Բունդեսթագում կոչ են արել նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Բունդեսթագի արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Նորբերտ Ռյոտգենը երեկ կոչ է արել Գերմանիայի իշխանություններին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Սիրիայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»՝ հղում կատարելով գերմանական ԶԼՄ-ներին։
«ԵՄ-ն պետք է առնվազն պատժամիջոցներ սահմանի ռուսական կողմի նման գազանությունների դեմ»,- ասվում է Ռյոտգենի և «Կանաչների» պատգամավոր Ֆրանցիսկա Բրանտների հայտարարության մեջ։
«Անընդունելի է, որ նրանք, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների համար, թռչում են Մյունխեն կամ Փարիզ, որպեսզի սուրբծննդյան գնումներ կատարեն, մինչ կանայք ու երեխաները զոհվում են Սիրիայում»,- գերմանական պարբերականը մեջբերում է փաստաթղթից մի հատված։
Ռյոտգենն ու Բրանտերը իրենց հայտարարության մեջ նաև նշել են, որ նման պատժամիջոցների ազդեցությունը արագ չէր լինի, սակայն ՌԴ նախագահը «պետք է ուշադրություն դարձնի դրանց ազդեցությանը՝ հաշվարկելով Սիրիայում իր գործողությունների հետևանքները»։