Բաժիններ՝

Ինչից պետք է սկսենք կրթական բարեփոխումները

Հայաստանի կրթության համակարգը նման է այն թռչունին, որից բոլորը թռիչք են սպասում, բայց պահում են վանդակի մեջ։ Երկրի քաղաքական համակարգը չի խրախուսում ժողովրդավարությունը, ինչի արդյունքում համակարգի կառավարումը մնում է խիստ սահմանափակումների և շրջանակների մեջ։ Երկրի տնտեսական համակարգը չի զարգանում, ինչի արդյունքում կրթության համակարգը շնչահեղձ է լինում։ Երկրի պատերազմական վիճակը նույնպես սահմանափակում է կրթության զարգացման հնարավորությունները։ Հանուն բանակի՝ կրթության համակարգը գնում է զիջումների։ Այսպիսով, Հայաստանի կրթության համակարգի տիրույթը սահմանափակված է քաղաքական-տնտեսական-ռազմական եռանկյունու սահմաններում։

Այս համատեքստում երկուշաբթի օրը կառավարության նիստում հավանության արժանացավ կառավարության ծրագիրը։ Բնականաբար, ծրագրում կա նաև կրթությանը վերաբերող հատված։ Այն ներառում է կրթության մասին լավ մտադրությունների ցանկ։

Օրինակ՝ կրթության մատչելիություն և հասանելիություն, ուսումնական ծրագրերի, ուսուցիչների վերապատրաստման համակարգի բարելավում և այլն։ Այս ամենը կարևոր, լավ գաղափարներ են։ Բայց գլխավոր հարցը հետևյալն է. արդյո՞ք այս հարցերի լուծումից պետք է սկսենք։ Ի վերջո, Հայաստանի բոլոր կառավարությունների ծրագրերը պտտվել են մատչելիության, ծրագրերի բարելավման, ուսուցիչների վերապատրաստման հարցերի շուրջ։ Ամենակարևոր հարցը, որը պետք է ձևակերպի Կրթության և գիտության նախարարությունը, հետևյալն է. որտե՞ղ ենք մենք հիմա և ինչպե՞ս դուրս գանք այս վիճակից։ Միայն դա հասկանալուց հետո կկարողանանք տեղից շարժվել։ Հետաքրքիր մի պատմություն կա։ Մի մարդ ավտոմեքենայով մոլորվում է փոքր քաղաքում և փողոցներից մեկում հարցնում է անցորդին, թե ինչպես հասնի մայրաքաղաք։

«Եթե ես լինեի ձեր փոխարեն, նախ՝ կհարցնեի քաղաքից դուրս գալու մասին, հետո՝ մայրաքաղաք հասնելու»,- պատասխանում է անցորդը։ Մեր կրթական համակարգն էլ խնդիր ունի՝ նախ դուրս գալ քաղաքից, հետո նոր՝ զբաղվել կրթության մատչելիության, ուսուցիչների վերապատրաստման, ծրագրերի վերանայման «մայրուղային» հարցերով։
Իսկ ի՞նչ պետք է անենք կրթության «մայրուղի» դուրս գալու համար։ Անհրաժեշտ է առաջնահերթ լուծել երեք խնդիր։

Առաջին խնդիրն այն է, որ այսօր Հայաստանում չկա հասարակական համաձայնություն կրթության շուրջ։ Ամեն մարդ կամ մարդկանց խումբ յուրովի է տեսնում կրթության իրավիճակն ու լուծումները։ Ով լավ կապեր ունի և ճարպիկ է, առաջ է մղում իր ծրագիրը։ Հայաստանում գերիշխում է հորիզոնական մտածողությունը։ Քչերն են գիտակցում, որ իրենցից բացի՝ էլի մարդիկ կան այս երկրում, որ իրենցից վերև պետք է լինեն գաղափարներ, սահմանափակումներ, իդեալներ։

Հայտնի փիլիսոփա Սպինոզան ասում էր, որ համակարգի կատարյալ կամ անկատար լինելը պարզելու համար մենք պետք է այն համեմատենք մեր սահմանած իդեալի հետ։ Բայց եթե մենք ընդամենն ունենք առանձին մարդկանց կողմից թղթի վրա գրված բառեր, որոնք մեծ մասի համար չեն դարձել ընդունելի, ապա չենք կարող հասկանալ մեր կրթական համակարգի իրական վիճակը։ Հասարակության կրիտիկական զանգվածի համաձայնությունը կարևոր է, որպեսզի մարդիկ ներգրավված համարեն իրենց և իմաստ տեսնեն իրենց արածի մեջ։ Երբ չկա միավորող գաղափար, ամեն մարդ իր ձևով է շարժվում, ջանքերը ջլատվում են, մարդիկ մտածում են միայն անձնական օգուտի մասին, իսկ իրականացվող բարեփոխումներն արդյունք չեն տալիս։ Ունենում ես հարուստ անհատներ, աղքատ հասարակական ինստիտուտներ։

Այսօր Հայաստանի կրթության ոլորտի աշխատողների մոտ նկատելի է հոգնածություն բարեփոխումներից։ Առկա է խուլ դիմադրություն բարեփոխումների նկատմամբ։ Շարտրի տաճարի մասին մի պատմություն կա։ Երեք մարդ աշխատում են Շարտրի տաճարում և կատարում են նույն գործը։ Առաջինին հարցնում են, թե ինչ է անում։

Պատասխանում է՝ չարչարվում եմ։ Նույն հարցը տալիս են նույն աշխատանքը կատարող երկրորդ բանվորին։ Պատասխանում է՝ գումար եմ վաստակում։ Երբ հարցնում են երրորդին, վերջինս պատասխանում է՝ ես հպարտ եմ, քանի որ մասնակցում եմ աշխարհի խոշորագույն տաճարի շինարարությանը։ Ցավոք, մեզանում շատերը մտածում են, որ կրթության համակարգում աշխատելը չարչարվելու կամ գումար վաստակելու հնարավորություններ են։ Քչերն են տեսնում կրթության առաքելությունը։ Քանի դեռ չկա այդ մեծ գաղափարը, որի շուրջ կհամախմբվի հասարակությունը, կարևոր չէ, թե քանի տարի կլինի կրթության տևողությունը, կամ քանի ժամ կվերապատրաստվեն ուսուցիչները։

Երկրորդ առաջնահերթ խնդիրը երկրում և կրթության համակարգում մասնագետներին ընտրելու արդար մեխանիզմների առկայությունն է։ Ներկայումս Հայաստանի կրթական համակարգում շատ մեծ տեղ է տրվում ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին։ Այս ամենի արդյունքում՝ պատահական մարդիկ հայտնվում են համակարգում, և ոչ միայն՝ վատ են աշխատում, այլև դեմոտիվացնում են այն մարդկանց, ովքեր լավ մասնագետներ են։ Մարդիկ տեսնում են, որ իրենցից ավելի քիչ գիտելիքներ, հմտություններ ունեցողներն ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում, ավելի բարձր են վարձատրվում, «տեղավորվում են» եկամտաբեր ծրագրերում՝ ոչ եկամտաբեր գործերը թողնելով ուրիշներին։ Սա խաթարում է համակարգում տիրող մթնոլորտը, և լավ մասնագետներն էլ սկսում են վատ աշխատել։ Կա հայտնի կանոն. երբ լավն ու վատը երկար ժամանակ մնում են կողք կողքի, վատն ազդում է լավի վրա։

Անարդար կադրային քաղաքականության արդյունքում՝ ստիպված ես շարունակ կարգեր և աշխատակարգ մշակել, որպեսզի ուժեղացնես վերահսկողությունը։ Աշխարհի լավագույն կրթական համակարգերն աշխատում են ընտրել արժանավորներին, վստահել նրանց և հսկայական գումար տնտեսել վերահսկողության վրա։

Երրորդ խնդիրը մարդկանց ոգևորելու, մարդկանց աճեցնելու կարողություն ունեցող մարդկանց առաջին պլան մղելն ու նրանց վրա ներդրում կատարելն է։ Կրթության ոլորտում շատ ծրագրեր ձախողվում են, որովհետև սովորողի, մանկավարժի, տնօրենի հետ նորմալ հաղորդակցվող, նրանց լսող, նրանց աճեցնող մարդկանց թիվը շատ քիչ է։ Միայն պաշտոնական հանդիպումների ձևաչափով շփվելը բավարար չէ։ Առանց չափազանցության կարելի է ասել, որ Հայաստանի սովորողները, մանկավարժները, տնօրենները լսելի լինելու կարիք ունեն։

Ի վերջո, ո՞ւմ են պետք գեղեցիկ ու հավակնոտ ծրագրերը, եթե չունես դրանք իրագործող մասնագետների բանակ։ Բոլոր ոլորտներում են մարդկային որակները կարևոր։ Բայց հատկապես կրթության ոլորտում առանց մարդկային որակների՝ հնարավոր չէ հաջողության հասնել, քանի որ երեխաները շատ արագ զգում են ուսուցչի մարդկային որակները, և, եթե դրանք չեն բավարարում իրենց, ապա սկսում են չվստահել։ Ֆրանսիացի փիլիսոփա Անրի Բերգսոնը մեծ կարևորություն էր տալիս այն մարդկանց, ովքեր իներցիայով ապրել սիրող մարդուն կարողանում են դարձնել սովորող։ Հենց այդ մարդկանց բանակն է մեզ այսօր պետք։

Եթե այս երեք խնդիրները լուծվեն, ապա մեր կրթության համակարգը դուրս կգա «մայրուղի» և կկարողանա լուծել մանկավարժների վերապատրաստման, ծրագրերի վերանայման խնդիրները։ Ավելին, այդ դեպքում մեր կրթության համակարգը կնպաստի տնտեսության զարգացմանը, քաղաքական համակարգի առողջացմանը և ավելի մեծ դեր կունենա երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում։ Հակառակ դեպքում՝ կրթության ոլորտը բեռ է լինելու կառավարության համար, որին միշտ քիչ փող են տալու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս