«ԿԸՀ որոշումը շատ վտանգավոր է»
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունն ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կունենա 3000-ից ավելի դիտորդ՝ ծածկելով 1500-ից ավելի ընտրատեղամաս, ինչը կազմում է Հայաստանում առկա ընտրական տեղամասերի 75 տոկոսը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը՝ նշելով, որ դիտորդները երկու փուլով վերապատրաստվել են։ Կլինեն նաև դիտորդներ այլ պետություններից։
Լուսինե Հակոբյանը կարևորեց «Վերահսկիր ընտրությունը» գործիքը, որը տեղադրված է «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության կայքում։ Դրա միջոցով նախաձեռնությունն իրականացնում է ընտրությանը չմասնակցող քաղաքացիների գրանցում՝ նպատակ ունենալով վերահսկել քաղաքացիների փոխարեն կատարվող քվեարկությունը։ Եթե քաղաքացին կամ նրա ծանոթները չեն գտնվելու Հայաստանում կամ չեն մասնակցելու քվեարկությանը, կարող են գրանցվել կայքում: Լուսինե Հակոբյանի խոսքով՝ սրա միջոցով կարողանում են ձեռք բերել քվեարկությանը չմասնակցող քաղաքացիների ցուցակ. Ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում հրապարակվելու են քվեարկողների ստորագրած ցուցակները.
«Դրանք համադրելով մեր այս բազայում արված գրանցումների հետ՝ մենք կարողանալու ենք պարզել՝ արդյո՞ք այն անձանց փոխարեն, ովքեր գրանցվել են՝ որպես չմասնակցող, տեղի է ունեցել քվեարկություն։ Սա մեզ հնարավորություն կտա ոչ միայն համապատասխան ընտրական հանձնաժողովներ և վարչական դատարան դիմել, փորձել վիճարկել ընտրությունների արդյունքները, այլև հաշվի առնելով այն հանգամանքը, որ այլ անձի փոխարեն քվեարկությունը քրեորեն պատժելի արարք է և պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով՝ հաղորդումներ ներկայացնել համապատասխան իրավապահ մարմիններին, և այն անձինք, ովքեր կատարած կլինեն այդ հանցանքը, մեր ջանքերով կկրեն համապատասխան քրեական պատասխանատվություն»։
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ նախաձեռնությունը կիրականացնի ընտրողների 95 տոկոսի ձայների վերահսկողությունը։ Մոտ 310 դիտորդ սփյուռքից է, ինչը կազմում է դիտորդների 10 տոկոսը։ Ըստ նրա՝ սկզբի համար սա հաջող թիվ է, սփյուռքի հետաքրքրությունը բարձր է. մարդիկ ցանկություն են հայտնում ինչ-որ ձևով մասնակցություն ունենալ քաղաքացիական գործընթացներին։
«Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն ասաց, որ էական փոփոխություններ են նախատեսվել նոր Ընտրական օրենսգրքով, այնուհետև՝ դրանցում կատարված փոփոխություններով, հիմա էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունում է որոշումներ՝ օրենքի պարզաբանումների տեսքով, որոնք, իրենց գնահատմամբ, իրավական տեսանկյունից էական խնդիրներ են հարուցում։ Ըստ Տիգրան Եգորյանի՝ դրանք վտանգավոր են, կան նաև որոշումներ, որոնք չեն բխում օրենքից. այդ որոշումների հետ կապված որոշակի գործողություններ են պատրաստվել, մասնավորապես, վարչական դատարան դիմումների տեսքով։
Տիգրան Եգորյանը շատ վտանգավոր համարեց ԿԸՀ որոշումը, որով անձանց համար, ովքեր պարզել են, որ իրենց փոխարեն ստորագրված է, հնարավորություն է սահմանվում քվեարկել՝ ստորագրելով լրացուցիչ նշումների համար նախատեսված սյունակում։
«Դա շատ վտանգավոր է, քանի որ հետագայում առաջացած այդ խառնաշփոթն իրականում շատ է դժվարացնելու այլ անձանց փոխարեն քվեարկությունների դեպքերը որսալու և բացահայտելու հարցը։ Մեր գնահատմամբ՝ վտանգավոր է և պոտենցիալ լուրջ ռիսկերով է հագեցած հետևյալ որոշումը։ Դա ԿԸՀ պարզաբանումն է քվեաթերթիկի առաջին էջում նշումներ կատարելու վերաբերյալ, որոնք, ըստ ԿԸՀ նոր պարզաբանման, չեն հանգեցնի քվեաթերթիկի անվավերության, թեև նախկինում ԿԸՀ-ն ուղիղ հակառակ որոշումն ու պարզաբանումն էր տրամադրել։ Կարծում ենք, որ սա ռիսկեր է պարունակում քվեարկության նկատմամբ հսկողություն սահմանելու տեսանկյունից։ Գիտեք, տարբեր կոմբինացիաներով նշումները, որոնք կիրառվում են, պարտադրվում են այն ընտրողներին, որոնց քվեարկությունը հետո պետք է հսկվի քանակի տեսանկյունից և այլն»,- ասաց նա։
Բանախոսները տեղեկացրին, որ Սահմանադրությանը համապատասխանության առումով մի քանի դիմումներ են նախապատրաստվում, և շատ կարևոր է, որ դրանք ներկայացվեն մինչև քվեարկության օրը։