Բաժիններ՝

«2016թ. տարեկան տվյալների ամփոփումը սպառողներին կներկայացվի 2017թ. հունվարի 31-ին». ԱՎԾ

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վերջերս, ամփոփելով 2016 թվականը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր, որ 2016 թվականին Հայաստանը լքել է 60 հազար քաղաքացի, ինչը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: «Շուրջ 60 հազար մարդ լքել է Հայաստանը: Սա 2016-ի  մեծագույն կորուստն էր»,- ասել է պատգամավորը:

168.am-ի թղթակիցը ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե  Կույումջյանից փորձել է ճշտել՝ որքանո՞վ է այդ հրապարակված թիվն իրական.

– Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ 2016թ. Հայաստանից միգրացիայի ցուցանիշը  կազմել է 60 հազար մարդ է, արդյո՞ք դա այդպես է:

– Հարցի պատասխանն ամբողջական և պարզ ներկայացնելու համար, առաջին հերթին, կներկայացնեմ ՄԱԿ-ի կողմից սահմանված միջազգային միգրացայի սահմանումը, ըստ որի՝ իրականացվում է ՀՀ ԱՎԾ պաշտոնական հաշվարկները, ապա նոր անցում կատարենք միգրացիայի թվաքանակին («Рекомендации по Статистике Международной Миграции», 1-ое пересмотренное издание, ООН, Нью-Йорк, 1998, стр.15,): 

Կարդացեք նաև

Ըստ հիշյալ սահմանման, միջազգային միգրանտ է համարվում այն անձը, ով փոխում է իր մշտական (սովորաբար) բնակության երկիրը:  Մշտական բնակության  երկիրը, դա աշխարհագրական այն բնակավայրն է,  որում անձն ապրում է,  ունի բնակատեղ և որում սովորաբար անցկացնում է իր օրվա հանգստի ժամերը:  Ժամանակավոր արտասահման ճամփորդությունը (հանգստի, արձակուրդի, ընկերներին և մտերիմներին այցելության նպատակով, գործուղման, բուժման կամ կրոնական ուխտագնացության) չի հանգեցնում անձի մշտական բնակության երկրի փոփոխության:

Միջազգային միգրանտները տարանջատվում են՝  երկարաժամկետ միգրանտի՝ այն անձը, որն իր մշտական (սովորաբար) բնակության երկրից տեղափոխվում է մեկ այլ երկիր՝ առնվազն մեկ տարի (12 ամիս) ժամկետով, և կարճաժամկետ միգրանտի՝ այն անձը, որն իր մշտական (սովորաբար) բնակության երկրից տեղաշաժվում է մեկ այլ երկիր՝ առնվազն 3 ամիս, բայց մեկ տարուց (12 ամիս) պակաս ժամկետով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղաշարժը պայմանավորված է հանգստի, արձակուրդի, ընկերներին և մտերիմներին այցելությունների, գործուղման, բուժման կամ կրոնական ուխտագնացության նպատակով: Ընդ որում, կարճաժամկետ միգրանտները ներառվում են մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշում, իսկ երկարաժամկետները՝ հանվում:

Բնակչության տեղաշարժերի (միգրացիայի)  վարչական հաշվառման տվյալների սկզբնաղբյուրը ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված՝ ըստ բնակության վայրի հաշվառման և դուրսգրման վարչական գրանցումներով ձևավորված էլեկտրոնային տեղեկատվական շտեմարանների տվյալների գրանցումներն են: Քանի որ հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գրվելու գործառույթներն ուղղակիորեն կախված են քաղաքացիների կամքից, և որպես դրա հետևանք՝ այդ կարգի գրանցումները միգրացիոն տեղաշարժերի ամբողջական պատկերը չեն արտացոլում, ապա մշտական բնակչության հաշվարկի համար միգրացիայի տվյալները ենթարկվում են վերագնահատման (ճշգրտման) հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա՝ Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքներով ձևավորված, միգրացիոն գործընթացներն արտացոլող տվյալների հիման վրա, որում առկա են ՀՀ ժամանած/ՀՀ-ից մեկնած տնային տնտեսության անդամների ՀՀ-ում գտնվելու/ՀՀ-ից բացակայելու  ժամկետները, նպատակը, վայրը, որտեղից է եկել/ուր է մեկնել: Դրանց հիման վրա հնարավոր է դառնում գնահատել միջազգային միգրացիայի տվյալները՝  վերը հիշատակված միջազգային մեթոդաբանության համաձայն:

Ենթադրում եմ, որ Ձեր կողմից հիշատակված ցուցանիշը ներկայացնում է սահմանային գրանցումների հաշվեկշռի մասնավոր գնահատական, քանզի այն ստացվում է ՀՀ ԱՎԾ-ում՝ էլեկտրոնային համակարգով, և հրապարակվում է ՀՀ ԱՎԾ-ի կողմից թողարկվող «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը» ամսական տեղեկատվական զեկույցի «5.2 ժողովրդագրական իրավիճակը» հատվածում, եռամսյակային պարբերականությամբ: Վերջին ամփոփումը վերաբերել է 2016թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածին, և ցուցանիշը կազմել է -86.7 հազ. գրանցում, իսկ  2016թ. տարեկան տվյալների ամփոփումը սպառողներին կներկայացվի 2017թ. հունվարի 31-ին:

Այս պահին հաստատել կամ հերքել Ձեր հիշատակած ցուցանիշը՝ անգամ որպես սահմանային գրանցումների հաշվեկշիռ, հնարավոր չէ: Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում սովորաբար սահմանահատման ցուցանիշը մեկնաբանվում է՝ որպես «միգրացիա», կուզենայի մեկ անգամ ևս նշել, որ անձը որպես երկարաժամկետ միջազգային միգրանտ է դասակարգվում, եթե նա բացակայել է իր բնակության երկրից մեկ տարի և ավելի ժամկետով: Իսկ որպես կարճաժամկետ միգրանտ՝ դասակարգվում են երկրից 3-12 ամիս տևողությամբ բացակայող անձինք: Հիշատակված մեթոդաբանությամբ, 2015թ. ՀՀ միգրացիայի մնացորդը (էմիգրանտ՝ 36 500- իմմիգրանտ՝ 10 600) կազմել է -25 900 մարդ, (սահմանահատումների գրանցումների հաշվեկշիռը կազմել է՝ -43.4 հազ.): 2016թ.վերաբերյալ այս պահին առկա է միայն  հունվար-սեպտեմբեր ամիսների համար միգրացիայի մնացորդի գնահատականը՝  -14 100 մարդ, ինչը հրապարակվել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2016թ. հունվար-սեպտեմբերին» տեղեկատվական ամսական զեկույցի «5.2 ժողովրդագրական իրավիճակը» հատվածի «5.2.1. Բնակչության թվաքանակ և բնական շարժ» ենթահատվածում, էջ 118:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս