Բենզինի եվ դիզվառելիքի հայաստանյան շուկան. Ծավալները եվ հիմնական խաղացողները

Բենզինի և դիզվառելիքի շուկան մշտապես գտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն դեպքերում, երբ վառելիքը թանկանում է, հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ աճում է:

Որքան բենզին և դիզվառելիք է սպառվում Հայաստանում

Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստան է ներկրվել 318.2 հազար տոննա նավթ և նավթամթերք՝ 198.5 մլն դոլար մաքսային արժեքով։ Արտաքին տնտեսական գործունեության 2710 կոդով այս ապրանքախմբի մեջ մտնում են ոչ միայն բենզինն ու դիզվառելիքը, այլև մեքենաների յուղերն ու նմանատիպ այլ արտադրանք։ Այսինքն՝ մաքսայինի տվյալների հիման վրա կարելի է ընդամենը մոտավոր պատկերացում կազմել բենզինի և դիզվառելիք առանձին ծավալների մասին։

Փոխարենը, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը եռամսյակային կտրվածքով հրապարակում է 25 հիմնական ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվությունը, որտեղ բենզինը և դիզվառելիքը ներկայացված են առանձին-առանձին։

Այսպես, ըստ ԱՎԾ-ի, 2016 թվականին Հայաստան է ներկրվել 140.55 հազար տոննա բենզին և 119.26 հազար տոննա դիզելային վառելիք։

Համադրությունները և շուկայի արժեքը հասկանալու համար մենք տոննաները վերածել ենք լիտրերի (բենզինի 1 լիտրը մոտ 0.73 կգ է, իսկ դիզվառելիքինը` մոտ 0.77 կգ)։ Ըստ այդմ՝ 2016 թվականին Հայաստանում սպառվել է 192.5 մլն լիտր բենզին և 154.9 մլն լիտր դիզելային վառելիք։

Հիմա աչքի անցկացրեք Գծապատկեր 1-ը։ Սյունակներում ներկայացված է բենզինի և դիզվառելիքի սպառման ծավալները Հայաստանում 2011-2016 թվականներին: Ինչպես տեսնում եք, այս տարիների ընթացքում նվազել է թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի սպառումը։

Օրինակ, 2011 թվականին Հայաստանում սպառվել է 225.1 մլն լիտր բենզին, իսկ 2016-ին՝ 192.5 մլն լիտր (նախորդ տարիներին՝ ավելի քիչ)։ Դիզվառելիքի սպառումը 2011 թվականի 175.4 մլն լիտրից նվազել է մինչև 154.9 մլն լիտր։

Ավտոմեքենաների քանակն այս ընթացքում ոչ թե նվազել է, այլ ավելացել։ Իսկ բենզինի և դիզվառելիքի սպառման նվազման պատճառներից մեկը բնական գազով աշխատող մեքենաների քանակի ավելացումն է։ Նույն գծապատկերի մեջ կորագծով ցույց ենք տվել ԱԳԼՃԿ-ներում սպառված բնական գազի ծավալները։ 2011-ից 2015թթ. ընթացքում սպառումը կայուն աճել է՝ 362.36 մլն խմ-ից հասնելով 484.6 մլն խմ-ի։ 2016 թվականին ԱԳԼՃԿ-ների գազի սպառումը որոշ չափով նվազել է։

Շուկայի ծավալը

Իսկ ի՞նչ գումարներ են շրջանառվում բենզինի և դիզվառելիքի շուկայում։ Համոզված ենք, որ այս հարցը նույնպես շատերին կհետաքրքրի։

Սա նույնպես հնարավոր է հաշվել։ Ըստ ՀՀ ԱՎԾ-ի, 2016 թվականի ընթացքում Հայաստանում բենզինի 1 լիտրի միջին մանրածախ գինը կազմել է 375.2 դրամ, դիզվառելիքինը՝ 346.3 դրամ։

Ըստ այդմ, պարզ թվաբանական գործողությունների միջոցով կարելի է հաշվել, որ 2016 թվականին Հայաստանում սպառվել է 72.2 մլրդ դրամի բենզին և 53.6 մլրդ դրամի դիզելային վառելանյութ։ Ընդամենը բենզինի և դիզելային վառելիքի շուկայի ծավալը կազմել է մոտ 125.9 մլրդ դրամ կամ 262 մլն դոլար (հիմք ընդունելով 2016 թվականի միջին փոխարժեքը)։

262 մլն դոլարի շուկա, որը բաժանված է 3 խաղացողների մեջ՝ CPS Օիլ Քորփորեյշն, Ֆլեշ և Մաքս Պետրոլ (անցած տարվա վերջից)։ Մե՞ծ է շուկան այս 3 ընկերությունների համար, թե՞ ոչ։

Այս հարցին պատասխանելուց առաջ աչքի անցկացրեք 2-րդ գծապատկերը, որտեղ ներկայացված է Հայաստանի բենզինի շուկայի ծավալը 2010-2016 թվականներին՝ դոլարային արտահայտությամբ (յուրաքանչյուր տարվա համար վերցված են տվյալ տարվա միջին փոխարժեքները)։

Ինչպես տեսնում եք՝ 2011 թվականին հասնելով իր պիկային ցուցանիշին՝ մոտ 463 մլն դոլարի, շուկայի ընդհանուր հասույթը սկսել է կրճատվել։ Ընդ որում, հասույթի կրճատումն ավելի մեծ է, քան սպառման ծավալների, որովհետև բենզինի և դիզվելային վառելիքի մանրածախ գինը սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ նվազել է։

2012 թվականին Հայաստանում դիզվառելիքի շուկայի ծավալը կազմել է 220.8 մլն դոլար, 2016 թվականին՝ 111.6 մլն դոլար։ Այսինքն՝ եկամուտները կիսով չափ կրճատվել են։ Բենզինի շուկան 2011 թվականի 264.3 մլն դոլարից նվազել է մինչև 150.4 մլն դոլար։

Հարկ է նշել, որ 2014 թվականի սկզբից այս շուկայից դուրս եկավ խաղացողներից մեկը՝ Միկան։ Սակայն 2016 թվականի վերջից շուկայում մնացած 2 հիմնական ընկերություններին՝ CPS-ին և Ֆլեշին, միացավ երրորդը՝ Մաքս Պետրոլը (հիշեցնենք, որ բենզինի գնի նվազումը պայմանավորվում էր հենց այս ընկերության մուտքով)։ Ստացվում է, որ բենզինի և դիզվառելիքի շուկայի կրճատման ամենացավոտ շրջանում մասնակիցների թիվն ավելացավ՝ համապատասխանաբար նվազեցնելով մյուս երկուսի հասույթը։ Դրա համար էլ շուկայի հնաբնակներն ուրախանալու առանձնապես մեծ պատճառներ չունեն, և ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նեղ շրջանակներում անգամ բողոքում էին իրերի ընթացքից։

Բենզինի շուկայի 3 խաղացողները

Ինչպես նշեցինք, բենզինի ներկրմամբ և մեծածախ վաճառքով այսօր զբաղվում են 3 ընկերություններ՝ CPS-ը, Ֆլեշը և Մաքս Պետրոլը, որն իր գործունեությունը սկսել է 2016 թվականի 4-րդ եռամսյակից։

Ով ինչ կշիռ ունի շուկայում։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2016 թվականին ևս բենզինի շուկայում գործել են գերիշխող դիրք ունեցող ՍիՓիԷս օյլ քորփորեյշն, Ֆլեշ և Մաքս Պետրոլ ընկերությունները, որոնց մասնաբաժինը ներմուծման կառուցվածքում կազմել է համապատասխանաբար՝ 60, 34 և 6 տոկոս:

Այստեղ պետք է նկատի ունենալ, որ «Մաքս Պետրոլը» բենզինի շուկա է մտել միայն 2016 թվականի վերջին, և բնական է, որ տարվա կտրվածքով՝ նրա տեսակարար կշիռը փոքր պետք է լիներ։

Սակայն այս ընկերությունների կողմից այս տարվա առաջին եռամսյակում վճարված հարկային տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս կշիռները որոշակի փոփոխության են ենթարկվել։

Այսպես, նշված 3 ընկերությունները միասին 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել են 5.8 մլրդ դրամի հարկեր։

Այդ թվում, CPS-ը վճարել է 3 մլրդ 486 մլն դրամի հարկեր և տուրքեր, Ֆլեշը՝ 1 մլրդ 500.4 մլն դրամի հարկեր, Մաքս Պետրոլը՝ 832.4 մլն դրամի հարկեր։ Տոկոսային առումով պատկերն այսպիսին է՝ CPS` 59.9%, Ֆլեշ` 25.8%, Մաքս Պետրոլ` 14.3%։ Այսինքն, եթե շուկայի բաշխվածության մասին պատկերացում կազմելու համար հիմնվենք այս թվերի վրա, կստացվի, որ CPS-ի կշիռը չի փոխվել, իսկ Մաքս Պետրոլի կշիռն ավելացել է՝ Ֆլեշի հաշվին։

Նշենք նաև, որ այս 3 ընկերություններից տարեկան ֆինանսական հաշվետվություններն իր կայքում հրապարակում է միայն Ֆլեշը։ Ընկերության հաշվետվություններից երևում է, որ վերջին 3 տարիներին հասույթը նվազել է՝ 2014 թվականին՝ 67 մլրդ դրամ, 2015 թվականին՝ 59.1 մլրդ դրամ, 2016 թվականին՝ 49.7 մլրդ դրամ։ Ֆլեշը 2016 թվականը փակել է 4.66 մլրդ դրամի շահույթով, որը զգալիորեն ցածր է 2015 թվականի շահույթի ցուցանիշից (8.2 մլրդ դրամ)։

Տեսանյութեր

Լրահոս