյան բիզնեսի, մտածելակերպի, աշխատաոճի, առևտրի, և այլն»,- նկատեց պարոն Շաքարյանը։
Հարցին՝ մի՞թե հնարավոր չի լինի այդ աշխատանքը համակարգել համացանցով և գումար խնայել, նա պատասխանեց, թե կա վիճակագրություն, որ մարդկանց 95 տոկոսից ավելին սխալ տեղեկատվություն է տալիս մեյլով, քան երես առ երես հանդիպումների ժամանակ, և տեխնիկական մասերի քննարկման ժամանակ այնտեղ մասնագետ է պետք. «Այնտեղ ներկայացուցիչ ունենալը շատ կարևոր է, իսկ մեծագույն խնդիրն է՝ PR, մարքետինգ անելը: Ամեն երկրում կա իր պահանջը»։
Անդրադառնալով այն խնդրին, թե ինչ թիրախային ցուցանիշներ կան մի քանի տարվա համար, Վ. Շաքարյանն ասաց, որ կոնկրետ թիրախային ցուցանիշներ դեռևս չկան, և հույս հայտնեց, որ համակարգը 3-5 տարվա ընթացքում կկարողանա «իր գլուխը պահել»։
Խոսելով երկրների ընտրության մասին՝ բանախոսն ասաց. «Բոլիվիան մեզ համար էկզոտիկ երկիր է, բայց գտնվում է Բրազիլիա, Արգենտինա երկրներին շատ մոտ և ամենաքիչ ուսումնասիրված երկիրն է։ Պարզվեց, որ այնտեղ ՏՀՏ ոլորտը շատ հետ է։ Օրինակ՝ եթե ուզում են այնտեղ վճարել լույսը, գազը, դա արվում է քաղաքում, այն էլ՝ մեկ բանկում, ու մարդիկ երկար հերթ են կանգնում, որ վճարում կատարեն։ Բոլիվիայինը բավականին բաց շուկա է, հնարավորությունները մեծ են, մեր ունեցած ՏՀՏ ոլորտի ապրանքների ինքնարժեքը հաշվի առնելով՝ դա մեզ համար բավականին մատչելի երկիր է, նաև տեղափոխման խնդիր չկա։ Բայց երկրներն ընտրելիս՝ սկզբունքը թուլությունը չէ, նաև նայում ենք համապատասխանությանը. մենք ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք անել»։
Նա նկատեց նաև, որ ՏՀՏ ոլորտում մեր պատկերացումն ամբողջական չէ այն առումով, որ մենք չպետք է նայենք, թե ի՞նչ կարող ենք առաջարկել, վաճառել, պետք է նայենք, թե ինչպե՞ս կարող ենք համագործակցել, ի՞նչ կարող ենք միասին անել, ի՞նչ կարող ենք իրենցից վերցնել, որովհետև տարբեր ուղղություններով համագործակցությունը մեծ հնարավորություն է բացում մեր ոլորտում։
Ռոզա Հակոբյան