«Կառավարությունում ման են գալիս հորքուրի, հորեղբոր, քեռու թոռ, էրեխա, ընկեր, բան, զանգերը կապել են, օդնոկլասսնիկներով մարդ են ման գալիս, կառավարություն են սարքում»

«Զավեշտն այն է, որ այս ամբիոնից խոսում են մարդիկ, որոնք անգամ Ընտրական օրենսգիրքը չեն կարդացել, օրենքներից տեղյակ չեն, գործընթացները բացարձակապես չեն հասկանում և կուրծք են ծեծում պաշտպանելու քաղաքական մեծամասնությանը՝ արդարացնելու այն զավեշտները, ինչ տեղի էր ունենում  ընտրական օրերին»,- այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը։

Նրա խոսքով՝ ամենազավեշտն այն է, որ նման մարդիկ ռոմանտիկ են, որովհետև իրենց կյանքը բարեկեցիկ է դարձել, իրենց համար որևէ պակաս բան չկա. «Հո իրենք գյումրեցու կամ վանաձորցու նման չե՞ն ապրում, որ մտածեն նրանց մասին, կարևորը՝ իրենց բնակարանները փոխվեն, հնարավորությունները փոխվեն և պայքարողներին ճղճղացողներ անվանեն։ Ինձ համար ծիծաղելի է, որ նման մարդիկ, բացի գործուղումներից՝ ուրիշ բանի տեղ չգիտեն»։

Հ. Բիշարյանը նաև բողոքեց, որ կառավարությունը «արհամարհում» է խորհրդարանին և ներկա չէ Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկմանը. «Լավ կլիներ, որ այս դահլիճում բոլորը ներկա լինեին ու առավել ևս՝ այն կառավարությունը, որի դեմքը հլը չենք հասկանում՝ ինչ է։ Այնքան են արհամարհել այս ինստիտուտը և Ընտրական օրենսգիրքը, որովհետև այսօր իրենց ականջները պատրաստ չեն լսելու այն խայտառակությունները, որ տեղի ունեցավ այդ երկու քաղաքներում։ Զբաղված են մարդիկ, կառավարությունում ման են գալիս հորքուրի, հորեղբոր, քեռու թոռ, էրեխա, ընկեր, բան, զանգերը կապել են, օդնոկլասսնիկներով մարդ են ման գալիս, կառավարություն են սարքում։ Սա անելու բա՞ն է, ո՞ւմ հետ խոսենք, ինքներս մեզ հետ խոսե՞նք։ Սա ձեռագիր է, պետք է այսպես էլ մենք արհամարհենք կառավարությանը, երբ իրենք գան հարցուպատասխանին, դահլիճը պետք է դատարկվի, որ իրենք իմանան, որ իրենք արժանի չեն, որ իրենց հետ քննարկում անենք»։

Տեսանյութեր

Լրահոս