Բաժիններ՝

«Ես, օրինակ, Երևանի քաղաքապետին չեմ նախանձում». Խոսրով Հարությունյան

«Ես, օրինակ, Երևանի քաղաքապետին չեմ նախանձում: Այս պայմաններում շատ բարդ է փողոցները պահպանել: Ձմռանը ստիպված աղ էին օգտագործում, բայց ձյունը հալվեց, գնաց, տեսնում ենք՝ ինչ ունենք»,- այսօր ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը` հարցադրում անելով, թե ճանապարհների պահպանության ի՞նչ եղանակներ կան:

Հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2016 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին 44 մլն եվրո վարկ տրամադրել 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ: Ծրագրի նպատակն է՝ վերակառուցել Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, ձգվող մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք մայրուղին: Բագրատաշենում նաև կամուրջ է կառուցվելու:

Խ.Հարությունյանը նշեց, որ ձմռանից հետո խուսափում է երթևեկել մայրուղիներով, իսկ Երևան-Սևան ճանապարհն ամբողջությամբ փոսերով է պատվում: Նա հարցադրում արեց, թե ե՞րբ Հայաստանում կլինեն միջազգային չափանիշերին համապատասխանող լավ լուսավորված թունելներ:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ Երևան-Սևան մայրուղին 2002-2006թթ. վերակառուցված ճանապարհ է. «Մենք շատ հաճախ փոսային լցոնման մեթոդիկան ենք կիրառում և փոսերը նորոգում ենք այն տեղերում, որտեղ այլ երկրներում հեռացնում են պաստառը: Բայց մինչև մայիսի վերջ մայրուղում կիրականացվեն փոսային նորոգումներ: Մեր քաղաքացիները ստիպված են երթևեկել փոսալցված ճանապարհով»:

Փոխնախարարի խոսքով` հետզհետե շաքից դուրս է գալիս նաև Նոյեմբերյանի ճանապարհը, քանի որ ստիպված են բեռնատարներն ուղարկել այդ ուղիով, և գերբեռնվածության պատճառով կորցնում են այդ ճանապարհը: Ըստ նրա` նաև այդ պատճառով շտապում են վերակառուցել Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհը: Նա նշեց, որ թունելները լինելու են այնպիսին, ինչպիսին եղել են լավագույն տեղերում, արագությունը 30-40-ի փոխարեն՝ 80-90 կմժ կլինի, ուշադրություն է դարձվելու անվտանգ երթևեկությանը, նաև վազանցի հնարավորություն կլինի, որոշ տեղերում 3-րդ գիծ կլինի, և վարորդները ստիպված չեն լինի բեռնատարի հետևից նույն արագությամբ գնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս