Բաժիններ՝

«Գրին քարտ» շահելու մասին նամակները խաբեություն են. ԱՄՆ դեսպանատունը մանրամասներ է հայտնում խաղարկության և շահումների վիճակագրության մասին. tert.am

«Գրին քարտի» խաղարկության շահողները պետք է բավարարեն ներգաղթային վիզայի ստացման համար սահմանված բոլոր այն պահանջներին, որոնք ներկայացված են «Ներգաղթի և քաղաքացիության մասին» ԱՄՆ օրենքում:

Այս մասին Tert.am-ին հարցին ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: Հարցին, թե որ դեպքում է դադարում «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցելու պետության իրավունքը՝ ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին.

«Եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող երկիր, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը։«Գրին քարտի» կամ ներգաղթային վիզաների խաղարկության ծրագրի նպատակն է ներգաղթի հնարավորություն ապահովել ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրների քաղաքացիների համար: ԱՄՆ օրենսդրության շրջանակում ԱՄՆ ներգաղթի ցուցանիշը բարձր է, եթե վերջին 5 տարիների ընթացքում տվյալ երկրից ընտանիքի վերամիավորման և աշխատանքային վիզաների միջոցով ԱՄՆ ներգաղթածների ընդհանուր թիվը գերազանցում է 50.000-ը:

Ամեն տարի ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հաշվարկում է ընտանեկան ու աշխատանքային վիզաների քանակությունը, համադրում վերջին 5 տարիների ցուցանիշները, և եթե որևէ երկիր դասակարգվում է որպես ներգաղթի բարձր ցուցանիշ ունեցող, ապա այդ երկրի քաղաքացիները չեն կարող մասնակցել «Գրին քարտի» խաղարկությանը: Հաշվարկները կատարվում են տարեկան կտրվածքով, ուստի՝ մասնակցության իրավունք ունեցող երկրների ցանկը կարող է տարեցտարի փոխվել»:

Հարցին, թե «Գրին քարտի» խաղարկության մասնակից քաղաքացիների շրջանում կարծիքներ կան, թե շահելու ծանուցումը ստանում են էլեկտրոնային հասցեով, Հայաստանից մասնակիցները չեն շահի, եթե այլ երկրից լրացնեն մասնակցության հայտը և այլն, կապ ունի՞ այս ամենն իրականության հետ, ԱՄՆ դեսպանատնից պատասխանեցին. «Խաղարկությանը մասնակցության հայտերը կարող են ներկայացվել աշխարհի ցանկացած վայրից։

Շահողները ներգաղթային վիզայի հարցազրույց կարող են անցնել ցանկացած վայրում, որտեղ կա ԱՄՆ դեսպանատուն կամ հյուպատոսարան: Խաղարկության արդյունքների՝ շահել, չշահելու մասին պաշտոնական ծանուցումը զետեղվում է dvlottery.state.gov կայքի Entrant Status Check բաժնում, այս տարվա խաղարկության արդյունքները կայքում հասանելի կլինեն 2017թ. մայիսի 2-ից մինչև 2018թ. սեպտեմբերի 30-ը:

Պետքարտուղարությունը շահողներին սովորական կամ էլեկտրոնային փոստով ծանուցումներ կամ նամակներ չի ուղարկում: Եթե էլեկտրոնային փոստով ստացել եք նամակ, որտեղ հայտնում են, որ շահել եք «Գրին քարտի խաղարկությունում», իմացեք, որ դա պետքարտուղարությունից չէ և ընդամենը խաբեություն է: Էլեկտրոնային փոստով Պետքարտուղարությունից ստացվող նամակները պարզապես ուղղորդում են դեպի Entrant Status Check բաժին՝ նոր տեղեկություններ ստանալու համար: Նաև հիշեք, որ պետքարտուղարությունը երբեք չի պահանջում գումարներ ուղարկել փոստով կամ դրամական փոխանցումների համակարգերի, օրինակ՝ Վեսթերն Յունիոնի միջոցով»:

ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսարանից տրամադրած տվյալներից ելնելով Tert.am-ը վիճակագրական հաշվարկ կատարեց, համաձայն որի՝ 2007-2015 թվականներին Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը դիմել է 1 մլն 253 հզր 626 մարդ, իսկ 2011-2015 թվականից Հայաստանից «Գրին քարտի» խաղարկությանը մասնակցել է 507 հզր. 676 մարդ և շահել է 7710-ը:

Բնակչության թվի և «Գրին քարտ» շահողների թվի հարաբերակցությամբ՝ Հայաստանը հարևան երկրների համեմատ առաջատարն է:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս