«Մենք մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների». Սեյրան Օհանյան
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Դիլիջանում։ Հրավիրած հանրահավաքի ժամանակ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ելել են պայքարի՝ հանուն ժողովրդի։
«Մենք մեր կյանքով, մեր փորձով ինչ-որ բանի հասել ենք՝ հեղինակության, արժանիքների, և կարող ենք կողքից նայել, թե ինչպես է ժողովուրդը մաքառում, ինչպես է ժողովուրդը տանջվում։ Բայց մենք որոշել ենք ամեն ինչ մի կողմ դնել, նաև այն խոսակցությունները, թե դու զինվորական ես, դու պետական գործիչ ես, կառավարման համակարգում ես եղել, քեզ պե՞տք է այս ամենը։ Այո՛, պետք է այս ամենը, որովհետև մենք ուզում ենք լինել ժողովրդի կողքին։ Լավ կլինի ժողովրդի համար, այդ լավը մենք էլ կկիսենք։ Վատ կլինի, դժվար կլինի ժողովրդի համար, այդ վատ ճանապարհին մենք կլինենք առաջամարտիկը»,- ասաց Ս.Օհանյանը։
Ըստ նրա՝ սխալ ունենալն այնքան էլ մեծ հանցագործություն չէ, բայց դա չվերագնահատելը, չվերացնելը նման է մարտից հետո զորքն անտեր թողնելուն։ Ս.Օհանյանի խոսքով՝ մի ձեռքը ծափ չի տալիս, և միայն ժողովուրդը կարող է իշխանափոխություն անել, ազնիվ քվեարկությամբ ընտրել այն ուժին, որ երկիրը դուրս կբերի այս դժվար իրավիճակից։ Նա նշեց, որ հարկավոր է ազատություն վախից՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին հարթության մեջ, որպեսզի ժողովուրդն ազատ արարի, ինչպես նաև պետք է ազատություն կարիքից, որին կարելի է հասնել միայն տնտեսական զարգացման արդյունքում։