Կառավարությունը կարգավորում է ՔԿՀ-ներում հացադուլի դեպքերը

ՀՀ կառավարությունն այսօրվա որոշմամբ՝ փոփոխություն կատարեց 2006թ. ընդունված որոշման մեջ։ Նախագիծը կառավարության նիստին ներկայացրեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը վերաբերում է քրեակատարողական հատսատություններում հացադուլի հետ կապված հարաբերությունների կարգավորմանը։

«Բանն այն է, որ հացադուլ շատ հաճախ են հայտարարում անձինք, բայց հարաբերություններն ամբողջովին կարգավորված չեն եղել։ Առաջարկում ենք համապարփակ կարգավորել այն՝ նախատեսելով՝ ինչ է նշանակում հացադուլը, ինչպես է այն արձանագրվում, ինչ գործողություններ պետք է կատարվեն արձանագրումից հետո, ինչ պայմաններում պետք է պահվեն, որ դեպքերում պետք է նրանց բժշկական օգնություն տրամադրվի»,- ասաց նա։

Առաջարկվող նախագծում նշվում է, որ հացադուլ իրականացնող անձի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը ենթակա է անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից:

Հացադուլ իրականացնելու փաստը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից արձանագրվելուց հետո քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրան փոխարինող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին գրավոր հաղորդում է ներկայացնում Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին և Դատախազության համապատասխան ստորաբաժանում, իսկ կալանավորված անձի դեպքում` նաև քրեական վարույթն իրականացնող մարմնին` նշելով հացադուլ իրականացնող անձի անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը,  Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման համար նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը կամ նշանակվել է ազատությունից զրկելու հետ կապված պատիժ,  կալանավորման կամ պատժի սկիզբը, հացադուլի պատճառը, հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարությունը (դրա առկայության դեպքում), այն սկսելու տարեթիվը, ամսաթիվը, օրը և ժամը:

Ըստ նախագծի՝ հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում ՔԿՀ վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին, նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա կողմից ընտրված անձին: Հացադուլ իրականացնող անչափահաս անձի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում:

Հացադուլ իրականացնող անձի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի կամ նրան փոխարինող անձի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները` անկախ ուղղիչ հիմնարկի տեսակից (բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալների):

Ըստ նախագծի՝ հացադուլ իրականացնելու ժամանակահատվածում հացադուլ իրականացնող անձը գտնվում է մշտական (ամենօրյա) բժշկական հսկողության ներքո: Բժիշկը հացադուլ իրականացնող անձին նրան հասկանալի լեզվով ներկայացնում է սննդամթերքից և (կամ) ջրից հրաժարվելու հետևանքով առողջական վիճակի հետագա վատթարացման ռիսկերը և այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն հացադուլ իրականացնողի առողջական վիճակի չվատթարացման նպատակով:

Տեսանյութեր

Լրահոս