Եռագույնը ուսերիս. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող միլիոնավոր հայեր առանց տատանվելու կասեն՝ «ես հպարտ եմ, որ հայ եմ»: Եվ դա հրաշալի է՝ երբեք չի կարելի ուրանալ ազգությունը, այն պետք է լինի քո ներաշխարհի, քո մտածելակերպի անբաժանելի մասը:
Բայց այստեղ՝ Հայաստանում բնակվող հազիվ 10 հազար մարդ սրտանց կասի՝ «ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ»: Որովհետեւ երբ խոսակցությունը «ազգից», «ժողովրդից» շեղվում է դեպի պետություն, սկսվում են փնթփնթոցները, որոնք գուցեեւ արդար են, բայց պետության եւ նրա խորհրդանիշների հետ որեւէ կապ չունեն: Արտասահմանում նույնպես, ի դեպ, նման մի բան է տեղի ունենում:
… Բայց կան մեր մեջ մարդիկ, որոնք հայտնի են որպես հայեր, բայց անընդհատ հպարտությամբ շեշտում են, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: Խոսքը, ինչպես հասկանում եք, տվյալ դեպքում Հենրիխ Մխիթարյանի մասին է:
Ինձ համար առավել տպավորիչը ոչ թե նրա խաղն է, ոչ թե նրա թիմի հաղթանակը, այլ այն, որ նա այդ հաղթանակը տոնում է Եռագույնը, այսինքն՝ Հայաստան պետության դրոշը ուսերին: Եվ այդ առումով նրա նշանակությունն ավելի մեծ է, քան մյուս աշխարհահռչակ հայերինը, որոնք այլ երկրների քաղաքացիներ են: Իսկ մե՞նք` ՀՀ շարքային քաղաքացինե՞րս: Մենք գուցե այդքան հայտնի եւ տաղանդավոր չենք, բայց մենք էլ պետք է զգանք այդ դրոշը մեր ուսերին: Սկսած ամենապարզ կենցաղային իրավիճակներից, վերջացրած հասարակական խճճված հարաբերություններով, հիշենք, որ մենք պետության քաղաքացիներ ենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: