«Որոշ մարդկանց ձեռք չի տալիս, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը գործի. շատ եմ ցավում, որ այդ պատմության մեջ խառնվել են Նանոր Սէֆիլյանը և Արմենակ Կյուրեղյանը». Ֆելիքս Հայրապետյան

Ինչպես հայտնի է, Ժիրայր Սէֆիլյանի կինը՝ Նանոր Սէֆիլյանը, դուրս է եկել «Սասնա ծռեր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից: Ներկայացնելով իր դուրս գալու պատճառները՝ նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե իր համար դժվար է աշխատել մի հիմնադրամում, որի անունը «Սասնա ծռեր» է, և որը հայտարարում է, որ չի հարում ոչ մի քաղաքական կուսակցության կամ գաղափարի, բայց իր էջում դնում է հղումներ, հարցազրույցներ, կոչեր, որոնք ամբողջովին քաղաքական են և հիմնականում «Սասնա ծռերի» գաղափարներին չեն համընկնում և երբեմն նույնիսկ հակասում են «Սասնա ծռերի» քաղաքական գաղափարներին, հայացքներին: Որպես հավելյալ պարզաբանում՝ նա նշել է, թե նաև դժվար է լինել հոգաբարձուների մի խորհրդում, որտեղ անդամների միջև գոյություն ունեն քաղաքական լուրջ տարակարծություններ:

«Չեմ կարող աշխատել «Սասնա ծռեր» հիմնադրամում, որտեղ թափանցելիությունը լրիվ ապահովված չէ բոլոր անդամների համար: Հատկապես նկատի ունեմ Շվեյցարիայում բացված PayPall հաշվեհամարը. մինչև վերջ ինձ համար պարզ չէր ում անունով բացված լինելու հանգամանքը, որի արդյունքում բոլորս տեսանք Շանթ Ոսկերիչյանի բարձրացրած հարցը և դրանից բխող բոլոր վեճերը:  Հիմնադրամի խորհրդի անդամները պետք էր, որ մեկը մյուսի նկատմամբ և հատկապես նվիրատուների նկատմամբ հարգանքով վերաբերվեին և չպետք է պարտադրեին իրենց կամքը. մի բան, որի հետ չէի կարող համակերպվել, և այս բոլոր պատճառների արդյունքում չէի պատրաստվում իմ թույլ առողջությունը առավել ևս վնասել, որի համար հրաժարական տվեցի»,- գրել է Ն. Սէֆիլյանը։

Նշենք, որ հոգաբարձուների խորհրդի կազմից դուրս է եկել նաև Արեգ և Հայկ Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։

168.am-ի հետ զրույցում «Սասնա ծռեր» քաղաքական խորհդրի անդամ Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ ինքը ծանոթ է Ն. Սէֆիլյանի հայտարարությանը, բայց չի ուզում հիմա մեկնաբանել այն, որպեսզի «ինչ-որ ձևով չազդի նրա վրա, որ լուրջ մեկնաբանությունների տեղիք տա»։ «Ոչ թե կարծիք չունեմ, ես ամբողջությամբ հասկանում եմ տիկին Սէֆիլյանի դիրքորոշումը, բայց ավելին հիմա չեմ ասի, որպեսզի այլ ձևով չմեկնաբանվի ասածս»,- ասաց նա։

Ա. Ենիգոմշյանը նաև նշեց, որ դեռևս չի ցանկանում մեկնաբանել այն, քանի որ ինքն այդ հոգաբարձուների խորհրդի անդամ չէ։

Հոգաբարձուների խորհրդի  հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի հասկանում՝ ո՞ւմ են մեղադրում Ա. Կյուրեղյանն ու Ն. Սէֆիլյանը՝ այն դեպքում, երբ նրանք են եղել հոգաբարձուների խորհրդի անդամները. «Չե՞ն ուզում, իրենց գործն է, կլինեն այլ մարդիկ»։

Մեր այն հարցին, թե չե՞ք կարծում, որ սա հարված էր հիմնադրամի վարկանիշին, Ֆ. Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Եթե մարդիկ ուզում են հիմնադրամի մասին տեղեկություններ ստանալ, թող բարի լինեն հիմնադրամի հետ ծանոթանալ և ոչ թե որոշ մարդկանց հայտարարությունների։ Ես կարող եմ շատ հայտարարություններ անել, բայց դա պետք է ապացուցել։ Տվյալ դեպքում, երբ Նանորը կամ Արմենակն ասում են, որ թափանցիկ չէ, ես էլ ասում եմ՝ մի հատ օրինակ բերեք, ես էլ բացատրեմ՝ թափանցի՞կ է, թե՞ թափանցիկ չէ։ Բայց նրանք օրինակ չունեն, ու դրանք մերկապարանոց հայտարարություններ են»։

Հարցին էլ, թե ի՞նչ նպատակ են նրանք հետապնդում նման հայտարարություններ անելով՝ այն դեպքում, երբ հիմնադրամը ստեղծվել է «քաղբանտարկյալների» համար, Ֆ. Հայրապետյանն այսպես պատասխանեց. «Ես գիտեմ, որ մարդիկ կան, որոնց ձեռք չի տալիս այս դրամահավաքը, որը կազմակերպվել է ԱՄՆ-ում, հիմա նրանք այդ ամբողջը խառնելու համար գործադրել են իրենց ամբողջ հնարավորությունները, և շատ եմ ցավում, որ այդ պատմության մեջ խառնվել են Նանորը և Արմենակը, որոնց երկուսի մասին էլ ես շատ բարձր կարծիքի եմ, բայց ինչ-որ մի բան իրենց համար ավելի կարևոր է, քան հիմնադրամի շահերը։ Մարդիկ մերկապարանոց, առանց որևիցե փաստ բերելու, իրենց ասածն ապացուցած լինելու համար մեզ մեղադրում են ոչ թափանցիկ լինելու մեջ՝ այն դեպքում, երբ իրենք եղել են հոգաբարձուների խորհրդի անդամ, և իրենք են պատասխանատու այդ թափանցիկ լինելու համար։ Այսինքն՝ պետք է մեկն ու մեկն իրենցից հաշիվ պահանջի՝ ինչո՞ւ է այդ երկու ամսվա ընթացքում եղել ոչ թափանցիկ։ Ո՞ւմ են իրենք մեղադրում, իրենք են հոգաբարձուները, չէ՞, ես եղել եմ հիմնադիր, իսկ հիմնադիրը միայն խորհրդատվության իրավունք ունի, ես չեմ քվեարկել, իրենք են քվեարկել, որոշումներ ընդունել, հիմա ո՞ւմ են իրենք մեղադրում ոչ թափանցիկության մեջ»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ո՞ւմ նկատի ունի Ֆ. Հայրապետյանը՝ ասելով, թե մարդիկ կան, որոնց ձեռք չի տալիս դրամահավաքը։ Ի պատասխան՝ նա ասաց, որ չի ցանկանում մանրամասնել, քանի որ դրանք դեռևս կասկածներ են. «Չեմ կարող անուններ ասել, որովհետև վստահ չեմ, մարդիկ սովորաբար մեղադրանքներ են ներկայացնում, երբ ունեն փաստեր»։ Հարցին էլ, թե այդ ի՞նչն են Ն. Սէֆիլյանն ու Ա. Կյուրեղյանն ավելի կարևորել, քան հիմնադրամի շահերը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ես այդպես չեմ ասում, ուղղակի ցավում եմ, որ նրանք արեցին քայլեր, որոնք չպետք է անեին։ Ե՛վ Նանորին, և՛ Արմենակին մինչև հիմա էլ հարգում եմ, բայց ցավում եմ, որ այդ պատմության մեջ են մտել»։

Արմենակ Կյուրեղյանը մեզ հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել  Ֆ. Հայրապետյանի ասածները. «Ես հրաժարվում եմ մեկնաբանել նրա այդ ասածը, հիմա նա փորձում է ինձ ներքաշել ինչ-որ բանի մեջ, որին ես կտրականապես դեմ եմ։ Ես չեմ ուզում ներքաշվել որևիցե բանի մեջ, դուք ինքներդ գնահատեք՝ մի՞թե ես կարող էի… Ոչինչ չեմ ուզում մեկնաբանել»։

Մենք նաև փորձեցինք կապ հաստատել Ն. Սէֆիլյանի հետ, սակայն մեզ չհաջողվեց։

Տեսանյութեր

Լրահոս