Kyocera-ն ներկայացնում է տաք ջրով և փրփուրով լվացվող հեռախոս
Ճապոնացիները ներկայացրել են դեռ 2015 թվականին ներկայացված Digno Rafre հեռախոսի նոր տարբերակը, որը շատ հանգիստ կարելի է լվանալ տաք ջրում և փրփուրում: Մեր սմարթֆոնները կլանում են մեծ քանակությամբ փոշի և մանրէներ, ինչը կարող է վնասել մեր առողջությանը: Ըստ մի շարք հետազոտությունների՝ պարզ է դարձել, որ հեռախոսը 20 անգամ ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը:
Kyocera ճապոնական ընկերությունը, հաշվի առնելով այս փաստը, դեռևս 2 տարի առաջ ներկայացրեց Digno Rafre սմարթֆոնը: Դրա հիմնական առանձնահատկությունը IP58 մակարդակի պաշտպանությունն էր ջրից: Գադջետը ոչ միայն չէր վախենում ջրից, այլև փրփուրով լվանալու դեպքում չէր ենթարկվում որևէ փոփոխության:
Օրերս Kyocera ընկերությունը ներկայացրեց այս հեռախոսի երկրորդ տարբերակը: Հեռախոսի պարամետրերն են՝ 2 ԳԲ օպերացիոն հիշողություն, 5 դյույմանոց էկրան, Android 7.0 օպերացիոն համակարգ: Հեռախոսի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն կարելի է լվանալ հոսող ջրում և շատ մեծ քանակությամբ փրփուրով:
Այս հեռախոսները վաճառքում կլինեն 2017 թվականի մարտից: Այն դեռևս նախատեսված է միայն ճապոնական շուկայի համար: Նոր սմարթֆոնի արժեքը դեռևս հայտնի չէ, սակայն հեռախոսի առաջին տարբերակն արժեր 440 եվրո: Մասնագետները նշում են, որ այս նոր տարբերակը շատ չի տարբերվի արժեքով:
Սիրարփի Աղաբաբյան