Բաժիններ՝

Ամերիկացիների մեծամասնությունը պաշտպանում է Թրամփի ներգաղթային հրամանագրի արգելափակումը

Ամերիկացիների կեսից ավելին՝ 57 տոկոսը, հայտարարել է, որ ամերիկյան դատարանները ճիշտ որոշումներ են ընդունում՝ արգելափակելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթային հրամանագրի գործարկումը: Այդ մասին վկայում են այն հարցման տվյալները, որն «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը համատեղ անցկացրել է NORC հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի հետ։

Հարցման արդյունքների համաձայն, դատարանների գործողության դեմ հանդես է գալիս հարցման մասնակիցների 39 տոկոսը: Ընդ որում նրանց մեծամասնությունը՝ 73 տոկոսը, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ են: Դեմոկրատները (82 տոկոսը), հիմնականում, պաշտպանում են դատարանների որոշումները: Անցած շաբաթ թվով երկրորդ վճռաբեկ դատարանը հաստատել է Թրամփի հրամանագրի կասեցումը, որն արգելում էր առավելապես մուսուլմանական վեց երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ-ի տարածք:

Հրամանագիրը կասեցնելու մասին որոշումը պաշտպանվել է Սան-Ֆրանցիսկոյի Իններորդ շրջանային դատարանի կողմից: Ավելի վաղ համանման որոշում էր ընդունել Վիրջինիայի նահանգի Ռիչմոնդի Չորրորդ վճռաբեկ դատարանը:

Ինչպես հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Շոն Սփայսերը, նախագահի վարչակազմը վստահ է, որ Գերագույն դատարանը կպաշտպանի Թրամփի ներգաղթային հրամանագիրը, չնայած ստորադաս դատարանների կայացրած վճիռներին: Վարչակազմն ավելի վաղ արդեն հայտնել էր, որ մտադիր է դատական արգելքները բողոքարկել Գերագույն դատարանում:

Թրամփն իր հրամանագրով մտադրվել էր 90 օրով կասեցնել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ: Իրաքը, ի տարբերություն նախորդ՝ դատարանի կողմից նույնպես չեղարկված հրամանագրի, բացակայում է երկրների ցուցակից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս