«Երևանի բնակչության 1 շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմում է 2.5 մլն դրամ՝ մոտ 5 000 դոլար». Դավիթ Լոքյան
«Մենք ունենք 235 բնակավայր, որտեղ տրանսպորտային ամենօրյա երթևեկություն չենք իրականացնում: Մենք չունենք մրցույթներով հաղթող որոշակի կառույցներ, որոնք այս միջհամայնքային ավտոբուսային երթևեկությունն ապահովեն: Սա ունի բազմաթիվ պատճառներ. տնտեսապես էֆեկտիվությունը ձգտում է զրոյի, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ օրական առավելագույն փոխադրվող մարդկանց թիվը չի գերազանցում 2-ը:
Ճանապարհների շատ վատ վիճակ, որը տնտեսվարող սուբյեկտներին թույլ չի տալիս համապատասխան մեքենաներով իրականացնել այդ փոխադրումը: Որոշակի տուրքերի և լիցենզիաների արժեքներ, որոնք հնարավորություն չեն տալիս այդ տարածքներում իրականացնել այդ գործողությունը, և կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին՝ հատկապես սահմանամերձ գյուղերի ճանապարհները շատ վատ վիճակում են գտնվում, և 30 րոպեանոց ճանապարհը մարդիկ անցնում են 1.5 ժամում, այդ ճանապարհներին ե՞րբ են ուշադրություն դարձնելու, այսպիսի պատասխան տվեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: Նա նշեց, որ բոլոր համայնքների համար կառավարությունն անհրաժեշտություն է համարել ունենալ էքսկավատոր, գրեյդեր, բեռնատար մեքենա և այլ տեխնիկա, որը կլուծի միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների խնդիրը: «Հասկանալի է՝ եթե այսօր հայտարարենք, թե հաջորդ տարի բոլոր համայնքային ճանապարհները ասֆալտապատ կլինեն, դուք չէիք հավատա, չէ՞: Դրա համար անհրաժեշտ համարեցինք համայնքներին տալ որոշակի տեխնիկական բլոկ, որով կկարողանան իրենց առաջնահերթությունները լուծել: Մենք փոխելու ենք երթուղիների մրցութային մեխանիզմները: Եթե Գյումրի-Երևան երթուղին շատ գրավիչ է և եկամտաբեր, մենք պետք է կարողանանք այնպիսի տրամաբանությամբ մրցույթ իրականացնել, որ այդ երթուղին իրականացնող տնտեսվարողը մեկ երթուղի իրականացնի Գյումրի-Ամասիա կամ Գյումրի-Բերդաշեն տարածաշրջանում, որտեղ եկամուտը շատ փոքր է»,- ասաց նա՝ հավելելով, որ պետությունը պետք է որոշակի սուբսիդավորման մեխանիզմներ ներդնի այս համայնքներում կապ ապահովելու և երթևեկություն իրականացնելու համար:
«Այս ֆինանսական հնարավորությունների պարագայում մեր երկրի համար շատ դժվար է բոլոր ճանապարհները նորոգել:
Սա մեծածավալ ֆինանսական ռեսուրս պահանջող խնդիր է»,- նշեց նախարարը: Նախարարը նաև նշեց, որ Երևանի բնակչության 1 շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն կազմում է 2.5 մլն դրամ՝ մոտ 5 հազար դոլար. «ՀՀ միջին ՀՆԱ-ն մեկ շնչի համար կազմում է մոտ 3530 դոլար: Իսկ Շիրակի մարզում՝ 1 մլն 25 հազար դրամ՝ 2100 դոլար: Տեսեք՝ ինչ ահռելի տարբերություն ունենք ՀՆԱ-ի տեսակետից, և չի կարող երկիր բնականոն զարգացում ունենալ, եթե երկրի տարբեր տարածքներում, որոնց հեռավորությունը չի գերազանցում 200կմ-ը՝ այսպիսի տարբեր թվեր են լինում: Պետք է ներդրումային ուղղությունները տանել հենց այդ տարածքներ»: