«Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից». Ռիչարդ Գիրագոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանն այսօր կազմակերպված «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և  անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային գիտաժողովի ժամանակ առանձնացրեց 3 գործոն, որոնք, ըստ նրա՝ կարևոր են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում։

«Նախ՝ երբ նայում ենք Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններին՝ փորձառության փոխանակումն է, Հայաստանի ունակությունը՝ պատրաստվել գալիք սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Երկրորդն այն է, թե ինչպես է Հայաստանը խորացնում իր բարեփոխումները, այսինքն՝ բարեփոխումների հաջորդ սերնդի մասին է խոսքը, որոնք սևեռվում են ոչ թե՝ քանակի, այլ՝ որակի վրա, երբ Հայաստանի պաշտոնական բարեփոխումների ոլորտի հիմնական մասը սևեռվում է կրթության վրա։ Երրորդը՝ արդիականանացումն է և պրոֆեսիոնալիզացիան։ Ի տարբերություն իր հարևանների՝ Հայաստանն առաջարկում է ավելի կանխատեսելի, կայուն և պրոֆեսիոնալ զինուժ»։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երկրորդ ասպեկտը, ըստ Գիրագոսյանի՝ վերաբերում է նոր հնարավորություններին: Նրա խոսքով՝ Հայաստանի առջև բացվող առաջին հնարավորությունը քաղաքացիական վերահսկողության կարևորությունն է, որը, մասնավորապես, կարևոր է Հայաստանի համար հիմա, քանի որ ՀՀ-ն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի։

«Բարեբախտաբար, ի տարբերություն հետխորհրդային շատ պետությունների՝ Հայաստանը տպավորիչ և կայուն հարաբերություններ ունի քաղաքականության և զինուժի միջև, զինուժը չի խառնվում քաղաքականությանը։ Այս իմաստով մեծ առավելություններ ունենք մեր հարևանների նկատմամբ։ Երկրորդ կարևորությունն ինստիտուցիոնալ պատասխանատվությունները զարգացնելու հնարավորությունն է: Եվ վերջապես, նոր հնարավորություններ են բացվում Հայաստանի առջև, ինչը թույլ է տալիս նվազեցնել մեկ գործընկերոջից գերկախվածության մեջ լինելու ռիսկերը»։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների երրորդ և վերջին ասպեկտը, ըստ նրա՝ այն է, թե ինչպես է Հայաստանը զարգանում. «Հայաստանն անվտանգության սպառող չէ, այլ դարձել է նպաստ բերող տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը։ Դրա մասին են վկայում տարբեր երկրներում տեղակայված մեր խաղաղապահ ուժերը։ Հայաստանը՝ որպես ՆԱՏՕ-ի վստահելի գործընկեր, նշանակալի հնարավորություններ է ընձեռում ՆԱՏՕ-ի մանդատն ու առաքելությունն ամրացնելու հարցում։ Այս իմաստով՝ մենք պետք է խորացնենք գիտելիքները ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների մասին, և իրատեսական ակնկալիքներ ունենանք ՆԱՏՕ-ից։ Առաջին հերթին՝ մենք ՆԱՏՕ-ի գործընկերն ենք, ոչ թե՝ անդամը»։

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների խորացումը, փորձագետի գնահատմամբ՝ հակառուսական ջանքեր չեն Հայաստանի կողմից. «Հայաստանը ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ լինելով՝ եզակի օրինակն է նրա, որ ապացուցում է՝ ՆԱՏՕ-Ռուսաստան մրցակցությունը պարտադիր չէ, որ Հայաստանը դարձնի մեկուսացված։ Մյուս կողմից՝ Հայաստանը հնարավորություն է տալիս կամուրջ հանդիսանալ երկու մրցակցող վեկտորների միջև։ Մենք մեր սպառազինությունը ստանում ենք Ռուսաստանից, իսկ արժեքներն ու փորձառությունը՝ ՆԱՏՕ-ից, մենք երկուսի կարիքն էլ ունենք»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս