Բաժիններ՝

«Սա ոչ թե ծրագրերի հետաձգման, այլ կայունացման բյուջե է». Ֆինանսների նախարար

«Կարծում եմ՝ կառավարության ծրագրից բխող այն միջոցառումները, որ դուք նախատեսել եք 3 ամսում, 6 ամսում, մի տարում, և նախատեսված բյուջեով 3.2 տոկոս տնտեսական աճը բավականին անհամապատասխան են»,- այսօր ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ եթե ուզում ենք լուրջ պայքար սկսել ստվերի, կոռուպցիայի դեմ, պետք է ծրագրեր իրականացնել բիզնեսի զարգացման համար, և այլն: «3.2 տոկոս աճը միգուցե Ռուսաստանի կամ նման տիպի հզոր երկրի համար ազդեցիկ լինի, բայց մեր նման, մեր չափերի տնտեսություն ունեցող երկրների համար այս աճը կրելու է ընդամենը գոյատևման բնույթ, ինչն անհասկանալի է»,- ասաց նա։

Նաև հավելեց. «Նոր գալիս եմ Բաղրամյան փողոցից, «Նաիրիտ» գործարանի աշխատակազմի հետ հանդիպեցի, դուք գիտեք, որ մրցույթ է հայտարարված, բայց նրանք խոսում են պրոֆիլային, որոշակի գույքի օտարումների մասին, չե՞ք կարծում, որ ելնելով այս ամեն ինչից՝ այս բյուջեի անունը կարելի է դնել ծրագրերի հետաձգման բյուջե»,- դիմելով նախագծի հիմնական զեկուցող, ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ հարցրեց Մ. Մելքումյանը

Նախարարն էլ կարծիք հայտնեց, որ սա ոչ թե ծրագրերի հետաձգման, այլ կայունացման բյուջե է։ Նրա խոսքով՝  իրենք չեն կարող միանգամից 4-5 բան թիրախավորել, իրենց համար գերական ապագա տնտեսական աճի համար հենքեր ստեղծելն է, իսկ դրա  համար ամենակարևորը մակրոտնտեսական կայունությունն է։

«3.2 տոկոսը 2017 թվականի համար ցածր չէ, այն ադեկվատ է, միջնաժամկետի համար, կարծում ենք, որ ցածր է։ Դա նշանակում է, որ միջնաժամկետի առումով մեր ամբիցիաները պետք է լինեն շատ ավելի բարձր, քան 3.2  տոկոսն է, բայց 2017-ի համար համապարփակ նայել ենք բոլոր գործոնները, թե ինչպես են ազդում մեր տնտեսության վրա։ Ակնհայտ է, որ, եթե այնպես է, որ դու չես կարող թռիչքային աճ ապահովել, ոչ խելամիտ կլինի, որ 3.2-ի փոխարեն՝ գրես 7 տոկոս։ Դրա համար տնտեսական աճը և մակրոտնտեսական քաղաքականությունը պետք է լինի իրատեսական։ ԵԱՏՄ երկրներում գրեթե բոլորը բացասական տնտեսական աճով են, միակ դրական տնտեսական աճը Կիրգիզիայում է և մեզ մոտ։ Ակնհայտ է, որ նման երկիր չի եղել, որ բացասական տնտեսական աճից հետո հաջորդ տարի ունենա թռիչքային  աճ, նման բան չի լինում։ Դա նման է նրան, որ, երբ մարդն ունի տկարություն, հաբ ես ներարկում, ինքը միանգամից ընդամենը 15 րոպեի ընթացքում լինի առույգ, չի լինում նման բան։ Ժամանակ է պետք, որպեսզի վերականգնվի»,- նշեց Վ. Արամյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս