Prada-ն Ջեսիկա Չեսթեյնին վերածել է հոլիվուդյան դիվայի
Ամերիկացի դերասանուհի Ջեսիկա Չեսթեյնը մասնակցել է Prada իտալական նորաձեւության տան գովազդային արշավին, ինչի մասին հայտնել է Giornale di Sicilia-ն։ Ըստ սյուժեի, նա պետք է իր վրա փորձեր Հոլիվուդի «ոսկե» դարաշրջանի դիվայի կերպարը: Լուսանկարների հեղինակը նորաձեւության բելգիացի լուսանկարիչ Վիլի Վանդերպերեն է:
Prada-ն իտալական ընկերություն է, որ մասնագիտանում է նորաձեւ հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների արտադրության բնագավառում: Այն 1913 թվականին հիմնադրվել է Միլանում:
2015 թվականի հունվարի 31-ի տվյալներով՝ Prada-ն 594 խանութ ունի: 2017 թվականին ընկերությունը հրապարակել է մակնիշի նոր դեսպանի անունը: Այն դարձել է իսպանացի կինոռեժիսոր Պեդրո Ալմոդովարը՝ «Բարձրակրունկներ», «Կենդանի մարմին», «Ամեն ինչ իմ մոր մասին» եւ այլ կինոնկարների հեղինակը:
Ջեսիկա Չեսթեյնն ամերիկացի դերասանուհի է: Նա հռչակվել է Թեյթ Թեյլորի «Աղախինը» եւ Թերենս Մալիքի «Կյանքի ծառը» կինոնկարներում խաղացած դերերով: Այդ դերերը նրան բերել են «Օսկար», «Ոսկե գլոբուս» եւ BAFTA մրցանակների անվանակարգեր: Դերասանուհին նաեւ խաղացել է «Ամենադաժան տարին», «Աշխարհի ամենահարբած օկրուգը», «Ինտերսթելլար». «Մարսեցին» եւ այլ ֆիլմերում: