Զինվորական համազգեստի որակը գցելը Մովսես Հակոբյանի առաջին քայլերից է եղել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ս.թ. հունիս-օգոստոսին ժամկետային զինծառայողներին բաժանեցին ամառային ամենօրյա համազգեստ, որը կարված է ցածրորակ, առողջության համար վնասակար եւ էժանագին կտորից։
Այդ կտորի բաղադրության միայն 35 տոկոսն է բամբակ։ 65 տոկոսը սինթետիկ է, նեյլոն։ Սա ներկայիս գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի նորամուծությունն է։ Նա մայիսի վերջից ստանձնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի եւ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը։
Մինչեւ Մովսես Հակոբյանի՝ հայկական բանակ տեղափոխվելը համազգեստը կարվում էր 50 տոկոսով բամբակյա կտորից, որը դարձյալ քիչ է։
Զինվորը հաճախ օրեր շարունակ նույն հագուստով է, հերթապահության է գնում՝ առանց փոխվելու, եւ համազգեստը պետք է հիգիենայի պահանջներին համապատասխանի, չպետք է շոգեցնի, քրտնեցնի կամ հեշտ հրկիզվող լինի։ Նեյլոնի բարձր պարունակություն ունեցող համազգեստն արագ բռնկվող է։
Այն կրողն անպաշտպան է, օրինակ, նապալմի՝ բենզինի խտացման արդյունքում ստացված զինատեսակի առաջ, որը քառօրյա պատերազմի ժամանակ, ըստ վկայությունների, կիրառվել է։ Փաստորեն, համազգեստի որակը գցելը Մովսես Հակոբյանի առաջին քայլերից է եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: