«Սև» քարոզչությամբ չեն կարողանալու «սևացնել» այս ընտրությունների արդյունքում սպասվելիք առաջընթացը
Որպես պատգամավորի թեկնածու` առաջին անգամն եմ մասնակցում ընտրություններին և այժմ կփորձեմ ոչ պրոֆեսիոնալ աչքով տեսածովս ու գնահատականներովս հանրության հետ կիսվել: Թեպետ չափից շատ են ապատեղեկատվությունն ու սև քարոզչությունը, բայց, ի պատիվ մեր ժողովրդի, այն քիչ ազդեցություն է ունենում նրանց վերաբերմունքի վրա:
Մասնավորապես. խոսվում էր, թե վարչապետ Կարապետյանը քաղտեխնոլոգիայի տեսանկյունից սխալ թույլ տվեց, որ ընտրություններից ամիսներ առաջ օպտիմալացման ծրագիր առաջ քաշեց, ինչի արդյունքում կրճատումներ եղան հանրային ծառայողների շրջանում: Դրանով դժգոհների բանակ առաջացրեց, երբ բարեփոխումների արդյունքները, թեպետ շոշափելի կլինեն տեսանելի ապագայում, բայց հաստատ` ոչ մինչ ընտրություններ: Մինչդեռ հասարակությունը հենց անկեղծությունն է գնահատում, արդյունքում` վարչապետի վարկանիշը մոտ 80 տոկոս է:
Խոսվում էր, որ, եթե Կարեն Կարապետյանն անդամակցի ՀՀԿ-ին, ապա էականորեն կտուժի նրա վարկանիշը: Դե, եթե 80 տոկոսը մեծ կորուստ է, ապա «մի կերպ» համաձայն ենք այդ արդյունքին: Որոշ ընդդիմադիր գործիչներ կաշվից դուրս են գալիս հասարակությանը համոզելու, թե թողել են ապահով երկրները, որպեսզի գան մեր ժողովրդին ծառայեն: Բայց մի տեսակ անհամոզիչ են իրենց պնդման մեջ: Իսկ Կարեն Կարապետյանը ժողովրդի վրա «մուննաթ» չի գալիս, թե` ձեր խաթեր եմ այս զրկանքները կրում: Ինչպես տեսնում ենք՝ հասարակությունը լավ էլ հասկանում է, որ նա իսկապես թողել է իր տաքուկ պայմաններն ու եկել մեր ժողովրդի հոգսերը թեթևացնելու:
Շահարկում էին, թե ռազմական գործի մեծ փորձառություն չունեցող պաշտպանության նախարարը, եթե ՀՀԿ ցուցակն է գլխավորում, ապա դա վնաս չի՞ հասցնի մեր պաշտպանունակությանը: Բայց, երբ Վիգեն Սարգսյանը միանշանակ հայտարարեց, որ. «Հայկական կողմն ամբողջությամբ տնօրինում է «Իսկանդեր» համակարգերը և դրանք գործարկելու որոշում կկայացնի` կախված իրադրությունից»: Իսկ հետագայում հավելեց, որ, «եթե որևէ մեկն իր այդ հայտարարությունն ընկալել է` որպես սպառնալիք, ապա նա իրավացի է»: Դրանից հետո թշնամին լավ էլ հասկացավ, որ իր ցանկացած արկածախնդրություն հղի է խիստ կանխատեսելի հետևանքներով: Ի՞նչ է. ապրիլյան պատերազմի ժամանակ նույն այդ զսպող զենքերը չունեի՞նք, որ Ադրբեջանն իրեն այդքան անզուսպ պահեց:
Մեր մայրաքաղաքում ամեն քայլափոխի նկատում ենք բազում թերություններ, բայց քաղաքապետը ջանքուեռանդ չի խնայում, առաց ավելորդ պաթոսի, առավելագույնս անել մեր քաղաքի համար: Ու որքան էլ չարախոսներն ու քաղաքապետին հանիրավի քննադատողները փորձում են ամեն ինչ սևացնել ու արած լավ գործը չնկատել, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանի վարկանիշը շուրջ 60 տոկոս է՝ պաշտոնավարման վեցերորդ տարում:
Քաղաքակիրթ աշխարհում վաղուց կարևորված է կին քաղաքական գործչի դերը հանրային կյանքում: Բայց Արևելքն էլ, Փոքր Ասիան էլ հետաքրքիր օրինակներ ունեն: Հնդկաստանն Ինդիրա Գանդին էր ղեկավարում, Թուրքիայի վարչապետն էր Թանսու Չիլլերը, Իսրայելի վարչապետը՝ Գոլդա Մեյրը: Իսկ մեզանում դեռ կին նախարարին կամ պատգամավորին մի տեսակ վերապահումով են մոտենում: Պակիստանի վարչապետն էր Բենազիր Բհուտտոն: Ի դեպ, բենազիր, նշանակում է՝ աննման: Ի՞նչ է. ՀՀԿ ցուցակի երրորդ պատվավոր տեղը զբաղեցնող Արփինե Հովհաննիսյանը պակա՞ս աննման է: Ոչ թե անունով, այլ՝ գրագիտությամբ, մասնագիտական հմտություններով ու ներկայանալի կերպարով: Բերածս օրինակները տասնամյակներ առաջվա են, իսկ մեզ քանի՞ տասնամյակ է պետք՝ մեր ունեցածը գնահատելու համար:
Արթուր Սարգսյանի մահը, անշուշտ, ցավ է շատերիս համար: Պատահական չէ, որ նրան կոչում են «հաց բերող», քանի որ նա հաց կհասցներ յուրաքանչյուրիս, ով նեղության մեջ էր, ով դրա կարիքն ուներ: Ակնհայտ է, որ այն խմբին, ում, սեփական կյանքը վտանգելով, հաց էր հասցրել Արթուր Սարգսյանը, հասարակության մեջ նրանց քայլը շատ քչերն են կիսում, իսկ «հաց բերողի» հանդեպ համակրանք է տածում բացարձակ մեծամասնությունը: Լավ կլինի՝ ոմանք «հաց բերողին» չսեփականաշնորհեն, իրենց նեղ անձնական կամ խմբակային շահերին չծառայեցնեն:
Հետո էլ ասում են՝ հայ տղամարդիկ կնամեծար են: Մի դիտարկում անեմ. կնամեծար են հաջողակ տղամարդիկ, ովքեր իրենց մարդկային ու պրոֆեսիոնալ որակներով արժանի են նրան, ինչին հասել են: Իսկ նրանք, ովքեր «հաց բերողի» մահվան առիթն օգտագործելով` հայ կնոջը, նախարարին «կնամեծար» հայհոյանքներ են տալիս, նրանց որակներն ի՞նչ գործիքով չափենք: Այն, որ այդ մահվան գործում մեղավորներ կան, ակնհայտ է, բայց, ինչպես տեսնում ենք, «համացանցային դատարանն» արդեն «մեղավորին» գտել է ու «դատապարտել» հայհոյանքի ու պիտակավորման: Այո, նման «կնամեծարներին» արդարադատություն հարկավոր չէ, նրանց պետք է, որ դատողներն իրենք լինեն:
Հակաքարոզչության մի առանձնահատուկ թեմա է, թե իբր ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուները խուսափում են կուսակցության անունից հանդես գալ, որպեսզի ձայներ չկորցնեն: Անտրամաբանական սուտ: Եթե ուրիշների փոխարեն չասեմ, ապա իմ առաջին հրապարակային խոսքը, որպես վարկանիշային թեկնածու թիվ 2 ընտրատարածքից, ներկայացրել եմ հանրությանը` հատուկ ընդգծելով, որ մեր միջոցով ձայն եք տալիս ՀՀԿ-ին: Բացի այդ, ինչպե՞ս է հնարավոր ձայն տալ ռեյտինգային թեկնածուին՝ չվերցնելով կուսակցության քվեաթերթիկը: Իմ բազմամյա փորձը, որպես մանկավարժի ու դպրոցի տնօրենի, համարձակություն է տվել մտածելու, որ ավելին կարող եմ անել մեր ժողովրդի համար, որ, եթե իրենց երեխաների ճակատագիրը մեզ են վստահում, մի՞թե արդյունքներից գոհ լինելու պարագայում չեն վստահի, որ գնամ ԱԺ և իրենց խոսքն ու մտահոգությունները բարձրաձայնեմ: Բայց ինչ էլ խոստանամ, ինչպիսի պարտավորություններ էլ ստանձնեմ, դրանք կարող եմ իրականացնել միայն մեր քաղաքական թիմի շնորհիվ:
Ոմանց մոտ հակաիշխանական փսիխոզը տարիներ շարունակ բանաձևվում է. «Էս երկիրը երկիր չի, պետք է քանդել, նորը կառուցել»: Նման պարզունակ ձևակերպմանը հիմնավորում են գտել, թե իշխանությունները երբեք բարեփոխման չեն գնա, իսկ առանց արյուն թափվելու էլ, սեփական կամքով չեն հեռանա: Ու եթե իշխանափոխությունն ընտրությունների միջոցով այս անգամ էլ չհաջողվի, ապա պետք է անցնել պարտիզանական շարժման:
Բայց այս 25 տարվա ընթացքում այդպես էլ հեղափոխություն չեղավ, իսկ որոշ «հեղափոխականներ» էլ հարստացան՝ օրվա իշխանությունների հետ բացահայտ կամ քողակված պայմանավորվածությունների արդյունքում: Իսկ ժողովուրդն ամեն անգամ հիասթափվում է, օտարանում՝ թե իշխանությունից, թե ընդդիմությունից, արդյունքում՝ սեփական երկրից: Մինչդեռ, աշխարհի փորձը հուշում է, որ հարկավոր է հավատալ, որ հնարավոր է բարեփոխումներ իրականացնել «վերևից», ժողովրդի անմիջական մասնակցության ու աչալուրջ հսկողության պարագայում:
Մասնավորապես, ԱՄՆ երրորդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը պլանտատորի տղա էր ու իր հորից ժառանգել էր շուրջ հինգ հազար ստրուկ ու երկու հազար հեկտար հող, բայց դա չէր խանգարում, որ նա, տեսնելով ստրուկի չարքաշ աշխատանքը, կատաղի պայքար մղեր աշխատավորի իրավունքների համար: Մեր պատկերացմամբ՝ պայքարեր ինքն իր դեմ: Ի՞նչ է, ուրիշները հարյուրամյակներ առաջ դա կարող են, մենք հիմա չե՞նք կարող: Հասկացանք. տևական ժամանակ անկախ պետականություն չենք ունեցել, ու պետությունն էլ, իշխանությունն էլ օտար են եղել: Բայց այս 25 տարին բավարար չէ՞ր՝ այդքան սպասված անկախությունը ստանալուց հետո պետական մտածողություն ձեռք բերելու համար:
Ռադիկալ քայլերի գնալու այս կոչերն ինձ մի հարյուր տարվա հնություն են թվում: Հասկանում եմ՝ գործազրկության խնդիր ունենք, բայց դա չի նշանակում, որ ով գործ չճարի, մտածի պատգամավոր դառնալու մասին: Առաջադրված ընդդիմադիր թեկնածուների կեսից ավելին գործազուրկ են: Թե՞ համարում են, որ կգան իշխանության, բոլորին գործից կհանեն, հարուստներին կունեզրկեն ու իրենց թիմի հարցերը կլուծեն: Բայց այդպիսի մոտեցումը լավ մոռացված հինն է: Դեռ անցյալ դարասկզբին ԽՍՀՄ-ում մեծահասակների շրջանում անգրագիտության դեմ պայքարի ստիմուլ էին գտել, որ նրանց համար ստեղծած հատուկ այբբենարանում գրված էր. «Մենք ստրուկ չենք, ստրուկը մենք չենք» (Мы не рабы« рабы не мы): Եթե ստրուկ չեք՝ լավ է, բայց հենց տառերը սովորեք, ուրիշները ձեր ստրուկները կլինեն, դա արդեն խիստ վտանգավոր է:
Սոցիալական ցանցերի միջոցով ապահովվել է աշխարհի հետ հավասարը հավասարի պես շփում, անարգել հասցնել խոսքդ մեր հանրությանը, առանց որևէ մեկի քմահաճույքի կամ գրաքննության: Բայց այստեղ էլ են որոշ մարդիկ իրենց գյուղամիջի բարքերը փորձում հաստատել, անցանկալի յուրաքանչյուր կարծիք լռեցնել հայհոյանքներով ու վիրավորական խոսքերով: Զավեշտն այն է, որ որոշ համացանցային «ակտիվիստներ» իրենց անդաստիարակությունն ու տգիտությունը փորձում են քողարել արևմտյան արժեհամակարգի կրող լինելով: Չկարողանալով անգամ մի հոդաբաշխ նախադասություն արտաբերել, իրենց եվրոպացի են հայտարարել, իսկ նա, ով իբր այլ կերպ է մտածում՝ հայհոյանքներ են տեղում նրա գլխին: Գլուխ դնել նրանց հետ շատերը չեն էլ պատրաստվում, կասեմ ընդամենը մի բան, որ, գուցե տեղյակ չեն, բայց հիմա արդեն 21-րդ դարն է, ու, եթե իրենց արևմտյան քաղաքակրթական արժեքների կրող են ինքնահռչակել, գոնե կարողանան Արևմուտքի անգամ 18-րդ դարի մակարդակը պահել, երբ Ֆրանսուա-Մարի Վոլտերն ասում էր. «Ես համաձայն չեմ ձեր ասած ոչ մի խոսքի հետ, բայց պատրաստ եմ մեռնել այն ասելու ձեր իրավունքի համար»:
Մեզ մեղադրում են, որ ընտրողին համեստ խոստումներ ենք տալիս, բայց ակնկալում, որ նա կմիանա մեզ, կվստահի, ու միասին քայլ առ քայլ մեր երկրի վիճակը կբարելավենք, մինչդեռ մեզանից շեշտակի առաջընթաց է ակնկալվում: Մի ֆիլմի մի դրվագ այնքան է տպավորվել իմ մեջ, որ չեմ ամաչի խոստովանել, որ այն ինձ փոխել է: Երբ ալեկոծված ծովն ափ է նետում մեծ թվով ձկներ, իսկ մի փոքրիկ աղջիկ ջանասիրաբար ջուրն է նետում ձկները: Մեկը մոտենում է նրան ու ասում, թե՝ ինչո՞ւ է անօգուտ գործով զբաղվում, ափ նետված ձկները չափազանց շատ են, հո բոլորին փրկել չի՞ կարող: Աղջիկը նրան պատասխանում է, որ իր գործն օգտակար է նրանց համար, ում ինքը կկարողանա փրկել: Այո, կողքից դիտողները գուցե կարծում են, որ իրենք ստեղծված են միայն աշխարհացունց պլաններ կյանքի կոչելու համար, բայց եթե իջնեին իրենց «բարձունքից» ու միանային աղջկան, վստահաբար փրկվողներն ավելի շատ կլինեին:
Քարոզարշավի ընթացքում հայտնի դարձավ, որ մի դաշինքի վարկանիշային թեկնածուին, բանկոմատ թալանելու համար, մեղադրանք է առաջադրվել: Բայց իշխանությունները փորձ չարեցին շահարկելու, անգամ անդրադարձ չեղավ, որպեսզի դա չստվերի տվյալ քաղաքական ուժի քարոզարշավը: Չասվեց, որ, եթե ձեր կազմում նման թեկնածու կա, ուրեմն դա ձեր դաշինքի էությունն է: Բայց, երբ մեկ այլ վայրում կոնֆլիկտ էր եղել ՀՀԿ-ի ու այդ դաշինքի ներկայացուցիչների միջև, տվյալ դաշինքի անդամներն անմիջապես հայտարարեցին, թե դա իշխանությունների ու ՀՀԿ-ի ձեռագիրն է, ու, որ ողջ կուսակցության էությունն է դա:
Ամփոփելով` կուզենամ, որ անկախ նրանից, ընտրություններում ով կհաղթի, արդյունքում` երկիրը շոշափելի առաջընթաց գրանցի: Հուսամ՝ բոլորս դուրս կգանք հաղթանակած, կամ էլ գոնե արժանապատվորեն պարտված, իսկ հաղթողն էլ ամեն ինչ կանի, որպեսզի պարտվողը ևս, որոշ ժամանակ անց իրեն հաղթող զգա, երբ համոզվի, որ առաջընթացի բարիքներից իրենք նույնպես հավասարապես օգտվում են:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2-րդ (Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն) ընտրատարածքում ՀՀԿ-ի վարկանիշային թեկնածու, Երևանի Ն. Զարյանի անվ. թիվ 130 հիմնական դպրոցի տնօրեն