Արարատի մարզում ԱԺ ընտրություններին կմասնակցեն 221 407 քաղաքացի
Ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրություններին Արարատի մարզի ընտրատեղամասերում իրենց ընտրությունը կկատարեն 221 հազար 407 քաղաքացի: Ընտրողներից 69 հազար 237-ն Արտաշատի տարածաշրջանից են, 76 հազար 306-ը՝ Արարատի եւ 75 հազար 864-ը՝ Մասիսի:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 12 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ստեփան Խաչատրյանն ասաց, որ ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքներն ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար: «Վաղը՝ ապրիլի 1-ին խորհրդակցության կհրավիրեմ բոլոր հանձնաժողովների նախագահներին ու քարտուղարներին, այնուհետեւ հանձնարարականները կփոխանցեմ ԿԸՀ»,- ասաց Խաչատրյանը: Անդրադառնալով ընտրության իրավունք ունեցող հիվանդ եւ հաշմանդամ քաղաքացիներին՝ հանձնաժողովի նախագահն ասաց, որ նրանք Արտաշատի տարածաշրջանում 8-ն են:
«Եթե նրանք չկարողանան անձամբ ներկայանալ, ապա նրանց կմոտենանք շրջիկ արկղներով»,-ավելացրեց նա:
Թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանի փոխանցմամբ՝ հիվանդ կամ հաշմանդամ ընտրողների թիվն իրենց ընտրատեղամասերում 89 է, որոնց համար ունեն մեկ շրջիկ արկղ՝ Արմաշի ընտրատեղամասում:
Թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը եւս նշեց, որ իրենց մոտ նույնպես ընթանում են վերջին նախապատրաստական աշխատանքները: Այստեղ չկան շրջիկ արկղների կարիք ունեցող հիվանդներ կամ հաշմանդամներ, ոչ էլ զինվորականներ:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերը, լինելով Արարատի մարզի տարբեր տարածաշրջանների համայնքներում, ընտրողներին են փորձել ներկայացնել իրենց ծրագրերը եւ երկիրը զարգացնելու տեսլականը:
ԱԺ ընտրություններին կմասնակցեն 9 քաղաքական ուժ, որոնցից 5-ը կուսակցություն են, 4-ը՝ դաշինք: Ընտրապայքարի մեջ կմտնեն Հայաստանի հանրապետական, «Հայկական վերածնունդ», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Ազատ դեմոկրատներ» եւ Հայաստանի կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաեւ «Ելք», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Կոնգրես- ՀԺԿ» եւ «Ծառուկյան» դաշինքները:
Լիլիթ Մաճկալյան