Սենոր Հասրաթյանը մեկնաբանել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով նախօրեին ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված տեղեկատվությունը` Facebook-ի իր էջում գրել է.

«Երեկ ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից շրջանառության մեջ դրված հերթական հորինվածքն առ այն, թե իբր հայկական կողմը նպատակ ուներ խոցելու այդ երկրի պաշտպանության նախարարին տեղափոխող ուղղաթիռը, իրեն հատուկ պրեմիտիվությամբ «մեկնաբանեց» նաեւ Հասանովի անձնական հետաքրքրությունները սպասարկող ռազմական ագիտպրոպը…

Այս անլուրջ եւ իրականության հետ որեւէ կապ չունեցող ապատեղեկատվությունը պարզապես նպատակաուղղված է լուծելու երկու խնդիր, նախ արդարացնել ՊԲ ռազմական օբյեկտի վրա մայիսի 15-ին կատարված նախահարձակ գործողությունը եւ, երկրորդ՝ սեփական հանրության շրջանում Հասանովի «իմիջը» բարձրացնելու համար ցույց տալ, թե ինչպիսի ծայրահեղ վտանգավոր պայմաններում է գործում շարքային զինկոմից պաշտպանության նախարարի աթոռին հասած նախկին դասալիքը…

Հիշեցնենք, որ նույն ագիտպրոպը նույն փութաջանությամբ ամիսներ առաջ Զաքիրին ներկայացնում էր որպես առաջնային գծում «հայկական դիվերսիոն խմբերի դեմ» գործողություններն անձամբ համակարգողի դերում, որի «լավագույն» դրսեւորումներից մեկը, թերեւս, ս. թ. փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը Մարտունու պաշտպանական ուղղությամբ նրա ունեցած «փայլուն հաջողությունն» էր:

Հենց այդ օրն էր, որ նույն Հասանովի անմիջական ղեկավարությամբ մշակված հատուկ նշանակության գործողության արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խումբը մարտագծում թողնելով 5 զոհ, ճողոպրեց ելման դիրքեր, իսկ այնուհետեւ, իր սովորության համաձայն, հայցեց միջազգային կազմակերպությունների միջնորդությունը՝ սեփական դիակները դուրս բերելու համար… Թերեւս սա է իրական Հասանովը, որին տեղափոխող ուղղաթիռը խփելու անհրաժեշտությունը, գոնե այս պահի դրությամբ, դեռեւս չկա»:

Տեսանյութեր

Լրահոս