Գյուղացիները հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին. Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթներ են ստանում գյուղացու հաշվին

ՀՀ Ազգային ժողովում քիչ առաջ մեկնարկել է Ազգային ժողովի արտահերթ նիստը։

Օգտվելով առիթից՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հինգշաբթի օրը Վարդենիսի բնակիչները՝ կարտոֆիլագործները, փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին։ Պատճառն այն է, որ նրանք պնդում են, որ Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլն իրենցից գնում են ցածր, մոտավորապես՝ 40-45 դրամով։ «Ես այսօր առավոտյան ճշտել եմ։ Իրոք, կարտոֆիլը Պաշտպանության նախարարությանը հանձնվում է 80-104 դրամով 1 կիլոգրամի համար, և կարծում եմ, որ այստեղ շատ լուրջ խնդիր կա, և կարծում եմ, որ Ազգային ժողովի նախագահությունը նույնպես, ընդհանրապես պատգամավորները պետք է խորհրդակցությունների շարք սկսեն Պաշտպանության նախարարության հետ, որովհետև գյուղացիները, իրոք, բառիս իսկական իմաստով, հերթական անգամ կանգնած են սնանկացման եզրին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Քվեարկության դրվեց ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու հարցը։ «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ ցանկում տեղ է գտել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» հարցը։ Նա ասաց, որ ուզում է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ 24-ժամյա ռեժիմով քննարկելու են այդ նախագիծը, քանի որ կարծես թե 10 օր հետո ընտրություններ չեն։ Նրա խոսքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում լրջագույն խնդիրներ են տեսել Ընտրական օրենսգրքում։ Նրա խոսքով՝ լավ կլինի հարցը հանվի այս ռեժիմից և լրջագույն քննարկումներ կազմակերպվեն դրա շուրջ։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ դա որոշվել է հենց սկզբից, երբ նախագիծը շրջանառության մեջ է դրվել. «Եվ անընդհատ հուշում էին, որ դա պիտի շուտափույթ կերպով արվի։ Այդ իսկ պատճառով կառավարությունը դրել է իր օրակարգում: Փորձենք կառավարության հետ խոսել։ Սա մեր օրակարգը չէ, որ ես հանեմ»։

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն էլ հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքին վերաբերող այս նախագիծը երկարատև քննարկումների արդյունքում ծնված նախագիծ է, որին մասնակցել է նաև այդ խմբակցությունը։ «Այսօր առավոտյան մենք նիստ ենք արել, և միաձայն ընդունվել է այս նախագիծը։ Այնպես որ, հրատապ ռեժիմով որևէ նախագիծ չի քննարկվում»։ «Օրինաց Երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց, որ իրականում քննարկումներ եղել են, եղել է ստորագրություն համապատասխան համաձայնագրին, բայց 24 ժամվա ընթացքում բերել և Ընտրական օրենսգիրքը ներկայացնել առաջինից երկրորդ ընթերցման, բացարձակ աննպատակահարմար է։ Ըստ նրա՝ հաշվի առնելով ՏԻՄ ընտրությունները, Վանաձորում, Գյումրիում ընտրական փորձը, իրենք ճիշտ չեն գտնում այդ ռեժիմով քննարկումը. ըստ նրա՝ Ընտրական օրենսգիրքը հիմնարար փաստաթուղթ է, և ճիշտ չէ 24 ժամում ներդնելը։ Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց, որ նախագիծը ոչ թե՝ 24 ժամվա ընթացքում է ներդրվել, այլ մոտավորապես 3-4 ամիս անընդհատ քննարկվել է։

Քվեարկությունից հետո Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ որոշումն ընդունվել է. կողմ է քվեարկել 77 պատգամավոր, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 20։ Քվեարկության դրվեց նաև մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշման նախագիծն ընդունելու մասին հարցը, համաձայն որի՝ մի շարք նախագծերի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումները կանցկացվեն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ որոշումն ընդունվել է. 77 պատգամավոր կողմ է քվեարկել, 8-ը՝ դեմ, 26-ը՝ ձեռնպահ։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստը հրավիրվել է Կառավարության նախաձեռնությամբ։

 

Տեսանյութեր

Լրահոս