Բաժիններ՝

«Այն ծաղիկը, որը սովորական օրերին արժեր 800 դրամ, տոնական օրերին արժենում է 1500 դրամ»

Հայաստանում տոնական օրերին ծաղկի բիզնեսով զբաղվողները մի քանի անգամ ավելի եկամուտ են ստանում: Գնաճն այդ օրերին արդարացված է, թե ոչ, ոչ ոք չի կարող պատասխանել. ծաղկի շուկայում վերահսկողություն չի իրականացվում, քանի որ այդ բնագավառում գերիշխող տնտեսվարողներ չկան: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ տոնական օրերին եւ հատկապես մարտի 8-ին ծաղիկների թանկացման դեպքերի ականատես ենք լինում ամեն տարի:

«Պետությունը գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում գների կարգավորման մեխանիզմներ չի ներդրել: Պետք է հստակ տարանջատել արտադրությունները` խոշորների համար գնային սահմանափակումներ դնելով»,-ասաց Պիպոյանը:

Նա նշեց, որ այդ ոլորտում պահանջարկը մեծ է եւ ոչ ոք օրենք չի խախտում` ծաղիկների գները նման կերպ բարձրացնելով:

«Մեր կազմակերպություն ամեն օր զանգեր են ստացվում. համաքաղաքացիները բողոքում են ծաղիկների անհավանական բարձր գներից: Այն ծաղիկը, որը սովորական օրերին արժեր 800 դրամ, տոնական օրերին արժենում է 1500 դրամ, 1500 դրամ արժողությամբ ծաղկեփնջի գինը օրինակ տոն օրերին դարձել էր 3500 դրամ»,-ասաց նա:

Ծաղկի խանութները նշում են սակայն, որ իրենք տոնական օրերին ծաղիկների գները բարձրացնում են ընդամենը 10 տոկոսով, ջերմոցատերերն էլ խորհուրդ են տալիս տոնական օրերին ծաղիկների գների բարձրացման մեղավորներին փնտրել վերավաճառողների շրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս