Կարեն Կարապետյանը հանձնարարականը՝ ԴԱՀԿ-ի կողմից գույքի կամ դրամական միջոցների վրա դրվող արգելանքների վերաբերյալ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստի ընթացքում հանձնարական տվեց ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ:
«Մեր համաքաղաքացիների և հատկապես տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափին համաչափ արգելանք դնելու խնդիրը այն պարագայու, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը:
Արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ կիրառվում են դատական գործերով, որոնց տևողությունը բավականին երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ է դառնում նաև բիզնեսի համար:
Ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակով առկա խոչընդոտներով:
Այդ իսկ պատճառով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին մեկամսյա ժամկետում Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիակական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացնել առաջարկություն ՀՀ կառավարության աշխատակազմ»,- ասաց Կարեն Կարապետյանը: