Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության ոլորտը դեռևս լավ հետազոտված չէ
Անձական տվյալների թեման ներկայում շատ հրատապ է, քանի որ այն ոչ շատ լավ հետազոտված ոլորտ է։ Կլոր սեղանի շուրջ լրագրողների հետ զրույցում նման դիտարկում արեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նա ասաց, որ անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը ընդունվել է 1 տարի առաջ։ «Մեր օրերում անձնական տվյալների պաշտպանությունը էլ ավելի լուրջ խնդիր է դառնում, որովհետև գոյություն ունի համացանց, որտեղ գրեթե անվերահսկելի իրավիճակ է տիրում։ Շատ կարևոր է, որ պետական ատյանները և առհասարակ պետությունը հոգ տանի անձնական տվյալների գաղտնիությունը ապահովելու, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը պաշտպանելու վերաբերյալ»,- ասաց Մելիքյանը։
Նա նաև նշեց, որ սկսած անուն ազգանունից, անձնագրի տվյալներից, ապրելու վայրից, հեռախոսահամարից, մինչև ընտանիքի անդամների տվյալները, պետք է անձի համաձայնությամբ տարածվեն և օգտագործվեն։ «Մենք գիտենք փաստեր, երբ անվերահսկելի է դառնում իրավիճակը և անձնական տվյալները օգտագործվում են ոչ ճիշտ նպատակով»,- հավելեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։
Վրաստանի անձնական տվյալների պաշտպանության տեսուչ Թամար Կալդանին ասաց, որ իրենց երկրում անձնական տվյալների պաշտպանության հարցով սկսել են զբաղվել երեք տարի առաջ։ «Այդ ժամանակվանից ի վեր մենք շատ բան ենք փոխել և՛ անհատական սեկտորում, և՛ հանրային։ Շատ կարևոր է այս երկու սեկտորների համար հասկանալ բոլոր այն իրավական սկզբունքները, որոնք ներկայացված են օրենքում։ Մենք տարբեր ոլորտներում շատ բարելավումներ ենք արել։ Մենք այնպես ենք արել, որ շատ անձնական տվյալներ հանրության համար այլևս հասանելի չեն։ Ես կարող եմ ասել, որ ամեն տեղ մարտահրավերներ կան՝ ցանկացած ոլորտում և մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս պաշտպանենք հասարակության անձնական տվյալները իրավական և ոչ իրավական դաշտում»,- նշեց Կալդանին։ Նա ասաց, որ Հայաստանում այդ ոլորտի մասին շատ բան չգիտի և եկել է այստեղ կիսվելու իր փորձով, ինչպես նաև ծանոթանալու մեր երկրում կատարած աշխատանքներին։
Հայաստանի արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում, մեկ տարվա ընթացքում երեք հիմնական ոլորտ են կարևորել. «Առաջինը տեսահսկման ոլորտն է, որտեղ մենք ընդունել ենք համապարփակ ուղեցույց, որը չունի պարտադիր կատարման պահանջ։ Յուրաքանչյուր անձ` թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական, ով իրականացնում է տեսահսկում, պետք է հետևի օրենքով սահմանված կանոններին։ Հաջորդ ոլորտն անցանկալի հաղորդագրություններն են։ Մարդը իր բջջային հեռախոսահամարին չպետք է ստանա որևէ առևտրային կամ այլ բնույթի հաղորդագրություն, եթե դրա համաձայնությունը չի տվել։ Եթե անգամ տվել է համաձայնություն, օրինակ՝ զեղչերի ժամանակ, որպեսզի նրան տեղեկացնեն այդ մասին, նա պետք է հնարավորություն ունենա իր համաձայնությունը հետ կանչելու։ Այս մասին մենք տվել ենք խորհրդատվական որոշում, ինչպես նաև մշակվել է օրենքի նախագիծ, որն այս պահին կառավարությունում է։ Որոշումը ստանալուց հետո այն կուղարկվի ԱԺ ընդունման։ Ընդհանուր առմամբ, կարծես թե ամեն ինչ շատ հարթ է գնում և հույս ունեմ, որ մինչև տարեվերջ այն նախագիծը կյանքի կկոչվի»:
Շուշան Դոյդոյանը կարևորեց և առանձնացրեց նաև անչափահաս երեխաների անձնական տվյալների պաշտպանությունը։ Նա ասաց, որ վերջերս եղել են խնդրահարույց դեպքեր, երբ երեխաների անձնական տվյալները հրապարակվեցին մամուլում։ Նա շեշտեց, որ դա, իհարկե, լրագրողների մեղքով չէր, այլ նրանց տրամադրվել էին այդ տեղեկությունները։ Դրա վերաբերյալ գործակալությունը մշակել է համապարփակ ուղեցույց, որը դեռ ընդունման փուլում է. «Ընդունելուց հետ, մենք այն կհանձնենք ձեր դատին։ Լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կարծիքը լսելուց հետո միայն, այն կդնենք վերջնական ընդունման»:
Լիլիթ Դեմուրյան